Ինչպես Բժշկել Քո Սրտի ՎերքերըՕրինակ

Ինչպես Բժշկել Քո Սրտի Վերքերը

ՕՐ 6 7-ից

Հիշի՛ր, որ քո հին անձը մահացել է և վերջնականապես ների՛ր քեզ…

Սիրելի՛ բարեկամ, գուցե քեզ համար տարօրինակ հնչեց այսօրվա ուղերձի վերնագիրը։ Բայց եթե դու Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ վերստին ծնված քրիստոնյա ես, ապա հե՛նց Աստվածաշունչն է պնդում, որ քո հին անձը մահացել է։ Այո՛, եթե երբևէ մեղադրել ես ինքդ քեզ քո կյանքի սխալների ու գործած մեղքերի համար․․․, եթե անցյալդ հիշելիս ծանրության ու անարժեքության զգացում է պատում սիրտդ․․․, եթե ամաչում ես և սարսափելի հիշողություններ ունենում՝ քո հին անձի ապրած կյանքը մտաբերելով, ապա այսօր պետք է ընդունես Աստծո Խոսքի անխախտ ճշմարտությունը՝ այն անձը, որը հեղինակն է այդ ամենի, վաղուց արդեն մահացել է, և այժմ նոր մարդն է ապրում՝ բոլորովին նոր, Աստծուց ծնված ու հավատքի շնորհիվ նորոգված։

Աստվածաշունչը մեզ հուշում է, որ կա չարախոս ու մեզ մեղադրող մեկը, ով Աստծո թշնամին է և ամեն առիթ օգտագործում է մշտապես ինձ ու քեզ մեղադրելու համար։ Դրանով նա իր համար մի կարևոր նպատակ է հետապնդում՝ քո սրտի մեջ կասկածի սերմեր ցանել Աստծո Խոսքի հանդեպ և հեռացնել քեզ հավատքի ու նվիրման ճանապարհից՝ քեզ անարժեքության ու մեղավորության ծանրությունների տակ կքելով։ Հենց այս պատճառով է Աստվածաշունչը սատանային անվանում եղբայրների չարախոս՝ մեկն, ով մեղադրում է մեզ և Քրիստոսի մյուս աշակերտներին գիշեր ու ցերեկ։

«Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Այժմ եղավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու թագավորությունը, իշխանությունը նրա Օծյալի, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը, որ գիշերուզօր մեր Աստծու առաջ չարախոսում էր նրանց մասին (‭‭Հայտնություն‬ ‭12․10‬‬‬)։

Սակայն Աստված Իր Խոսքում բացարձակապես այլ հեռանկար է նկարագրում Իր զավակների համար. «Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (‭‭Ա Հովհաննես‬ ‭1․9‬‬‬)։

Քրիստոնյայի համար չափազանց կարևոր է ոչ միայն մյուսներին, այլ հե՛նց ինքն իրեն ներելը։ Եթե ուզում ես ներել քեզ քո գործած սխալների ու մեղքերի համար, բայց չգիտես՝ որտեղից սկսել, ապա խորհուրդ եմ տալիս հաջորդաբար կատարել այս չորս քայլը.

Աղոթքի մեջ պատմի՛ր Աստծուն քո գործած մեղքերի մասին՝ վստահելով և խոստովանելով Նրան այն ամենն, ինչ տանջում է քեզ։ Հետո Աստվածաշնչից ընթերցիր այն հատվածները, որոնք խոստանում են ներում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մեղքերը խոստովանում են Աստծուն և ապաշխարում դրանցից (տե՛ս Եսայիա 43․25, Բ Մնացորդաց 7․14, Առակաց 28․13 հատվածները և այլն)։

Փառաբանի՛ր Աստծուն Նրա բոլոր բարիքների համար, քանի որ Տերը ներել է քո մեղքերը և բժշկել քո ցավերը (‭‭Սաղմոս‬ ‭103․2‬‬‬)։

Շարունակի՛ր առաջ ընթանալ քայլ առ քայլ։ Ամեն օր պարզապես խնդրիր Աստծուն ավելի ու ավելի բժշկելու և ազատագրելու քո սիրտը։

Հավատա՛, որ քո ամեն օրը նոր օր է՝ լի հույսով ու հավատարիմ Աստծո նորանոր խոստումներով։ Անշուշտ, Տիրոջ ողորմությունները նոր են ամեն առավոտ (‭‭Երեմիայի ողբեր‬ ‭3․22-23‬‬)։

Եթե դեմ չես, կարող ենք աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր, Դու գիտես իմ մեղքերը և ինձ սիրել ու ողորմել ես այն ժամանակ, երբ ես դեռ մեղքերի մեջ խորտակված կյանքով էի ապրում։ Խնդրում եմ՝ ինձ առողջ միտք տուր, որպեսզի չհավատամ չարի ստերին այն մասին, թե Դու մեղադրում ես ինձ իմ անցյալի համար։ Օգնի՛ր ինձ անսասան հավատք ունենալ Քո Խոսքի ճշմարտությունների հանդեպ։ Ես այսօր էլ կատարյալ չեմ, սակայն Դու շարունակում ես սիրել ինձ։ Ես փափագում եմ Քո առջև ուղիղ կյանք ապրելուն։ Իսկ Դու, իմ Տե՛ր, փափագում ես ազատել ինձ իմ մեղքերի ու գործած սխալների ծանրությունից։ Շնորհակալ եմ, իմ բարի ու սիրող, համբերող ու ներող երկնային Հա՛յր։ Գիտեմ, որ Դու ներել ես իմ ձախողումներն ու մեղքերը։ Եվ ես էլ որոշում եմ կայացնում ներելու ինքս ինձ, քանի որ չեմ կարող Քեզ հակառակ մտածել։ Շնորհակալ եմ այն խաղաղության համար, որը հենց հիմա լցնում ես իմ սրտի մեջ։ Օգնի՛ր ինձ, որ Քո ներման հանդեպ իմ երախտագիտությունը լինի Քո Խոսքի համեմատ իմ սրբության ընթացքն ու Քեզ ընծայված իմ կյանքը։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերն ուզում է, որ դու ազատվես մեղավորության ամեն զգացողությունից և ապրես ներված լինելու ազատության մեջ ու ճաշակես Նրա քաղցրությունը քո կյանքի յուրաքանչյուր ակնթարթում։ Մտի՛ր Նրա խաղաղության մեջ հենց այսօր։ Տերը սպասում է քեզ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Ինչպես Բժշկել Քո Սրտի Վերքերը

Մի պարզ հարց եմ ուզում քեզ ուղղել, սակայն այդ հարցին պատասխանելն այդքան էլ հեշտ չէ․ «Ի՞նչ վիճակում է սիրտդ»։ Օրինակ, գուցե մտածում ես, թե անարժեք մեկն ես կամ անկարող ես որևէ լուրջ հաջողության հասնել։ Իսկ գուցե խորը վիրավորվել ես ինչ-որ մեկի խոսքերից կամ վերաբերմունքից։ Եվ ես ուզում եմ հորդորել քեզ, որ Տեր Աստծուն խնդրես, որպեսզի Նա հայտնի քեզ քո այդ ներքին տառապանքի պատճառները։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/