Հովնանը խիստ դժգոհեց և զայրացավ։ Աղոթք արեց Տիրոջն ու ասաց. «Օ՜, Տե՛ր, սա չէ՞ր, ինչ որ ասում էի, քանի դեռ իմ երկրում էի։ Դրա համար շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազումողորմ Աստված ես և կզղջաս չարիքի համար։ Եվ հիմա, ո՛վ Տեր, աղաչում եմ, ա՛ռ ինձանից իմ հոգին, որովհետև մեռնելս ապրելուցս լավ է»։ Եվ Տերն ասաց. «Մի՞թե լավ է, որ զայրացել ես»։ Եվ Հովնանը դուրս եկավ քաղաքից և նստեց քաղաքի արևելյան կողմում և իր համար այնտեղ մի տաղավար շինեց, նստեց նրա տակ՝ ստվերի մեջ, մինչև որ տեսնի, թե քաղաքին ինչ է լինելու։ Եվ Տեր Աստված մի դդմենու սահմանեց, որ բարձրանա Հովնանից վերև, որպեսզի ստվեր գցի նրա գլխին և ազատի նրան իր տառապանքից։ Եվ Հովնանը դդմենու համար մեծապես ուրախացավ։
Բայց հաջորդ օրվա արշալույսին Աստված հրամայեց մի որդի, որ հարձակվի դդմենու վրա, ու սա չորացավ։ Եվ երբ արեգակը ծագեց, այն ժամանակ Աստված սահմանեց արևելյան խորշակաբեր քամուն, և արևը հարվածեց Հովնանի գլխին։ Նա թուլացավ, ուզում էր մեռնել և ասաց. «Մեռնելս ապրելուցս լավ է»։
Եվ Աստված Հովնանին ասաց. «Մի՞թե լավ է, որ բարկացել ես դդմենու համար»։ Եվ նա ասաց. «Լավ է, որ բարկացել եմ մինչև մահ»։
Եվ Տերն ասաց. «Դու ափսոսում ես դդմենու համար, որի վրա աշխատանք չարեցիր և որին չմեծացրիր, որը մեկ գիշերվա մեջ գոյացավ և մեկ գիշերվա մեջ ոչնչացավ։ Իսկ ես չխղճա՞մ Նինվե մեծ քաղաքին, որի մեջ հարյուր քսան հազար մարդուց ավելի կան, որոնք իրենց աջ ձեռքը ձախից չեն տարբերում, նաև շատ անասուն»։