Տեր Աստծո Որոշ Անունների ՆշանակությունըՕրինակ
Դու յուրահատուկ ստեղծագործություն ես
Սիրելի՛ բարեկամ, Աստված մի արտասովոր ստեղծագործող է, Ով մեծ սիրով և խանդավառությամբ է արարել աշխարհը, որում ապրում ենք։ Ամենաբարձր ժայռերը, ամենախոր օվկիանոսները, գալակտիկաներն ու աստղերը Նրա արարչագործությունն են։ Աստված գլուխգործոցներ է ստեղծել, և ամենը, ինչ Նա արել է, բարի է։
Գիտե՞ս արդյոք, որ Աստծո անուններից մեկը ՅԱՀՎԷ Օսենու է, ինչը թարգմանաբար նշանակում է Աստված մեր Արարիչն է։ Ահա թե ինչ ենք կարդում Սաղմոս 95.6 խոսքում. «Եկեք երկրպագենք և երեսնիվայր խոնարհվենք, ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև» (Սաղմոս 95․6)։
Նա քո Արարիչն է, և դու Նրա ձեռքի գործերից մեկն ես՝ մի յուրահատուկ ստեղծագործություն, որն առանձնահատուկ է, անկրկնելի և նման չէ մեկ ուրիշի։ Եսայիա 43.7 խոսքում ենք կարդում. «…բե՛ր Իմ որդիներին հեռվից և Իմ դուստրերին՝ երկրի ծայրերից, բոլոր նրանց, որոնք կոչվում են Իմ անունով, և որոնց ես ստեղծել եմ Իմ փառքի համար, ձևավորել և արարել եմ նրանց»։
Աստված առանձնահատուկ զգուշությամբ ընտրել է քո բոլոր առանձնահատկություններն ու հատկանիշները՝ աչքերիդ գույնից մինչեւ քո անհատականությանը հատուկ որակները։ Նա է քեզ կազմավորել ու ձևավորել։ Աշխարհում ապրող մոտ ութ միլիարդ մարդկանց մեջ դու անկրկնելի ես և առանձնահատուկ.
- Դու յուրահատուկ ես և արարվել ես հատուկ նպատակով։
- Աստված ցանկացել է, որ դու լույս աշխարհ գաս։ Նա նախ պատկերացրել է քեզ, այնուհետև՝ արարել քեզ մեծ խանդավառությամբ։
- Դու մի թանկարժեք մարգարիտ ես Նրա ձեռքերում՝ մի անգին գանձ։
- Դու սխալմունք չես։ Դու Աստծո ընտրությունն ես։
- Դու պատահականության արդյունք չես։ Դու Նրա սիրո արդյունքն ես։
Եթե հավատացել ես գեղեցկության մարդկային փոփոխական չափանիշներին և հայելու մեջ ինքդ քեզ նայելիս վշտանում ես, քանի որ արտաքին տեսքիդ մեջ որոշ բաներ ես տեսնում, որոնք չեն համապատասխանում համընդանուր ընդունված չափանիշներին, ապա առաջարկում եմ քեզ այսօր հավատալ, որ Աստված մանրակրկիտ կերպով է արարել քեզ, ամենայն մանրամասնությամբ, խանդավառությամբ և ճշգրտորեն։
Գեղեցկության Նրա չափանիշները ժամանակավոր ու փոփոխական չեն։ Եթե Դու ունես հոգու գեղեցկություն, եթե հեզ ես, խոնարհ, կարեկից, ողորմած, սիրող ու Աստծո կամքին հնազանդ, ապա Տեր Աստծո աչքերին դու ամենագեղեցիկ ու հիասքանչ էակներից մեկն ես Իր ստեղծագործության մեջ։ Քեզ ուղղված Նրա հայացքում կա սեր ու բարություն։ Քեզ նայելով՝ Նա հիանում է Իր ստեղծագործությամբ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու Աստծո հրաշքն ես, մի յուրահատուկ ստեղծագործություն, ով իր երկնային Հոր սրտի համար սիրելի մեկն է։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Հրավիրում եմ քեզ առաջիկա յոթ օրերի ընթացքում միասին բացահայտել Աստծո որոշ անունների նշանակությունը։ Մենք կտեսնենք, թե ինչ է նշանակում՝ ԷԼ-ՇԱԴԱՅ, ՅԱՀՎԵ ՍԱԲԱՀՈՎԹ, ՅԱՀՎԵ ՌՈՀԻ,ԷՄՄԱՆՈՒԵԼ, ու մի շարք այլ անուններ։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս ընթերցանության ծրագրի միջոցով։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/