Հռոմեացիներին 8:12-30

Հռոմեացիներին 8:12-30 ՆՎԱԱ

Ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնի՛ն չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով. որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք։ Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։ Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։ Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։ Որովհետև ստեղծագործությունը անհամբերությամբ ակնկալում է Աստծու որդիների հայտնությանը։ Քանի որ ստեղծագործությունը ունայնությանը հնազանդվեց ոչ իր կամքով, այլ նրա, ով հնազանդեցրեց այն հույսով, որ ստեղծագործությունն ինքը ևս ապականության ծառայությունից կազատվի՝ Աստծու որդիների փառքի ազատության մեջ մտնելու համար։ Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա հառաչում է ու ցավի մեջ է։ Եվ ոչ միայն նա, այլ ինքներս էլ, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք էլ մեր մեջ հառաչում ենք՝ սպասելով որդեգրությանը, այսինքն՝ մեր մարմնի փրկությանը, որովհետև այս հույսով փրկվեցինք. բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա։ Սակայն եթե ինչ որ չենք տեսնում, նրա՛ հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։ Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ Եվ սրտերը քննողը գիտի, թե Հոգին ի՛նչ է խորհում, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սրբերի համար։ Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։ Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել իր Որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ։ Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։