Հարության ՇաբաթՕրինակ
Արդյոք ընդունե՞լ ես քեզ համար պատրաստված լավագույնը
Սիրելի՛ բարեկամ,հենց Ավագ չորեքշաբթի օրն էր, երբ Բեթանիայում մի կին հոտավետ յուղով օծեց Տեր Հիսուսի ոտքերը։ Աշխարհի տարբեր եկեղեցիներում այդ օրը հայտնի է նաեւ որպես «Մատնիչի Չորեքշաբթի»։ Մինչ Տեր Հիսուսը Բեթանիայում հանգստանում էր Մարիամի, Մարթայի եւ Ղազարոսի տանը, քահանայապետներն ու տաճարի հեղինակավոր անձինք ամբողջ թափով դավադրություն էին պատրաստում Նրա դեմ։
Հուդայի ագահությունը հարմար առիթ եղավ սատանայի համար, որպեսզի գործի նրա միջոցով։ Հուդան գնաց քահանայապետների մոտ։ Շուտով նա մատնելու էր Տեր Հիսուսին, իսկ մյուս աշակերտները ցրվելու էին։ Տասներկուսից ոչ ոք չէր լինելու Տեր Հիսուսի խաչի մոտ՝ բացի Հովհաննեսից։ Ավարտին էր մոտենում Տեր Հիսուսի երկրային ծառայությունը․․․
Սակայն այսօր ուզում եմ հիշենք նաև Նրա երկրային ծառայության սկիզբը և մեր ուշադրությունը կենտրոնացնենք այն իրողությունների վրա, որը Տերը պատրաստել է մեզ համար՝ վճարելով լքված լինելու, դավաճանվելու, չարչարանքների ու խաչի տառապանքների ու մահվան մեծ գինը։
Ե՛կ միասին հիշենք Կանայի հարսանիքը։ Երբ ամեն բան գնում էր նրան, որ հարսանիքի կազմակերպիչները ամոթով էին մնալու իրենց հյուրերի առջև, Տերը միջամտեց և ջուրը գինու վերածեց։ Այս պատմության մասին կարող ես կարդալ Հովհաննես 2.1-11 հատվածում։
Երբ Աստված կամենում է օրհնել Իր զավակներին, Նա դա կիսատ չի անում։ Նա չի սահմանափակում Իր առատաձեռնությունը, ինչպես որ Աստվածաշունչն է վկայում. «…Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին»։ (Սաղմոս 84․11)։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու անարատության ընթացք ունենաս քո Տեր Աստծո առջև և ապրես հավատարմության ու ազնվության կյանքով, ապա Աստված քեզ համար ոչ մի բարիք չի խնայի։ Ինչ որ խնդրես, Նա կտա քեզ։ Եվ կտա առատությամբ (տե՛ս Հովհաննես 14.13 խոսքը)։
Այո՛, Երկնքում ամեն բան բարձր մակարդակի վրա է լինելու, կատարյալ, և դու ի վիճակի ես լինելու վայելելու այն ամենն ինչը քեզ կառաջարկվի։ Եվ քանի որ Աստված քեզ սիրում է անսահման մեծ սիրով, Նրա կամքն է Իր ունեցած լավագույնով քեզ օրհնելը։
- Վայելելու ես Նրա ողջ ուշադրությունը, որ Նա տալու է քեզ։
- Քո ամեն կերակուրի, ամեն պատառի մեջ Իր մեծ սերն ես զգալու։
- Վայելելու ես Նրա ընկերակցությունը, ունենալու ես հաճելի քննարկումներ Նրա հետ։
Սակայն Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտների համար Տիրոջ ապահովությունն ու հոգատարությունը միայն երկնային խոստումներ չեն։ Երկնքի մի մասն արդեն իսկ հիմա՝ այս երկրային կյանքի ընթացքում է հասանելի նրանց համար։
Այո՛, այսօր Աստված հրավիրում է քեզ դառնալու Իր Որդու հավատարիմ հետևորդն ու աշակերտը և ընդունել Իր առատությունը՝ մասնակցելով Նրա սեղանի ճոխ հյուրասիրությանը։ Նա մեծ հոգատարություն ունի քո հանդեպ։ Ուշադի՛ր լսիր այն ամենը, ինչն Աստված քեզ կասի… Նրա ամեն խոսքը բարի է քեզ համար՝ բժշկություն է թե՛ հոգուդ և թե՛ մարմնիդ համար։
Դու քո տեղն ունես թագավորների Թագավորի սեղանի շուրջ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Մենք այսօր ուղերձների շարք ենք սկսում, որը վերաբերում է Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը և դրան նախորդող շաբաթվա իրադարձություններին։ Հույս ունեմ, որ միասին այս շաբաթվա ընթացքում բազմաթիվ օրհնություններ ու դասեր ենք ընդունելու Տիրոջից և իրար քաջալերելու ենք Նրա Խոսքի ճշմարտություններով։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/