Տեր Աստծո Որոշ Անունների ՆշանակությունըՕրինակ

Տեր Աստծո Որոշ Անունների Նշանակությունը

ՕՐ 3 7-ից

Դու ոչ մի բանի կարիք չես ունենա

Սիրելի՛ բարեկամ, մեկ անգամ չէ, որ ես ինձ զգացել եմ ընկճված, հոգնած, հոգսերից ուժասպառ, ինչպես նաև դժվարություններից, փորձություններից, հիվանդությունից, ծառայության մարտահրավերներից հյուծված։ Իմ նախորդ ուղերձների մեջ արդեն իսկ խոսել եմ այն մասին, որ ամբողջական ժամանակով ծառայության անցնելուց հետո մենք բավականին բարդ ժամանակահատվածով ենք անցել և շատ բան ենք սովորել այն մասին, թե ինչ է նշանակում ապրել հավատքով։

Իմ պարագայում իրավիճակն ավելի էր բարդանում նրանով, որ ամենածանր ֆինանսական իրավիճակում ինձ համար միշտ կար բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու հնարավորություն։ Սակայն հիմա՝ տարիներ անց, կարող եմ վստահաբար ասել, որ հավատքի և զոհաբերության մեր ընթացքը մեր կյանքի լավագույն փորձառություններից մեկն էր, քանի որ գրեթե ամեն ճգնաժամի մեջ ականատես էինք լինում, թե ինչպես է Աստված բավարարում մեր ընտանիքի կարիքները։ Աստված նաև գերբնական կերպով օրհնում էր մեր եկեղեցին ու մեր բոլոր ծառայությունները։ Այդ ժամանակից ի վեր մենք ճանաչեցինք Աստծուն՝ մեր երկնային Հովվին, այնպես, ինչպիսին չգիտեինք Նրան մինչ այդ։ Նա կրում է նաև ՅԱՀՎԵ ՌՈՀԻ անունը,որ թարգմանաբար նշանակում է Տերն իմ Հովիվն է։

Ես սիրում եմ սաղմոսերգու Դավթի նման դավանել ու հռչակել. «Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու» (‭‭Սաղմոս‬ ‭23․1‬‬‬)։

Քեզ ընկճվա՞ծ ես զգում, հոգնած և հոգսերից ուժասպառ։ Տեր Հիսուսը՝ քո Բարի Հովիվը, ցանկանում է առաջնորդել քեզ հանդարտ ջրերի մոտ։ (Տե՛ս Սաղմոս 23-ը)։

  • Նա քեզ չի՛ լքի և չի՛ հանձնվի։
  • Նա քեզ չի՛ մոռանա։
  • Նա շարունակում է հոգ տանել թե՛ քեզ համար և թե՛ քո ընտանիքի համար։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես հավատում եմ, որ դու նույնպես քո դժվարությունների մեջ քո հույսը դնում ես մեր բարի Հովվի վրա։ Անշուշտ, շատերը կարող են դավանել ու հռչակել, որ Տերը իրենց Հովիվն է։ Սակայն որպեսզի այս դավանության մեջ զորություն լինի, որպեսզի այս հռչակումը չլինի ստության վրա հիմնված, այլ ճշմարտության, մենք նախ պետք է որոշում կայացնենք ու դառնանք Նրա արոտի գառները։ Երբ դու քո կյանքի մեջ ընդունում ես Տեր Աստծո գերիշխանությունը, երբ հավատում ես Նրա Որդու զոհին՝ Գողգոթայի խաչի վրա իմ ու քո մեղքերի համար Նրա կրած չարչարանքներին ու հանուն մեր սիրո վճարված փրկագնին, ապա քո ապրած կյանքն ինքնին, խոսելու է քո պատկանելության մասին։ Այս պարագայում ես նույնպես կարող եմ վստահաբար հայտարարել ու քաջալերել քեզ, որ Տերը նաև քո Հովիվն է և դու կարիք չես ունենա։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Տեր Աստծո Որոշ Անունների Նշանակությունը

Հրավիրում եմ քեզ առաջիկա յոթ օրերի ընթացքում միասին բացահայտել Աստծո որոշ անունների նշանակությունը։ Մենք կտեսնենք, թե ինչ է նշանակում՝ ԷԼ-ՇԱԴԱՅ, ՅԱՀՎԵ ՍԱԲԱՀՈՎԹ, ՅԱՀՎԵ ՌՈՀԻ,ԷՄՄԱՆՈՒԵԼ, ու մի շարք այլ անուններ։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս ընթերցանության ծրագրի միջոցով։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/