«Խոնարհ դառնալու պատվիրանը»Օրինակ
Այս աշխարհում խոնարհությունը չի գովաբանվում
Վերջին մի քանի օրվա ընթացքում փորձեցինք հասկանալ, որ խոնարհությունը շատ կարևոր հատկություն է Աստծո աչքերում։ Ավելին՝ այս որակը հենց Աստծո բնույթի հիմնական բնութագրիչներից մեկն է։ Այնուամենայնիվ, այն աշխարհում, որտեղ մենք ապրում ենք, միշտ չէ, որ խոնարհությունը դիտվում է դրական լույսի ներքո: Իրականությունն այն է, որ խոնարհ մարդիկ երբեմն ընկալվում են որպես թույլ, խղճահարության արժանի մարդիկ, որոնց մյուսներն օգտագործում են սեփական նպատակներին հասնելու համար։
Սիրելի՛ բարեկամ, այսպիսով, քանի որ մեր հասարակության մեջ հաջողված լինելու ընկալումը հիմնված է ուժի, իշխանության և հնարավոր մրցակիցների նկատմամբ գերիշխելու ունակության վրա, ապա հասկանալի է, թե ինչու է խոնարհությունը հաճախ ընկալվում որպես թուլություն, այլ ոչ թե որպես ուժեղ կողմ։ Սակայն պետք չէ զարմանալ... Աշխարհը շատ հարցերում է մոլորված:
Սաղմոս 25.9 խոսքում կարդում ենք․ «Հեզերին նա առաջնորդում է իրավունքի մեջ և իր ճանապարհը սովորեցնում է հեզերին»։
Ի՞նչ են այս խոսքերը նշանակում ինձ և քեզ համար: Հեզությունն ու խոնարհությունն այս աշխարհում ընկալվում են որպես թուլություններ, բայց Աստծո Արքայության մեջ դրանք այն բանալիներն են, որոնք հնարավորություն են ընձեռում առաջնորդվելու և ուսուցանվելու ուղղակիորեն հենց Տեր Աստծո կողմից։ Ինչպե՞ս։ Երբ խոնարհ ենք ու հեզ, մենք չենք ապավինում մեր սեփական ուժին կամ տրամաբանությանը, որպեսզի դասավորենք ու կառավարենք մեր կյանքը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո խոնարհությունը մագնիսի պես դեպի քեզ է ձգում Տիրոջը և հնարավորություն տալիս Նրան գործելու և շարժվելու քո կյանքում՝ ի տարբերություն հպարտության, որը հակառակ բևեռի մագնիսի պես վանում է Տիրոջը և խանգարում Նրան գործելու քո կյանքում: Քանի որ Աստված շնորհ է տալիս խոնարհներին, ապա կոչ եմ անում քեզ ձգտել խոնարհության և զարգացնել այն քո կյանքում։ Մենք պետք է դառնանք Աստծուց կախվածության մեջ լինող մարդիկ, որպեսզի Նրա Հոգին մեզ առաջնորդի Իր արդարությամբ և Իր կատարյալ ճանապարհների մեջ:
Երբե՛ք չմոռանաս՝ խոնարհությունը թուլություն չէ, այլ՝ ուժեղագույն որակ:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Տեր Հիսուսը խոնարհության մեր չափանիշն է և օրինակը։ Լինելով Աստված՝ Նա ոչ միայն Իրեն խոնարհեցրեց մարդ լինելու աստիճան, այլև դարձավ մարդկանց ծառան՝ սեփական անձը ցածրացնելով նրանց առջև, ում ծառայում էր: Հեզությունն ու խոնարհությունն այս աշխարհում ընկալվում են որպես թուլություններ, բայց Աստծո Արքայության մեջ դրանք այն բանալիներն են, որոնք հնարավորություն են ընձեռում առաջնորդվելու և ուսուցանվելու ուղղակիորեն հենց Տեր Աստծո կողմից։ Խոնարհները նվիրվում են մյուսներին բարիք անելու կյանքին և Աստծու սերն են տարածում իրենց շրջապատում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am