Բացահայտի՛ր Իրական Ուրախության ԿյանքըՕրինակ

Բացահայտի՛ր Իրական Ուրախության Կյանքը

ՕՐ 3 6-ից

Նրա սիրո մեջ ուրախություն կա

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, քո երկնային Հայրը սիրում եւ գրկաբաց սպասում է քեզ։

Այսօր շարունակում ենք Սաղմոս 94․18-19 հատվածի վրա հիմնված ուղերձների շարքը, որը նպատակ ունի մեզ սովորեցնել Տիրոջից իրական ուրախություն ընդունելու կերպը։

«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19)։

Տիրոջ ողորմությունները մեր հանդեպ խոսում են Նրա սիրո մասին։ Սիրելի՛ բարեկամ, Աստված միշտ սիրել և սիրում է քեզ։ Անգամ նախքան քո ծնվելը Աստված սիրել է քեզ և հրաշալի ծրագրեր է պատրաստել քո կյանքի համար։

Ահա, թե ինչ է մեզ փոխանցում Աստծո Խոսքը․ «Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5․8)։

Աստված սիրում է քեզ․․․ Նրա սիրո ամենավառ դրսևորումը Գողգոթայի խաչն է։ Եթե մարդը երբևէ որևէ կասկածի միտք ունենա Աստծո սիրո առումով, ապա Քրիստոսի զոհը մեր փոխարեն լավագույն պատասխանն է կասկածի այդ բոլոր մտքերին։ Աստված սիրում է քեզ․․․

Նրա սերը քեզ հետ է հարաբերությունների առումով քո բոլոր անհանգստությունների մեջ։ Աստծո սերը քեզ տանում է Նրա ամուր ձեռքերից կազմված գորովալի գրկի ապահովության մեջ։

Նրա սերը քեզ հետ է, երբ դու ֆինանսական խնդիրների մեջ ես։ Աստված սիրում է քեզ և ելքն է ցույց տալիս։

Նրա սերը քեզ հետ է առողջական խնդիրների առկայության պարագայում։ Աստված սիրում է քեզ, իսկ Նրա շնորհքը զորացնում է քեզ ամեն իրավիճակում։

Նրա սերը քեզ հետ է, երբ ընտանեկան խնդիրների ես բախվում։ Աստված և՛ քեզ է սիրում, և՛ քո սիրելիներին։

Նրա սերը քեզ ուրախություն է պարգևում։ Աստված Իր հայրական ձեռքերն է քեզ ուղղել և գրկաբաց սպասում է, որ գնաս Իր մոտ։

Ե՛կ միասին մեր գոհությունը հայտնենք Աստծուն Իր անսահման սիրո համար․ «Տե՛ր, ինչպե՞ս կարող եմ չփառաբանել քեզ։ Դու սքանչելի ես և սքանչելի է նաև իմ հանդեպ Քո սերը։ Երբ ես վախերի ու անհանգստությունների մեջ եմ, քո բարությունը իմ զորությունն է դառնում։ Երբ իմ շուրջն ամեն բան ասես փուլ է գալիս․ Քո հավատարմությունն է ինձ պահում ոտքի վրա։ Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ Քո անսահման սիրո ու մեծ ողորմածության համար։ Այո՛, Տե՛ր, Քո սերն ինձ ցնծություն և ուրախություն է պարգևում։ Աղոթում եմ Քո սուրբ անունով, Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Բացահայտի՛ր Իրական Ուրախության Կյանքը

Մեզնից ոմանք կարծում են, թե իրենք բավարար չափով տաղանդավոր չեն, բավարար չափով նախաձեռնող չեն, բավարար չափով համբերատար չեն և այլն։ Գուցե դու տարիներ շարունակ հենց նմանատիպ խոսքեր ես քեզ ասում։ Սակայն Աստծո խոսքը քեզ համար այլ բան է ասում՝ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նոր են։ Առաջարկում եմ ընթերցել այս հրաշալի թեմայով ընթերցանության ծրագիրը և հայտնաբերել Աստծո ուրախությունը պարգևող ծրագիրը քո կյանքի համար։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/