Բացահայտի՛ր Իրական Ուրախության ԿյանքըՕրինակ
Ուսերիդ ծանրացած հոգսեր ունե՞ս․․․
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, որտեղ էլ լինես հիմա ինչպիսի իրավիճակում կամ հոգեվիճակում էլ լինես, դու կարող ես հենց այս պահին մոտենալ Աստծուն։ Երբ աղոթքի մեջ քո հոգսը հանձնում ես Աստծուն, պետք է հավատաս նաև, որ Նա վերցնում է այդ հոգսը։ Սա նշանակում է, որ Նա է հոգս անելու տվյալ խնդրի համար։ Եվ եթե դու ճանաչում ես Նրան և գիտես Նրա հոգատարության մասին, ապա դու, Նրան վստահելով, այլևս հոգս չպետք է անես այդ խնդրի համար։ Աստված լուծում ունի ցանկացած խնդրի համար։ Նա հենց Ինքն է բոլոր խնդիրների լուծումը։
Սիրելի բարեկա՛մ, այսօր շարունակելու ենք Սաղմոս 94.18-19 հատվածի մեր ուսումնասիրությունը։
«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, Քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19)։
«Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են․․․»։ Արդյոք քեզ նույնպե՞ս երբեմն ճնշում են բացասական մտքերը։ Եվ լինում է, որ քո կյանք այցելած խնդրին փորձում ես տարբեր լուծումներ գտնել, սակայն ապարդյուն․․․
Ահա մի զարմանահրաշ խոստում Աստվածաշնչից, որն Աստված ուղղում է Իր զավակներին․ «Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա՛ գցեք, որովհետև Նա ձեզ հոգ է տանում» (Ա Պետրոս 5․7)։
Միայն Աստված կարող է քո անհանգստություններով ու վախերով լցված սիրտը վերցնել Իր արարող ձեռքերի մեջ և այն փոխակերպել ու լցնել ուրախությամբ և խաղաղությամբ։ Այսպիսին է բոլոր Աստծուն վստահողների ներաշխարհը։ Ահա հենց այսպիսի փոխանակություն է Աստված այսօր առաջարկում քեզ՝ Նա ասում է․ «Տո՛ւր Ինձ անհանգստություններով լի քո սիրտը և Ես այն կդարձնեմ խաղաղությամբ ու վստահությամբ լեցուն մի սիրտ։ Քո բոլոր հոգսերը Իմ վրա գցի՛ր, որովհետև Ես հոգ եմ տանում քեզ համար»։
Ո՜ղջ փառքը մեր Աստծուն․․․ Նա հոգ է տանում Իր զավակների համար։ Հենց այս պատճառով էլ այսօր առաջարկում եմ քեզ մոտենալ Աստծուն որտեղ էլ որ լինես։ Աղոթքի մեջ անկեղծորեն վստահիր Տիրոջը քո բոլոր հոգսերը և փոխարենը ուրախություն և իմաստություն խնդրիր Նրանից, որպեսզի ամեն իրավիճակում քո պահվածքը լինի Աստծո զավակին հարիր պահվածք և Քո որոշումները լինեն Նրա կամքի մեջ։
Ե՛կ աղոթենք միասին․ «Տե՛ր, ես չեմ ուզում, որ իմ հոգսերը ճնշեն ինձ։ Ես դրանք Քեզ եմ հանձնում և վստահում եմ, որ Դու լավագույնս հոգ կտանես ինձ համար։ Շնորհակալ եմ այն խաղաղության ու վստահության համար, որն ունեմ Քեզ նման հոգատար Հայր ունենալու շնորհիվ։ Շնորհակալ եմ, որ Քո քաղցր ներկայությունը բարձրացնում է ինձ իմ ընկած վիճակից և զորացնում ինձ իմ բոլոր խնդիրների մեջ։ Քեզ լինի ողջ փառքը, պատիվն ու մեծարանքը։ Աղոթում եմ իմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Մեզնից ոմանք կարծում են, թե իրենք բավարար չափով տաղանդավոր չեն, բավարար չափով նախաձեռնող չեն, բավարար չափով համբերատար չեն և այլն։ Գուցե դու տարիներ շարունակ հենց նմանատիպ խոսքեր ես քեզ ասում։ Սակայն Աստծո խոսքը քեզ համար այլ բան է ասում՝ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նոր են։ Առաջարկում եմ ընթերցել այս հրաշալի թեմայով ընթերցանության ծրագիրը և հայտնաբերել Աստծո ուրախությունը պարգևող ծրագիրը քո կյանքի համար։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/