Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ՝ ասելով. «Իմ ծառա Մովսեսը մեռավ. հիմա վե՛ր կաց, անցի՛ր այդ Հորդանան գետով այս ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։ Այն բոլոր տեղերը, ուր կկոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին։ Անապատից և այս Լիբանանից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը կլինի։ Ոչ մի մարդ չի կարողանա դեմ կանգնել քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։ Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դո՛ւ ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց։ Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։ Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։ Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Կարդալ ՀԵՍՈՒ 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀԵՍՈՒ 1:1-9
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր