Հարության ՇաբաթՕրինակ
Աստված կամենում է քո վերքերը օգտագործել մյուսների բժշկության համար
Սիրելի՛ բարեկամ, խաչելությունից հետո Տեր Հիսուսի մարմինը գերեզման դրվեց. դա մի մեծահարուստ մարդու համար պատրաստված գերեզման էր։ Այդպիսով կատարվեց Եսայի 53.9 խոսքում կանխատեսված մարգարեությունը։
Ղուկասի ավետարանի 23.55-56 հատվածում կարդում ենք․ «Եվ այն կանայք, որ Գալիլեայից նրա հետ էին եկել, հետևեցին Հովսեփին, տեսան գերեզմանը, և թե ինչպես նրա մարմինը այնտեղ դրվեց։ Վերադարձան, խունկեր և յուղեր պատրաստեցին, բայց շաբաթ օրը, պատվիրանի համաձայն, հանգստացան»։
Այսօր մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք աղոթքին, Տեր Հիսուսի մասին մտորումներին և մնանք Նրա քաղցր ներկայության մեջ։ Մենք երբե՛ք չպետք է մոռանանք, որ Տերը փափագում է մտերիմ հարաբերություն ունենալ մեզ հետ, և միասին անցկացրած ժամանակն է, որ ճանապարհ է հարթում այդ մտերմության համար։ Այսօր հրաշալի օր է ոչ թե Աստծուց որևէ բան խնդրելու համար, այլ Սուրբ Հոգով լցվելու և Աստծո ներկայության մեջ ժամանակ անցկացնելու համար։
Տարբեր տեսություններ կան այն մասին, թե որտեղ է Տեր Հիսուսն անցկացրել խաչի վրա Իր մահվան և հարության միջև ընկած ժամանակահատվածը։ Այս առումով Աստվածաշունչը մեզ շատ բան չի փոխանցում։ Սակայն խաչի վրայի ավազակին արած Տեր Հիսուսի «այսօր Ինձ հետ դրախտում կլինես» արտահայտությունը մեզ հուշում է, որ այդ օրը Նա նախ Երկինք է բարձրացել և եղել է Իր Հոր ներկայության մեջ։ Նրա չարչարանքներն այլևս անցյալում էին։ Նրա առաքելությունը կատարված էր ամբողջովին ու լիակատար կերպով։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Պողոս առաքյալը մեզ հնարավորություն է ընձեռում նաև մեր տառապանքներին ու կրած վերքերին նայելու այլ տեսանկյունից․ «Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ» (Հռոմեացիս 8․18)։
- Երբ քո տառապանքը այլևս քո ուժերից վեր է քեզ թվում․․․
- Երբ այն կասկածի տակ է դնում Աստծո սերը քո հանդեպ․․․
- Երբ չես հասկանում, թե ինչու ես դու դրա միջով անցնում․․․
Աստված Իր այս Խոսքով քեզ հիշեցնում է, որ Իր Խոսքը պատվողների և Իր կամքին հնազանդվողների համար Երկնքում սպասվող փառքն անհամեմատ ավելի մեծ է, քան ցանկացած երկրային տառապանք, և որ Նա ջնջելու է մեր բոլոր ծանր հիշողությունները։
Այդ փառքը գերբնական է և հատուկ պահվում է նրանց համար, «ովքեր հաղթում են», ինչպես Հովհաննես առաքյալն է բացատրում Աստվածաշնչի Հայտնության գրքում։
Եթե դու այսօր ծանր ժամանակներ ես ապրում, դա չի նշանակում, որ Աստված մոռացել կամ լքել է քեզ։ Աստված ցանկանում է, որպեսզի անգամ քո տառապանքների մեջ դու մի զորավոր անոթ դառնաս Նրա ձեռքում՝ մարդկանց Իր օրհնությունները փոխանցելու համար։
Ես հավատում եմ, որ մեզ համար մեր կյանքի կարևորագույն ու անկյունաքարային դասերը մենք ստացել ենք հենց մեր ամենախորը տառապանքների ժամանակ։ Հավատում եմ նաև, որ Աստված կարող է օգտագործել անցյալիդ ու ներկայիդ վերքերը, որպեսզի քո օգնությամբ և քո վկայություններով բժշկի քո շրջապատի մարդկանց սրտերը։
Ամեն բանից առաջ վստահի՛ր Աստծուն։ Նա գիտի, թե ինչ է անում քո կյանքում։ Դու միայն ներկայիս քո նեղություններն ես տեսնում, բայց Նա Իր ձեռքերում քո ողջ կյանքի ամբողջական պատկերն ունի։
Այն, ինչը քեզ երեկ ստիպում էր տառապել, այսօր կարող է շատ հուսահատ ինչ-որ մեկի համար քաջալերանքի վկայություն դառնալ։
Այն, ինչն այսօր շարունակում է քեզ ցավեցնել, վաղը կարող է օրհնանքի և օգնության իրական աղբյուր դառնալ՝ նեղությունների բեռի տակ կքված ինչ-որ մեկի համար։
Քո վերքերին և քո կյանքի տառապանքներին այլևս առաջվա աչքերով մի՛ նայիր՝ վստահ իմանալով, որ դրանք կարող են օգտակար լինել մյուսներին… Աստծո՛ փառքի համար։
Հիշի՛ր Տեր Հիսուսի տառապանքները և դրանց փառավոր պտուղները մեր կյանքում։ Հիշի՛ր Նրա համբերությունն ու հնազանդությունը Հոր կամքին։ Հիշի՛ր Նրա հավատարմությունը մինչ ի մահ, այն էլ՝ խաչի անասելի տառապանքների մահը։ Դու էլ որպես Նրա աշակերտ նույն հավատարմությունն ու հնազանդությունն ունեցիր Հայր Աստծո կամքի հանդեպ և Տերը քեզ նույնպես կօգտագործի մյուսների կյանքում օրհնություն ու քաջալերանք լինելու համար։
Օրհնյա՛լ ու լուսավոր օր եմ մաղթում քեզ։ Պատրաստվի՛ր վաղվա հարության տոնախմբությանը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Մենք այսօր ուղերձների շարք ենք սկսում, որը վերաբերում է Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը և դրան նախորդող շաբաթվա իրադարձություններին։ Հույս ունեմ, որ միասին այս շաբաթվա ընթացքում բազմաթիվ օրհնություններ ու դասեր ենք ընդունելու Տիրոջից և իրար քաջալերելու ենք Նրա Խոսքի ճշմարտություններով։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/