ԵՍԱՅԻ 35:1-10

ԵՍԱՅԻ 35:1-10 ՆՎԱԱ

Անապատն ու չոր երկիրը կուրախանան, կցնծա անմարդաբնակ երկիրը ու կծաղկի շուշանի պես։ Առատորեն կծաղկի, ցնծալով կուրախանա երգելով։ Նրան կտրվի Լիբանանի փառքը և Կարմեղոսի ու Սարոնի մեծափառությունը։ Նրանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստծու վայելչությունը։ Զորացրե՛ք թուլացած ձեռքերը, պնդացրե՛ք դողդոջուն ծնկները։ Ասացե՛ք թուլասիրտներին. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը գալիս է վրեժխնդրությամբ, Աստծու հատուցումով. գալիս է և կազատի ձեզ»։ Այն ժամանակ կբացվեն կույրերի աչքերը, կբացվեն խուլերի ականջները։ Այն ժամանակ կաղը կցատկոտի եղջերուի պես, և համրի լեզուն կօրհներգի, որովհետև անապատում ջրեր կժայթքեն, և ամայի տեղում՝ հեղեղատներ։ Խորշակահար երկիրը լճի կփոխվի, և ծարաված հողը՝ ջրերի աղբյուրների։ Աղվեսների բնակած որջում խոտ կբուսնի՝ եղեգ և կնյուն։ Այնտեղ պողոտա և ճանապարհ կլինի, որին սուրբ ճանապարհ կասեն. այդ տեղով անմաքուրը չպիտի անցնի, դա նրանցը կլինի. այդ ճանապարհով գնացողները, հիմարներն անգամ չեն մոլորվի։ Այնտեղ առյուծ չի լինելու, այնտեղով գիշատիչ գազան չի գալու. դրանք այնտեղ չեն գտնվելու. բայց փրկագնվածները ման կգան այնտեղ։ Տիրոջ կողմից փրկագնվածները ետ կդառնան ու բարձրաձայն երգերով կգան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն կլինի։ Ուրախության ու ցնծության պիտի հասնեն նրանք, և տրտմությունն ու հեծությունը պիտի փախչեն։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում