Տեր Աստծո Որոշ Անունների ՆշանակությունըՕրինակ
Որտե՞ղ ես, Տեր
Սիրելի՛ բարեկամ, երբևէ տվե՞լ ես այս հարցը, «Որտե՞ղ ես, Տեր»։ Գուցե հենց հիմա՞ է այս հարցը քեզ տանջում։ Մեր կյանքում լինում են օրեր, երբ թեև երկինքը ջինջ կապույտ է և եղանակը բավականին հաճելի, սակայն մեր գլխավերևում ասես մութ ու գորշ ամպեր կուտակված լինեն։ Քրիստոնեական հավատքի կյանքը միայն ուրախ ու երջանիկ պահերի և իրար հաջորդող հաղթանակների ընթացք չէ։ Այո, քրիստոնեական հավատքի կյանքը հաղթական ընթացք է։ Սակայն հաղթանակները երբե՛ք չեն լինում առանց պատերազմների, որոնց անբաժան ու ցավալի մասն են տառապանքը, դժվարությունները և անգամ կորուստները։
Նման ծանր պահերին մարդիկ հաճախ են կորցնում Տեր Աստծուն իրենց տեսադաշտից և դադարում զգալ Նրա ներկայությունը իրենց կողքին։ Այլևս չես նկատում Նրա շարժվող բազկի զորությունը։ Այլևս չես լսում քեզ վստահությամբ լցնող Նրա ձայնը։ Սակայն մենք երբե՛ք չպետք է մոռանանք, որ Աստված չի՛ փոխվում։ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Նա շարունակում է մնալ Էմմանուելը, որ թարգմանաբար նշանակում է Աստված, Ով մեզ հետ է։ Մեր Տեր Աստծո այս անունը հատկապես հարազատ է ինձ, քանի որ այն ներկա է մեր եկեղեցու անվանման մեջ՝ Էջմիածնի Էմմանուել ավետարանական եկեղեցի։ Նա մեզ հետ է եղել միշտ և մեզ հետ է նաև այսօր։
Ընթերցե՛նք Մատթեոս 1․23 խոսքը․ «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
էմմանուելը նաև քեզ հետ է, և դու երբե՛ք մենակ չես քո հավատքի նեղ ճանապարհի մեջ։ Տեր Հիսուսը մի՛շտ ներկա է։ Նա երբե՛ք քեզնից հեռու չէ։ Նա այն Միակն է, Ով լիովին հասկանում է քեզ։ Դժվար ժամանակներում Նա ապացուցում է, որ Ինքն է քո իրական ու վստահելի բարեկամը…
- Ով չի լքում նավակը, երբ բարձրանում են փոթորիկները, որովհետև Նա հավատարիմ է։ (Տե՛ս Բ Թեսաղոնիկեցիս 3․3 խոսքը)։
- Ով չի դատապարտում քեզ, այլ սիրում է։ (Տե՛ս Հռոմեացիս 8․1 խոսքը)։
- Ով քո կողքին է, որովհետև Նա է քո Օգնականը։ (Տե՛ս Սաղմոս 54․4 խոսքը)։
Տեր Հիսուսը հավատարիմ է, համբերատար և սիրող։ Հավատա՛ և ընդունի՛ր Էմմանուելին քո կյանքի մեջ, և այսօր, առավել քան երբևէ, քո կյանքի ցանկացած իրավիճակի մեջ Նա քո կողքին է լինելու։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, հիշի՛ր, որ դու մենակ չես քո կյանք այցելած փորձության մեջ և կյանքիդ դժվարին ժամանակներում։ Դու մենակ չես և երբե՛ք մենակ չես լինի, եթե քո կյանքի Տերը դարձնես Էմմանուելին։
Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ Քո հավատարմության համար, ինձ հետ Քո բարեկամության համար և իմ կյանքում Քո մշտական ներկայության համար։ Դու ես Էմմանուելը՝ իմ Աստվածն, Ով ինձ հետ է։ Ես վստահաբար համոզված եմ, որ Դու երբե՛ք չես թողնի ինձ, իմ հավատարիմ և իրական բարեկամ, իմ Տեր և իմ Աստված։ Գիտեմ, որ ես մենակ չեմ այն ամենի մեջ, ինչով հիմա անցնում եմ… Դու ինձ հետ ես, և Քո ներկայությունը մխիթարում ու զորացնում է ինձ։ Խնդրում եմ՝ տուր ինձ իմաստություն, որպեսզի երբե՛ք ու երբե՛ք չտրվեմ այս աշխարհի գայթակղություններին ու ինքս չթողնեմ քեզ։ Հավատարիմ Տե՛ր, պահիր ինձ Քո կամքի մեջ։ Շնորհակալ եմ, Տեր Հիսուս… Քեզ հետ ես ուժեղ եմ։ Ես ամեն դժվարություն կարող եմ հաղթահարել, երբ ինձ զորացնողը Դու ես։ Աղոթում են Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Հրավիրում եմ քեզ առաջիկա յոթ օրերի ընթացքում միասին բացահայտել Աստծո որոշ անունների նշանակությունը։ Մենք կտեսնենք, թե ինչ է նշանակում՝ ԷԼ-ՇԱԴԱՅ, ՅԱՀՎԵ ՍԱԲԱՀՈՎԹ, ՅԱՀՎԵ ՌՈՀԻ,ԷՄՄԱՆՈՒԵԼ, ու մի շարք այլ անուններ։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս ընթերցանության ծրագրի միջոցով։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/