Տեր Աստծո Որոշ Անունների ՆշանակությունըՕրինակ
Նրա հրավերը քե՛զ համար է
Սիրելի՛բարեկամ, հուսով եմ՝ քեզ համար օրհնություն էր ուղերձների այս շարքը, որն այսօր ավարտում ենք։ Տեր Աստծո անուններին նվիրված այս շարքի վերջին ուղերձի մեջ խոսելու ենք բոլորիս շատ հայտնի ու հարազատ դարձած Հիսուս անվան մասին։
Երբևէ քեզ հրավիրե՞լ են մի տեղ կամ կարևոր հանդիպման, որին մասնակցելու համար դու նախ պետք է ցույց տայիր քո ստացած հրավիրատոմսը։ Նման դեպքերում անհնարին է մուտք գործել տվյալ տարածք առանց համապատասխան թույլտվության և հրավերքը հաստատող գրության։
Այսօր ուզում եմ խոսել քեզ համար նախատեսված մի հատուկ հրավերի մասին։ Այն գտնվում է Հայտնություն 3.20 խոսքում. «Ահա Ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն Իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ Ինձ հետ»։
Այս հրավերքի ներքևում հրավիրողի ստորագրությունն է, և այն անձամբ ստորագրել է ՏերՀիսուսը։ Սա Աստծո ամենագեղեցիկ անուններից մեկն է, որի նշանակության մասին եմ ուզում կիսվել քեզ հետ։ Հիսուս նշանակում է Փրկիչ։ Սա մի անուն է, որը վեր է բոլոր անուններից․․․ Միակ անունն է, որով մարդիկ կարող են փրկվել։ Այս անունը Թագավորների Թագավորի անունն է, և հենց այդ Թագավորն է հրավիրում քեզ, որ բացես դուռդ Իր առջև. «․․․ահա Ես կանգնել եմ քո դռան առջև և բախում եմ․․․»։
Տեր Հիսուսը միակն է, Ով կարողություն ունի փրկելու։ Նա փրկում է քեզ մեղքի զորությունից, մեղքի կապանքներից և, իհարկե, զորություն ունի նաև փրկելու քեզ քո բոլոր դժվարություններից ու տառապանքներից։ Նա Իրեն սիրողների համար ամեն դժվարությունները դեպի բարին է գործածում։ Տեր Հիսուսն է քո ամենամտերիմ բարեկամը։ Իսկ ի՞նչ է Նա փափագում քեզ համար.
- Սրտից սիրտ հարաբերություն քեզ հետ։
- Ամենօրյա հաղորդակցություն։
- Նա փափագում է, որ դու հնազանդվես Իր կամքին։
- Որ հայտնի քեզ այն, ինչ պատրաստված է քեզ համար։
- Կյանքիդ լավ և վատ ժամանակներում լինի քո կողքին։
- Քեզ հետ լինի թե՛ հիվանդ, թե՛ առողջ ժամանակներում։
Տեր Հիսուսն քեզ շատ մոտ է։ Դու կարող ես բացել քո դուռը Նրա առջև և խոսել Նրա հետ։ Կարող ես վստահել Նրան ու կիսվել Նրա հետ քո անհանգստություններով, ուրախություններով, հույսերով և երազանքներով։
Եթե արդեն իսկ քո կյանքը Տեր Հիսուսին է պատկանում, ապա միայն կարող եմ ասել, որ դա ամենահրաշալի բանն է այս երկրային կյանքի մեջ, որ մարդը կարող է անել։ Քաջալերում եմ, որ շարունակես գնալ Քրիստոսի աշակերտի նեղ ու դժվարին, բայց օրհնյալ ու խաղաղությամբ լի այդ ճանապարհով։
Իսկ եթե դեռ չես ընդունել Նրան որպես քո կյանքի իրական Տեր, ապա շատ կուզեի, որ անես դա այսօր՝ սրտանց ու հավատքով աղոթելով ինձ հետ միասին այս աղոթքը․ «Տե՛ր Հիսուս, ես բացում եմ իմ սիրտը և իմ կյանքի դուռը Քո առջև։ Ես ներս եմ հրավիրում Քեզ, որպեսզի որպես իմ Տեր և Թագավոր մուտք գործես իմ կյանք և Քո կամքը թագավորի իմ սրտում։ Շնորհակալ եմ խաչի վրա իմ մեղքերի համար Քո վճարած թանկ գնի համար։ Այսօր ես դավանում եմ ի լուր ֆիզիկական և հոգևոր աշխարհի, որ Դու իմ Տերն ես և իմ Փրկիչը։ Ցանկանում եմ այսուհետ Քեզ համար ապրել, ավելի ու ավելի ճանաչել Քեզ, Քո կամքը և հնազանդվել այդ կամքին։ Օգնիր ինձ, խնդրում եմ, որ ոչ միայն խոսքով հավատամ Քեզ, այլ իմ հնազանդությամբ, իմ գործերով և իմ ապրելակերպով։ Շնորհակալ եմ, իմ սքանչելի Տեր Հիսուս։ Աղոթում եմ Քո սուրբ և պատվական անունով։ Ամե՛ն»։
Եղի՛ր օրհնված և Սուրբ Հոգով հարատև լեցունության մեջ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.am կայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Հրավիրում եմ քեզ առաջիկա յոթ օրերի ընթացքում միասին բացահայտել Աստծո որոշ անունների նշանակությունը։ Մենք կտեսնենք, թե ինչ է նշանակում՝ ԷԼ-ՇԱԴԱՅ, ՅԱՀՎԵ ՍԱԲԱՀՈՎԹ, ՅԱՀՎԵ ՌՈՀԻ,ԷՄՄԱՆՈՒԵԼ, ու մի շարք այլ անուններ։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս ընթերցանության ծրագրի միջոցով։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/