«Խոնարհ դառնալու պատվիրանը»Օրինակ

«Խոնարհ դառնալու պատվիրանը»

ՕՐ 2 7-ից

Բացարձակ ու կատարյալ խոնարհությունը

Հուսով եմ՝ ծանոթ ես Զաքեոսի պատմությանը։ Նրան բոլորն էին ատում, քանի որ, լինելով հրեա, հռոմեական իշխանության հարկահավաքններից մեկն էր և ոչ միայն հարկեր էր հավաքում իր հայրենակիցներից, այլև գողանում նրանցից, զրկում իր եղբայրներին ու հարստանում նրանց հարստահարելու հաշվին։

Սիրելի՛ բարեկամ, ե՛կ տեսնենք, թե ինչ է անում Տեր Հիսուսը, երբ առաջին անգամ հանդիպում է նրան. «Երբ այդ տեղը եկավ, Հիսուսը վեր նայեց ու նրան ասաց. «Զաքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր, որովհետև այսօր պետք է քո տանը մնամ»(Ղուկաս 19:5)։

Այս իրադարձությունը անհավատալիորեն զարմանահրաշ մի բան էր, քանի որ այն բացահայտում էր Հոր սիրո մեծությունը ոչ միայն Զաքեոսի, այլև մեզնից յուրաքանչյուրի հանդեպ: Աստված, Իր զարմանալի սիրուց դրդված, Երկնքից նայեց մարդկությանը և ուղարկեց Իր միածին Որդուն, որպեսզի մեզ փրկի ու Իր համար ժողովուրդ դարձնի:

Այնուամենայնիվ, այս փափագը, որն Աստված ունի մարդկության հանդեպ, այլ հարթություն է մուտք գործում, երբ մենք ականատես ենք լինում Տեր Հիսուսի՝ Աստծո Որդու վերաբերմունքին ու խոսքերին՝ ուղղված բոլորից ատելի Զաքեոսին:

Այն, որ Աստված Երկնքից հոգում է մեզ համար, արդեն իսկ սիրո մեծ դրսևորում է։ Սակայն այն, որ Տեր Հիսուսը խոնարհեցրեց Իրեն այնքան, որ ստիպեց Իր ուշադրությունը կենտրոնացնել Զաքեոսի նման մերժված ու ատելի մեկի վրա, իսկապես երկնային ողորմություն էր։

Երբեմն ես և դու նույնպես բարձրանում ենք մեր հպարտության ծառը։ Մենք բնակվում ենք այդտեղ՝ բազմած մեր ձեռքբերումների ու նվաճումների գահին (որոնց երբեմն արդար ուղիներով չենք հասել, ինչպես Զաքեոսի պարագայում էր):

Այնուամենայնիվ, Տեր Հիսուսը, Ով սիրում է մեզ անսահման մեծ սիրով, չի ամաչում Իր հայացքը բարձրացնել դեպի մեզ և ամենախորը գորովանքով ասել. «Շտապի՛ր և իջի՛ր, քանի որ այսօր Ես պետք է մնամ քո տանը»:

Տեր Հիսուսը դեպի մեզ Իր առաջին քայլը կատարում է՝ կանչելով մեզ: Սակայն Նրա հետ մտերմության երկրորդ քայլը պետք է հենց մենք անենք՝ իջնելով մեր հպարտության ծառից և թույլ տալով, որ Տերը գա մեզ մոտ և մնա մեր մեջ:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ,կուզե՞ս աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով և հրավիրել Տեր Հիսուսին քո կյանք, եթե մինչ օրս դեռ չես արել դա․ «Տե՛ր, շնորհակալ եմ Քո անսահման սիրո համար: Ես այսօր բացում եմ իմ սրտի և կյանքի դուռը Քո առջև: Խնդրում եմ՝ օգնիր ինձ ապրել այնպիսի կյանքով, որը հաճելի կլինի Քեզ և կուրախացնի Քո սիրտը։ Ես իմ ողջ էությամբ փափագում եմ Քեզ հետ անձնական հարաբերություններ ունենալուն։ Շնորհակալ եմ, Տե՛ր Հիսուս, որ այսօր Քո խոնարհությամբ հպվեցիր ինձ։ Աղոթում եմ Քո սուրբ անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

«Խոնարհ դառնալու պատվիրանը»

Տեր Հիսուսը խոնարհության մեր չափանիշն է և օրինակը։ Լինելով Աստված՝ Նա ոչ միայն Իրեն խոնարհեցրեց մարդ լինելու աստիճան, այլև դարձավ մարդկանց ծառան՝ սեփական անձը ցածրացնելով նրանց առջև, ում ծառայում էր: Հեզությունն ու խոնարհությունն այս աշխարհում ընկալվում են որպես թուլություններ, բայց Աստծո Արքայության մեջ դրանք այն բանալիներն են, որոնք հնարավորություն են ընձեռում առաջնորդվելու և ուսուցանվելու ուղղակիորեն հենց Տեր Աստծո կողմից։ Խոնարհները նվիրվում են մյուսներին բարիք անելու կյանքին և Աստծու սերն են տարածում իրենց շրջապատում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am