Բացահայտի՛ր Իրական Ուրախության ԿյանքըՕրինակ
Օգնության կարիք ունե՞ս
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, ինչպիսի փորձության էլ բախված լինես այսօր․․․, ինչպիսի դժվարին ժամանակներով էլ անցնելիս լինես․․․, եթե անգամ իրավիճակդ քեզ անհույս ու անելանելի է թվում, միևնույնն է՝ ուզում եմ այսօր քաջալերել քեզ Աստծո Խոսքի վրա հիմնված մի անխախտ ճշմարտության շնորհիվ։ Դու երբե՛ք միայնակ չես։ Տեր Հիսուսը միշտ քեզ հետ է։ Նա բարձրացնելու է քեզ քո ընկած վիճակից։ Նա Իր սուրբ ու բժշկարար ձեռքերի մեջ է վերցնելու քո գլուխը և բարձրացնելու է այն՝ քո հայացքն ուղղելով Իր աչքերին։ Նա քեզ հետ է միշտ և քեզ հետ է լինելու մինչև աշխարհի վերջը։
«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19)։
Սիրելի բարեկա՛մ, առաջարկում եմ, որ մի պահ փորձես հայացք գցել քո անցյալին․․․ Ամեն անգամ, երբ կյանքիդ ընթացքը մտնում էր փակուղի, երբ անցնում էիր ցավոտ ու դժվարին իրավիճակներով, ո՞րն էր լինում այդ անելանելի ու անհաղթահարելի թվացող իրավիճակներից քո ելքը։ Ինչպե՞ս էիր դուրս գալիս դրանցից։ Ո՞վ էր քեզ օգնում դրանք հաղթահարելու հարցում։ Հավատում եմ, որ շատերիս կյանքում հստակ է եղել մեր օգնության աղբյուրը՝ չթերագնահատելով մեր սիրելիների ու սրտակից մարդկանց ցուցաբերած աջակցությունը, պետք է խոստովանենք, որ միայն Աստված կարող էր իրապես մեզ ազատել այդ իրավիճակների կործանարար ազդեցությունից։
Աստվածաշնչում կարդում ենք հետևյալը․ «Որովհետև եթե վայր ընկնեն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի. բայց վա՜յ մեկին, որ ընկնում է, և չկա մի երկրորդը, որ կանգնեցնի նրան» (Ժողովող 4․10):
Ճշմարտությունը նրանում է, որ քո սիրտը իրական խաղաղություն և հանգիստ կարող է գտնել միայն այն ժամանակ, երբ քո օգնությունն ու ամրությունը բխում է Արարիչ Աստծուց «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41․10)։
Վստահի՛ր կյանքդ Մեկին, Ով տիրում է ցանկացած իրավիճակի վրա և Ում համար չկա անհնարին ոչինչ։ Նա սիրում է քեզ և փափագում է, որ դու այսօր, քո դժվարությունների ու նեղությունների մեջ հայացքդ ուղղես դեպի Իրեն․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Մեզնից ոմանք կարծում են, թե իրենք բավարար չափով տաղանդավոր չեն, բավարար չափով նախաձեռնող չեն, բավարար չափով համբերատար չեն և այլն։ Գուցե դու տարիներ շարունակ հենց նմանատիպ խոսքեր ես քեզ ասում։ Սակայն Աստծո խոսքը քեզ համար այլ բան է ասում՝ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նոր են։ Առաջարկում եմ ընթերցել այս հրաշալի թեմայով ընթերցանության ծրագիրը և հայտնաբերել Աստծո ուրախությունը պարգևող ծրագիրը քո կյանքի համար։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/