Աստծուն Լսելու ՕրհնություններըՕրինակ
Աստված կամենում է մեծամեծ բաներ հայտնել քեզ
Սիրելի՛ բարեկամ, պատահե՞լ է, որ դու այնքան վստահես ինչ-որ մեկին, որ նրա հետ քո ամենամեծ գաղտնիքով կիսվես։
Աստված վստահում է քեզ՝ Իր զավակին, և պատրաստ է մեծամեծ բաներ հայտնել քեզ։ Երեմիա 33.3 խոսքում կարդում ենք. «Կանչի՛ր Ինձ, և Ես քեզ կպատասխանեմ, և Ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել»։
Աստված դաժան ու չար մեկը չէ, ով սպասում է, որ պատժի մարդուն, երբ ինչ-որ մեկը սխալ գործի ու ընկնի մեղքի մեջ։ Ո՛չ։ Սա չափազանց սխալ ու ոչ աստվածաշնչյան պատկերացում է տիեզերքի Արարչի՝ միակ Աստծու մասին։ Աստված բարի է և ողորմած։ Նա սիրում է մարդկանց, սակայն հայտնում է Իրեն միայն այն մարդկանց, ովքեր փնտրում են Իրեն։ Նա ուզում է, որ մենք այնքա՜ն մեծ փափագ ունենանք Տեր Աստծուն լսելու, որ սրտանց կանչենք Նրան։ Տերն ասում է. «Կանչի՛ր Ինձ, և Ես կպատասխանեմ քեզ»։
Այս պայմանի ամենակարևոր մասը հետևյալն է՝ Տերն ասում է․ «կանչի՛ր Ինձ»: Այլ խոսքերով ասած՝ Աստված Իր զավակներին՝ ինձ և քեզ, հորդորում է աղաղակել Իրեն, խոսել Իր հետ։ Հաջորդ տրամաբանական քայլը Տեր Աստծուն լսելն է։
Մեր ամենօրյա ուղերձների մեկնաբանություններում մեր ունկնդիրներից մեկը գրել էր, որ շատ է ուզում լսել Աստծո ձայնը, սակայն չնայած իր ունեցած մեծ փափագին, երբե՛ք չի լսել և չի էլ պատկերացնում, թե ինչպես կարող է Աստված խոսել մարդու հետ։
Աստված խոսում է։ Ինձ նաև հարցնում էին, թե երբևէ լսելի ձայնով Աստված խոսե՞լ է ինձ հետ, թե՞ ոչ։ Պետք է ասեմ, որ Աստված ինձ հետ մարդու ականջներին լսելի ֆիզիկական ձայնով երբեք չի խոսել։ Սակայն արդյոք էականը Տեր Աստծո խոսելու կե՞րպն է, թե՞ խոսելու երևույթը։
Մենք պետք է փոխենք մեր մոտեցումները այս հարցին և ոչ թե ակնկալենք, որ Աստված խոսի մեզ հետ մեր պատկերացրած կերպով, այլ սովորենք ու կենտրոնանանք Նրա ձայնը լսելու վրա՝ լինի դա ֆիզիկական ձայնի դրսևորմամբ, մեր հոգու մերսում առաջ եկած մտքերի տեսքով, թե՛ մեկ ուրիշի միջոցով փոխանցած ուղերձի միջոցով։
Լռեցրո՛ւ քո մեջ այն ամենը, ինչը հոգևոր ու մտային «աղմուկ» է առաջացնում ներսումդ։ Կենտրոնացի՛ր Տեր Հիսուսի վրա։ Նրա Անձի հատկանիշների վրա և Նրա սիրո գործերի վրա։ Հիշեցրո՛ւ ինքդ քեզ, թե ինչեր է Նա արել հանուն քեզ ու քո փրկության և պարզապես սկսիր գոհանալ Նրանից։ Այնուհետև բացիր սիրտդ Նրա առջև և կիսվիր այն ամենովն, ինչը ծանրացել է քո սրտի վրա։ Օգտակար է նաև այս ամենից հետո մտքերդ գրի առնելը՝ լինի դա Աստվածաշնչյան խոսք, երգ, աղոթք, նոր միտք… պարզապես գրի առ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ զրկիր քեզ այն ամենից, ինչով Աստված ցանկանում է կիսվել քեզ հետ: Նա մեծ բաներ ունի քեզ հայտնելու, գաղտնիքներ, որոնցով ցանկանում է կիսվել քեզ հետ։ Թույլ կտա՞ս Տեր Հիսուսին այսօր հրաշք գործել քո կյանքում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Այսօր և առաջիկա օրերին ուզում եմ քեզ հետ կիսվել, թե որքան կարևոր է Աստծո ձայնի հանդեպ ուշադիր լինելը։ Ադամն ու Եվան լսում էին Աստծո ձայնը, նրանք նաև լսեցին նաև օձի ձայնը։ Նրանք ազատ էին իրենց կամքի մեջ և հենց ազատ կամքի արդյունքում ընտրեցին, թե ում ձայնին հնազանդվել։ Մե՛նք ենք ընտրում, թե ո՞ւմ ձայնին ուշադրություն դարձնենք։ Առաջարկում եմ կարդալ այս 7-օրյա ծրագիրը և սովորել, թե ինչպես տարբերել Աստծո ձայնը մյուս ձայներից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/