Տեր Աստծո Որոշ Անունների ՆշանակությունըՕրինակ
Աստված կանգնած է քո թիկունքում…
Սիրելի՛ բարեկամ, համոզված եմ, որ քեզ հայտնի է Դավթի և Գողիաթի առճակատման պատմությունը։ Այն Աստվածաշնչի ամենահայտնի պատմություններից մեկն է։ Այս պատմության մեջ ցայտուն կերպով արտահայտվում է հսկա «Գողիաթի» և փոքրամարմին «Դավթի» միջև առկա հակադրությունը (այս պատմությունը կարող ես ընթեցել Ա Թագավորաց 17-րդ գլխում)։
Թվում է, թե Գողիաթն ամեն ինչ ուներ, որպեսզի հաղթեր այս առճակատումը՝ հսկա հասակ, ուժ, փորձառություն և բոլոր անհրաժեշտ զենքերը։ Իսկ Դավիթը երիտասարդ մի պատանի էր, ով ուներ ընդամենը մեկ պարսատիկ և հինգ քար։ Եթե մենք այնտեղ լինեինք ու մեր մարդկային տրամաբանությամբ գնահատեինք կողմերի հնարավորությունները, ապա անկասկած կասեինք, որ Դավիթը դատապարտված էր պարտության։ Թեև, ամենայն հավանականությամբ, բոլորն էին կարծում, թե Դավթի պարտությունն անխուսափելի փաստ է, սակայն Ա Թագավորաց 17․50 խոսքում կարդում ենք, որ․․․
«Դավիթը քարով ու պարսատիկով այսպես հաղթեց փղշտացուն, զարկեց փղշտացուն և սպանեց նրան, բայց Դավթի ձեռքին սուր չկար» (Ա Թագավորաց 17․50)։
Ուզում եմ միասին խորհենք ու հասկանանք, թե ո՞րն էր Դավթի այս անհավանական հաղթանակի գաղտնիքը։ Դա անսասան հավատն էր առ Աստված, Ով կրում է նաև ՅԱՀՎԵ ՍԱԲԱՀՈՎԹ անունը, որը նշանակում է Զորքերի Աստված կամ Զորությունների Տեր։ Դավիթը ճանաչում էր իր Տեր Աստծուն և ամբողջ սրտով հավատում էր Նրան։
Ահա, թե ինչ ենք կարդում Աստվածաշնչում Դավթի խոսքերի մասին, որոնք ուղղված էին Գողիաթին նախքան վերջինիս հետ առճակատման մեջ մտնելը. «Եվ Դավիթն ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով և տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի Զորությունների Տիրոջ՝ Աստծու անունով, Որին դու նախատեցիր» (Ա Թագավորաց 17․45)։
Փորձենք տեսնել, թե ինչ ուներ Դավիթն այս մեծ հաղթանակն ապահովելու համար՝ մեկ պարսատիկ, մի քանի քարեր, անսասան հավատք և, ամենակարևորը, Զորքերի Աստծո ներկայությունն իր թիկունքում։
Իսկ դու ի՞նչ պայքար ունես քո կյանքում։ Ինչպիսի՞ գողիաթների ես բախվել…
- դեպրեսիա՞,
- աշխատանքդ կորցնելու վախե՞ր,
- ձախողո՞ւմ,
- հիվանդությո՞ւն,
- գայթակղությունների դեմ մղվող պայքա՞ր,
- ընտանեկան խճճված իրավիճա՞կ․․․
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսի անվանում էլ կրի քո առճակատումը, այն Զորքերի Տիրոջ ուժերից վեր չի կարող լինել։ Առաջարկում եմ վստահել Տիրոջը քո ամբողջ սրտով, հոգով և ողջ զորությամբ։
Եթե միայն հավատաս Տեր Աստծուն և հնազանդվես Նրա Խոսքին ու կյանքդ ձգտես ապրել Նրա փոխանցած սկզբունքներին համահունչ, ապա կարող ես վստահ լինել, որ Աստված կանգնած է քո թիկունքում և քո պայքարների մեջ Նա քո կողքին է լինելու։ Հենց Զորությունների Տիրոջ ներկայությունն է մեր բոլոր հաղթանակների գրավականը։ Դու կարո՛ղ ես հաղթանակած դուրս գալ քո կյանք այցելած գողիաթների դեմ պայքարում։ Տեր Աստված քո կողմից է և քո պատերազմը Նրա պատերազմն է։ Հաղթանակը շատ մոտ է․․․
Հրավիրում եմ քեզ միանալու իմ այս աղոթքին. «Տե՛ր Աստված, Դու Զորքերի Տեր Աստվածն ես։ Ես փառաբանում և օրհնում եմ Քո Անունը։ Շնորհակալ եմ, որ իմ կողքին ես իմ պայքարների մեջ։ Միայն Քո ներկայությունը ինձ համար բավարար է հաղթելու համար։ Դու մեծ ես և բարի ես ամեն ժամանակ։ Շնորհակալ եմ, որ արարել ես ինձ, և շնորհակալ եմ, որ ճանաչում եմ Քեզ։ Խնդրում եմ՝ սովորեցրու ինձ ամեն օր ավելի ու ավելի պատվել քեզ իմ ապրած կյանքով։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Հրավիրում եմ քեզ առաջիկա յոթ օրերի ընթացքում միասին բացահայտել Աստծո որոշ անունների նշանակությունը։ Մենք կտեսնենք, թե ինչ է նշանակում՝ ԷԼ-ՇԱԴԱՅ, ՅԱՀՎԵ ՍԱԲԱՀՈՎԹ, ՅԱՀՎԵ ՌՈՀԻ,ԷՄՄԱՆՈՒԵԼ, ու մի շարք այլ անուններ։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս ընթերցանության ծրագրի միջոցով։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/