ՀՈՎՆԱՆ 3:1-10

ՀՈՎՆԱՆ 3:1-10 ՆՎԱԱ

Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Հովնանին՝ ասելով. «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր այն պատգամը, որ ես կասեմ քեզ»։ Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե՝ Տիրոջ խոսքի համաձայն։ Նինվեն մեծ քաղաք էր՝ երեք օրվա ճանապարհորդություն մի կողմից մյուսը։ Հովնանը քաղաքին մոտեցավ, մեկ օրվա ճանապարհից շրջելով քարոզում էր ու ասում. «Եվս քառասուն օր կա, ու Նինվեն պիտի կործանվի»։ Եվ Նինվեի մարդիկ հավատացին Աստծուն և ծոմ հայտարարեցին ու մեծերից մինչև փոքրերը քուրձեր հագան։ Խոսքը հասավ Նինվեի թագավորին։ Նա վեր կացավ իր գահից և իր վրայից հանեց պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։ Նինվեում հայտարարել տվեց, թագավորի ու նրա մեծամեծների անունից հրամայեց՝ ասելով. «Մարդ և անասուն, արջառ և ոչխար թող ոչինչ չուտեն, չարածեն և ջուր չխմեն, այլ մարդիկ ու անասուններ թող քուրձ հագնեն և բարձրագոչ աղաղակեն Աստծուն, և ամեն մարդ թող ետ դառնա իր չար ճանապարհից և իր ձեռքերի անիրավությունից։ Ո՞վ գիտե, գուցե Աստված ետ դառնա և զղջա ու մեղմացնի իր սաստիկ բարկությունը, և մենք չկորչենք»։ Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ ետ դարձան իրենց չար ճանապարհից, և Աստված զղջաց այն չարիքի համար, որ ասել էր, թե պիտի անի նրանց. ու չարեց։