Դրա համար մենք պետք է առավել ևս ուշադիր լինենք մեր լսածներին, որպեսզի երբեք չշեղվենք։ Որովհետև եթե հրեշտակների միջոցով ասված խոսքը հաստատուն եղավ, և ամեն հանցանք ու անհնազանդություն իր արդար պատիժն ստացան, ապա մենք ինչպե՞ս պիտի խուսափենք, եթե այսպիսի մեծ փրկության նկատմամբ անտարբեր լինենք, որը սկզբից Տիրոջ կողմից հռչակվեց, հետո մեր մեջ հաստատվեց նրան լսողների միջոցով։ Աստված այն վկայեց նշաններով, հրաշքներով, տեսակ-տեսակ զորություններով և Սուրբ Հոգու պարգևներով. ըստ իր կամքի կամեցավ։
Որովհետև հրեշտակներին չհնազանդեցրեց այն հանդերձյալ աշխարհը, որի մասին խոսում ենք։ Մեկը մի տեղ վկայել է՝ ասելով.
«Մարդն ի՞նչ է, որ նրան հիշես,
կամ մարդու որդին, որ նրան այցելում ես։
Նրան հրեշտակներից մի քիչ ցածր իջեցրիր,
նրան փառքով ու պատվով պսակեցիր.
ամեն ինչ նրա ոտքերից ներքև հնազանդեցրիր» ։
Որովհետև ամեն ինչ նրան հնազանդեցրեց, ոչինչ չթողեց, որ հնազանդ չլինի նրան, սակայն հիմա դեռ չենք տեսնում, որ ամեն ինչ նրան հնազանդեցված է։ Բայց մահվան չարչարանքի պատճառով հրեշտակներից մի փոքր ցածր դասված տեսնում ենք փառքով ու պատվով պսակված Հիսուսին, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի։
Որովհետև պետք էր, որ նա, որի համար է ամեն բան, և որով է ամեն բան, շատ որդիների դեպի փառք առաջնորդի, նրանց փրկության առաջնորդի չարչարանքի միջոցով։ Որովհետև թե՛ սրբացնողը և թե՛ սրբացվողները՝ բոլորը մեկից են. այդ պատճառով ամոթ չի համարում նրանց եղբայրներ կոչել ու ասել.
«Քո անունն իմ եղբայրներին պիտի հայտնեմ,
ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ» ։
Եվ դարձյալ.
«Ես հույսս նրա վրա պիտի դնեմ» ։
Եվ դարձյալ.
«Ահա ես ու իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց» ։
Արդ որովհետև զավակներն արյանն ու մարմնին հաղորդակից եղան, ինքն էլ միևնույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի մահվան իշխանությունն ունեցողին, այսինքն՝ սատանային, և ազատի նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից, քանի որ հրեշտակներին բնավ չի օգնում, այլ Աբրահամի սերնդին։ Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ, որպեսզի ժողովրդի մեղքերը քավեր։ Որովհետև ինչպես որ ինքը չարչարվեց ու փորձվեց, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։