Հարության ՇաբաթՕրինակ
Դու արդեն իսկ ունես Աստծո ժառանգ լինելու իրավունքը
Սիրելի՛ բարեկամ, մենք այսօր ուղերձների շարք ենք սկսում, որը վերաբերում է Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը և դրան նախորդող շաբաթվա իրադարձություններին։ Հույս ունեմ, որ միասին այս շաբաթվա ընթացքում բազմաթիվ օրհնություններ ու դասեր ենք ընդունելու Տիրոջից և իրար քաջալերելու ենք Նրա Խոսքի ճշմարտություններով։
Երուսաղեմ՝ որպես հեզ ու խոնարհ Թագավոր մուտք գործելու հաջորդ օրը, Տերը Բեթանիայում իր աշակերտների հետ գիշերելուց հետո կրկին վերադառնում էր Երուսաղեմ։ Ճանապարհին Նա քաղց զգաց։ Տեսնելով մի թզենի՝ Տերը մոտեցավ դրան, սակայն թզենու վրա ոչ մի պտուղ չգտավ, թեև այն փարթամ էր կանաչ տերևներով։ Տեր Հիսուսն անիծեց թզենուն։ Հետո Նա տաճար գնաց և խիստ հանդիմանեց այն մարդկանց, որոնք Աստծո տունը շահույթ ստանալու վայր էին դարձրել և գումար էին վաստակում երկրպագության ու զոհաբերության համար տաճար եկող հավատացյալներից։
«Հիսուսը մտավ Աստծու տաճարը և վռնդեց տաճարից բոլոր առք ու վաճառք անողներին, ավերեց լումայափոխների սեղանները և աղավնեվաճառների աթոռները։ Եվ ասաց նրանց. «Գրված է. Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել» (Մատթեոս 21.12-13):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբևէ դիտե՞լ ես ֆիլմ, որտեղ ասպետները խիզախորեն կռվում են հանուն իրենց թագավորի և նրա թագավորության։ Այսօր, ասպետների ու միջնադարյան պատերազմների դարաշրջանն ավարտվել է, սակայն գիտե՞ս արդյոք…
- Որ մի ավելի՜ մեծ ու զորավոր Թագավորություն կա՝ Աստծո՛ Թագավորությունը։
- Որ Աստված, որպես ինքնիշխան Թագավոր, քեզ դարձրել է Իր Թագավորության ժառանգորդը։
Իրականում, Հռոմեացիս 8.17 խոսքը հաստատում է այս ճշմարտությունը. «Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, …»
Տեր Հիսուսը զորավոր իշխանություն ուներ։ Նա իշխանություն ուներ կատարելու թզենու հրաշքը և իշխանություն ուներ մաքրելու տաճարը այն մարդկանցից, որոնք հակառակ էին գնում Աստծո կարգադրություններին։ Նա ուզում է մեր կյանքում վերականգնել այն իշխանությունը, որով Աստված օժտել էր Ադամին ու Եվային Եդեմի պարտեզում նախքան մեղանչելը։ Նրանք երջանիկ էին ու ամենօրյա կենդանի հաղորդակցության մեջ էին Աստծո հետ։ Նրանք իշխում էին ողջ արարչագործության վրա և վայելում էին Արարչի պարգևած բոլոր արտոնությունները։ Դժբախտաբար, մեղանչելով, նրանք կորցրեցին իրենց բոլոր արտոնությունները։ Իսկ այդ մեղքի հետևանքներն ազդեցին բոլոր մարդկանց վրա, այդ թվում նաև իմ ու քո վրա…
Բայց Տեր Հիսուսը իմ և քո փոխարեն կրեց մեղքի պատիժը, որպեսզի մենք կարողանանք«Նրա (Աստծո) հետ նստել երկնքում՝ Քրիստոս Հիսուսով» (Եփեսացիս 2․5-6)։
Տեր Հիսուսը վճարել է այն գինը, որի շնորհիվ այսօր ես և դու կարող ենք Աստծո Թագավորության ժառանգորդը լինել։ Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք պատերազմելու հանուն մեր Թագավորի և հանուն մեր Թագավորության։ Այդ պատերազմը հավատքի պատերազմ է։ Աշխարհը իր գայթակղություններով ու մոլորեցնողներով հանդերձ նպատակ ունի մեզնից գողանալու մեր հավատքը, որի շնորհիվ մենք դարձել ենք Աստծո զավակներն ու Քրիստոսի ժառանգակիցները։
Մենք ոչ միայն մեր կյանքում պետք է հավատքի պատերազմի հաղթողները լինենք, այլև մեր շրջապատի մարդկանց պետք է կարողանանք ազատագրել ստության ու խավարի իշխանության ստրկությունից։ Մենք՝ Քրիստոսով փրկագնվածներս ու Նրա ժառանգակիցներս, պատերազմ ունենք այս աշխարհի սկզբունքների ու գայթակղությունների դեմ։ Եվ մենք իշխանություն ունենք հաղթելու հավատքի բարի պատերազմը։
Քաջալերում եմ, որպեսզի այսօր մտորես Տեր Հիսուսի ունեցած իշխանության մասին և գիտակցես այն մեծ գինը, որը Տերը վճարել է Գողգոթայի խաչի վրա, որպեսզի դու այդ իշխանությունը պարփակող Թագավորության ժառանգը դառնաս։ Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Փառաբանում եմ Քեզ, Տեր, որ ինձ Քո զավակն ես դարձրել։ Ես Քո ժառանգորդն եմ։ Այսօր խնդրում եմ զորացնես ինձ, որպեսզի կարողանամ հաղթական կերպով պատերազմել իմ հավատքի բարի պատերազմը… և արժանանամ Քո գովասանքին ու Քեզ հետ ունեցած իմ ժառանգությանը։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Մենք այսօր ուղերձների շարք ենք սկսում, որը վերաբերում է Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը և դրան նախորդող շաբաթվա իրադարձություններին։ Հույս ունեմ, որ միասին այս շաբաթվա ընթացքում բազմաթիվ օրհնություններ ու դասեր ենք ընդունելու Տիրոջից և իրար քաջալերելու ենք Նրա Խոսքի ճշմարտություններով։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/