Բացահայտի՛ր Իրական Ուրախության ԿյանքըՕրինակ
Ո՞վ ունի քաջալերանքի կարիք 🤗
«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, Քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19)։
Սիրելի բարեկա՛մ, երբ դեռ ուսանող էի, սիրում էինք ընկերներով արշավների գնալ։ Այդպիսի արշավներից մեկի ժամանակ չորս ընկերով բավականին բարդ լեռնային տեղանքով էինք անցնում։ Լեռնային կածանը գնալով նեղանում էր և մի պահ մենք անցնում էինք մի այնպիսի տեղանքով, որը չափազանց վտանգավոր էր։ Միայն մեկ հոգու ճանապարհ էր, և այն հնարավոր էր անցնել միայն կիսակքված վիճակում։ Երբ արդեն այդ դժվարին ճանապարհի մեջտեղում էինք և մի քանի քայլ էր մնացել դժվարին ու վտանգավոր այդ հատվածը անցնելու համար, մեր ընկերներից մեկի մոտ վախի ու խուճապի մի տագնապ սկսվեց։ Նա ուղղակի կանգնել էր և ո՛չ առաջ էր գնում և ո՛չ էլ հետ։
Մենք չգիտեինք՝ ինչ անել։ Ոչ մի տրամաբանական բացատրություն չէր փոխում իրավիճակը։ Մի փոքր շունչ առնելուց հետո մենք փոխեցինք մեր մոտեցումը։ Եվ, ի զարմանս մեզ, քաջալերանքի խոսքերը վերականգնեցին մեր ընկերոջ վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Բոլորս ոգևորված ասում էինք նրան․ «Դու կարո՛ղ ես անել դա»: Այդ մի քանի խոսքերը ոգևորեցին նրան, ուժ տվեցին և մենք հաղթահարեցին այդ դժվարին ու վտանգավոր հատվածը։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, յուրաքանչյուր մարդ ունի քաջալերանքի կարիք։ Հիշո՞ւմ ես կույր մուրացկան Բարտիմեոսի աստվածաշնչյան պատմությունը։ Երբ բոլորը սաստում էին նրան և խրատում էին, որ լուռ մնա, Տեր Հիսուսը կանգ առավ ու քաջալերական խոսքեր ուղղեց նրան: (Տե՛ս Մարկոս 10. 46-52 հատվածը):
Այսօր գուցե շատերն են ուզում լռեցնել դեպի Տերն ուղղված քո աղաղակը, սակայն Նա Իր քաջալերական խոսքերով պատասխանելու է քեզ։
Քո կյանքի իրավիճակը կարող է քո մեջ վախի ու խուճապի տագնապներ ծնել․․․ Գուցե դու էլ անկարողությունից չգիտես՝ առա՞ջ գնալ, թե՞ հետ։ Քո կյանքի ամեն վտանգավոր ու դժվարին ժամանակներում փորձիր լսել Տեր Հիսուսի մխիթարող, խրախուսող ու քաջալերող խոսքերը․ «Դու կարո՛ղ ես անել դա, քաջալերվի՛ր, ոտքի կանգնի՛ր, թոթափիր տխրությունդ և վերցրու Իմ ուրախությունը»:
Տիրոջ ուրախությունը քո զորությունն է: Անհնարին ոչինչ չի կարող լինել, երբ հենց Ինքն Աստված է քաջալերում քեզ: Ես աղոթում եմ, որպեսզի դու քաջալերվես, ոտքի կանգնես, զորանաս և առաջ շարժվես։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.am կայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Մեզնից ոմանք կարծում են, թե իրենք բավարար չափով տաղանդավոր չեն, բավարար չափով նախաձեռնող չեն, բավարար չափով համբերատար չեն և այլն։ Գուցե դու տարիներ շարունակ հենց նմանատիպ խոսքեր ես քեզ ասում։ Սակայն Աստծո խոսքը քեզ համար այլ բան է ասում՝ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նոր են։ Առաջարկում եմ ընթերցել այս հրաշալի թեմայով ընթերցանության ծրագիրը և հայտնաբերել Աստծո ուրախությունը պարգևող ծրագիրը քո կյանքի համար։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/