«Խոնարհ դառնալու պատվիրանը»Օրինակ

«Խոնարհ դառնալու պատվիրանը»

ՕՐ 1 7-ից

Ո՞վ է խոնարհության քո օրինակը

Տեր Հիսուսի աստվածապաշտության որակներն անհաշվելի են։ Օրինակ՝ Նրա սերը շատ խորն էր և անհամեմատելի էր որևէ այլ անձնավորության սիրո հետ։ Այն մեզ կարող է անհասանելի թվալ, բայց, այնուամենայնիվ, Նրա սերը նաև այնքա՜ն մոտ է և այնքա՜ն իրական մեր առօրյա կյանքում։

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսի որակներից ևս մեկը, որը հատկապես տպավորում է ինձ, Նրա խոնարհությունն է: Տիեզերքի Թագավորը, Ով Ինքն արարիչ Աստված է, չվարանեց ցածրացնել Իրեն, դարձնել Իր կողմից արարված մարդու նմանությամբ Մեկը՝ առանց որևէ հեղինակության ու համբավի մի նորածին, Ով պետք է մեծանար ու Իր սերը դրսևորեր մարդկանց հանդեպ՝ նրանց սովորեցնելով ճշմարտության ճանապարհը և փրկեր նրանց՝ խաչի վրա վճարելով յուրաքանչյուր մարդու մեղքի գինը՝ մեր փրկագինը:

Տեսե՛ք, թե ինչ ասաց Տեր Հիսուսը. «Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք»(Մատթեոս 11․29)։

Այո՛, Տեր Հիսուսի սիրտը՝ Նրա բուն էությունը հեզ է ու խոնարհ: Դա մի որակ չէր, որը Նա զարգացրել էր քրտնաջան աշխատանքի արդյունքում: Դա մի բան չէր, ինչը Նա փորձում էր հղկել կամքի ուժի և անկոտրում ջանքերի միջոցով: Ո՛չ, դա Նրա սիրող սրտի բնական դրսևորումն էր։ Տեր Հիսո՛ւսն է խոնարհության մեր օրինակը: Նրա խոնարհությունը աննկարագրելի խորը կերպով հպվում է իմ սրտին։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, որպեսզի կարողանաս քայլել, խոսել և սիրել Նրա նման, հրավիրում եմ քեզ խորհելու Նրա խոնարհ էության մասին՝ ձգտելով նմանվել Նրան և ամեն օր ավելի ու ավելի դրսևորելով Տեր Հիսուսի հեզության ու խոնարհության որակները քո առօրյա կյանքում:

Երբե՛ք չմոռանաս Աստվածաշնչի այս խոսքը․«․․․խոնարհությունը փառքից առաջ է գնում» (Առակաց 18․12)։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

«Խոնարհ դառնալու պատվիրանը»

Տեր Հիսուսը խոնարհության մեր չափանիշն է և օրինակը։ Լինելով Աստված՝ Նա ոչ միայն Իրեն խոնարհեցրեց մարդ լինելու աստիճան, այլև դարձավ մարդկանց ծառան՝ սեփական անձը ցածրացնելով նրանց առջև, ում ծառայում էր: Հեզությունն ու խոնարհությունն այս աշխարհում ընկալվում են որպես թուլություններ, բայց Աստծո Արքայության մեջ դրանք այն բանալիներն են, որոնք հնարավորություն են ընձեռում առաջնորդվելու և ուսուցանվելու ուղղակիորեն հենց Տեր Աստծո կողմից։ Խոնարհները նվիրվում են մյուսներին բարիք անելու կյանքին և Աստծու սերն են տարածում իրենց շրջապատում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am