Ինչպես Բժշկել Քո Սրտի ՎերքերըՕրինակ
Ի՞նչ է ներողամտությունը…
Սիրելի՛ բարեկամ, երբ մենք վիրավորված ենք և ներելը դժվար է, հաճախ հետևյալ վախն է գլուխ բարձրացնում մեր սրտում. «Եթե ես ներեմ, մենք նորից կհաշտվենք և ես ստիպված եմ լինելու այդ մարդու հետ նախկինի նման մտերմություն անել»։
Իրականում, ո՛չ… Ներելը դա չէ։ Այն մի բան է, որը տեղի է ունենում ոչ թե քո և քո հանդեպ սխալ պահվածք ունեցած մարդու միջև, այլ քո և Տեր Աստծո միջև։ Մյուսների հանցանքները ներելը Աստծո հանդեպ քո հնազանդության դրսևորումն է և Նրանից ներված լինելու քո երախտագիտությունը։
«․․․միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք»։ (Կողոսացիս 3․13)
Աստված պատվիրում է, որ ներես մարդկանց, որպեսզի հաշտվես․․․ Ի՛ր հետ։ Եվ դա բոլորովին էլ չի նշանակում, որ պարտադիր է տվյալ մարդու հետ մտերմությունն ու ընկերությունը շարունակելը։ Երբեմն պետք է նման մարդկանցից անգամ ավելի զգուշավոր լինել և առիթ չտալ հերթական վիրավորանքների ու հասցրած վնասների դրսևորմանը։
Անշուշտ, շատ լավ կլինի, որ կոտրված հարաբերությունները բժշկվեն, վստահությունը վերականգնվի և քեզ վնաս ու վիրավորանք հասցրած մարդը փոխվի և դառնա քո մտերիմը։ Սակայն եթե այդպես չի լինում, ապա պետք է հստակ իմանաս, որ դա մեղք չէ։ Այն, ինչ Աստված ուզում է քեզնից, ո՛չ թե հարաբերությունների վերականգնումն է, այլ տվյալ մարդուն ներելը։ Եվ դրանք տարբեր բաներ են։
Երբ մենք դառնություն ենք պահում մեր մեջ որևէ մարդու հանդեպ, ապա մեր սրտի վիճակը թույլ չի տալիս, որ Սուրբ Հոգին Իր ողջ զորությամբ և սիրով գործի մեր կյանքերում։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ չներելը պատնեշ է մեր և մեր Աստծո միջև։ Իսկ մեր հանդեպ սխալներ գործած մարդկանց ներելը վերահաստատում է մեր և մեր Երկնային Հոր սրտի միջև առկա կապը, որովհետև մենք Նրա նմանությամբ ենք վարվում մեր հանդեպ մեղք ու հանցանք գործողների հանդեպ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու անցնում ես դժվարին ժամանակներով և սրտումդ դառնություն ու չներելու դրսևորումներ ունես որոշ մարդկանց հանդեպ, ապա ուզում եմ քեզ հորդորել, որ ընտրես այն, ինչը կարևոր է Տեր Աստծո համար՝ ընտրես Նրա կամքին հնազանդվելը, ընտրես Նրա նման ողորմասիրտ, կարեկից ու գթառատ լինելը։
Ներելու ճանապարհը մի դժվարին ընթացք է։ Սակայն, երբ դու, անկախ քո կրած ցավերից ու տառապանքներից, ընտրում ես այդ ճանապարհով առաջ ընթանալը, ապա մեր երկնային Հոր սիրտը տակնուվրա է լինում քեզ համար և Երկնքից հատուկ շնորհ ու ողորմություն ես ընդունում այդ դժվարին ճանապարհն Աստծո օգնությամբ անցնելու համար։ Իրականում, քո ներելու որոշումը լավագույն նվերն է ոչ թե այն մարդկանց, որոնց ներում ես, այլ հենց քեզ համար, քանի որ ազատվում ես քո կյանքի դառնության ու սրտի ծանրության դաժան բեռներից։
Ներելը քո սրտի վերաբերմունքի փոփոխությունն է քեզ ցավեցրած ու վիրավորած մարդկանց հանդեպ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Մի պարզ հարց եմ ուզում քեզ ուղղել, սակայն այդ հարցին պատասխանելն այդքան էլ հեշտ չէ․ «Ի՞նչ վիճակում է սիրտդ»։ Օրինակ, գուցե մտածում ես, թե անարժեք մեկն ես կամ անկարող ես որևէ լուրջ հաջողության հասնել։ Իսկ գուցե խորը վիրավորվել ես ինչ-որ մեկի խոսքերից կամ վերաբերմունքից։ Եվ ես ուզում եմ հորդորել քեզ, որ Տեր Աստծուն խնդրես, որպեսզի Նա հայտնի քեզ քո այդ ներքին տառապանքի պատճառները։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/