ԾՆՆԴՈՑ 16:1-16

ԾՆՆԴՈՑ 16:1-16 ՆՎԱԱ

Սարան՝ Աբրամի կինը, չէր ծնում նրա համար։ Նա մի եգիպտացի աղախին ուներ՝ անունը Հագար։ Սարան ասաց Աբրամին. «Ահա Տերն ինձ զրկել է ծնելուց. մտի՛ր ուրեմն իմ աղախնի մոտ. գուցե նրանից որդի ստանամ»։ Աբրամը լսեց Սարայի խոսքը։ Սարան՝ Աբրամի կինը, վերցրեց իր եգիպտացի աղախին Հագարին ու նրան կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանի երկրում տասը տարի բնակվելուց հետո։ Աբրամը մտավ Հագարի մոտ, և նա հղիացավ։ Երբ Հագարը տեսավ, որ հղի է, արհամարհեց տիրուհուն։ Սարան ասաց Աբրամին. «Իմ կրած արհամարհանքի հանցավոր. ես իմ աղախնին քո գիրկը հանձնեցի, և երբ նա տեսավ, որ հղի է, արհամարհեց ինձ։ Տերը թող դատաստան անի իմ և քո միջև»։ Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է. վարվի՛ր նրա հետ, ինչպես հաճելի է քեզ»։ Եվ Սարան նեղեց նրան, և սա փախավ նրա մոտից։ Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, Սուրի ճանապարհի վրա գտնվող աղբյուրի մոտ։ Եվ ասաց. «Ո՛վ Սարայի աղախին Հագար, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Ես փախչում եմ իմ տիրուհի Սարայի մոտից»։ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ե՛տ դարձիր քո տիրուհու մոտ և հնազանդվի՛ր նրան»։ Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ես այնքան շատ եմ շատացնելու քո սերունդը, որ շատությունից հաշվել չի լինի»։ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ահա դու հղի ես և որդի կծնես. նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը լսեց քո տառապանքը։ Նա մի վայրի էշի նման մարդ է լինելու. նրա ձեռքը բոլորի դեմ, և բոլորի ձեռքը նրա դեմ է լինելու, և նա իր բոլոր եղբայրների առջև է բնակվելու»։ Հագարն իր հետ խոսող Տիրոջ անունը կանչեց. «Դու իմ տեսիլքի Աստվածն ես»։ Որովհետև ասաց. «Արդյոք ես ո՞ղջ եմ իմ տեսիլքից հետո»։ Դրա համար այդ ջրհորի անունը Լահայրոյի ջրհոր դրեց։ Այն գտնվում է Կադեսի և Բարադի միջև։ Հագարը մի որդի ծնեց Աբրամին, և Աբրամը Հագարի՝ իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայել։ Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Հագարը Աբրամի համար ծնեց Իսմայելին։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում