Ինչպես Բժշկել Քո Սրտի ՎերքերըՕրինակ

Ինչպես Բժշկել Քո Սրտի Վերքերը

ՕՐ 7 7-ից

Իսկ գուցե հենց Տեր Աստծո՞ւց ես նեղված․․․

Սիրելի՛ բարեկամ, երբևէ ունեցե՞լ եք նման մտքեր․ «Արդյոք Աստված լսո՞ւմ է իմ աղոթքները։ Ինչո՞ւ Նա թույլ տվեց իմ ընտանիքում պատահած դեպքերը։ Ինչո՞ւ Նա չի միջամտում և կարգավորում իմ աշխատանքն ու ֆինանսները։ Ինչո՞ւ չի կարգավորում իմ անձնական հարաբերությունները»։ Եվ այլ նմանատիպ մտքեր․․․

Աստվածաշունչն ասում է, որ Աստված կատարյալ բարի է և Իր զավակների համար լավագույնն է կամենում։ Այսպիսով, ինչո՞ւ ենք մենք երբեմն նման մտքեր ունենում։

Մեր կյանքում լինում են ժամանակներ, երբ մեր հավատքի ընթացքը առանց մեծ խնդիրների է։ Սակայն լինում են նաև ժամանակներ, երբ անցնում ենք սաստիկ փոթորիկներով և դժվարություններով։ Անգամ մեր կյանքի ծանրագույն իրավիճակներում, երբ մենք բազմաթիվ հարցեր ենք ունենում և չենք հասկանում, թե ինչո՞ւ է այդ ամենը մեր հետ պատահում, միևնույն է, Աստծո բնույթի մեջ ոչինչ չի փոխվում՝ Նա սեր է և Իր զավակների համար լավագույնն է կամենում։

Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ տողերը. «Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ»։ (‭‭Ա Հովհաննես‬ ‭4․16‬‬‬)։

Իհարկե, Հոբի օրինակը մեզ հուշում է, որ մենք կարող ենք կյանքի ծանրագույն պահերին հարցեր ուղղել մեր Տեր Աստծուն։ Նա մեր Հայրն է, և իրավիճակները չըմբռնելու պատճառով ծագած մեր հարցերը Նրան չեն նեղացնում կամ անակնկալի բերում։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե սրտիդ խորքում նեղված ես Աստծուց քո կյանքի հարվածների ու կորուստների պատճառով, ապա ուզում եմ վստահեցնել քեզ, որ քո կյանքի ցավի ու տառապանքի հեղինակն Աստված չէ։ Աստվածաշունչը պնդում է ճիշտ հակառակը։ Աստված կամենում է Իր զավակներին ազատել մեղքի ապականության պատճառով չարիքով լցված այս աշխարհի արհավիրքներից։

Այսօր ուզում եմ քեզ հորդորել, որ ինչ վիճակում էլ լինի քո սիրտը, ինչպիսի արհավիրքներ էլ հարվածած լինեն քո կյանքին, երբե՛ք ու երբե՛ք չհեռանաս Աստծուց։ Նա մեր դժվարությունների մեջ մեր հույսի միակ աղբյուրն է և մեր ուժասպառության մեջ մեզ Իր զորությամբ լցնող Տերը։ Առավել ևս մեր կյանքի դժվարագույն պահերին մենք ավելի մեծ փափագով պետք է փնտրենք Նրա բժշկարար ներկայությունը։

Առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Իմ բարի ու սիրող Հա՛յր, շնորհակալ եմ, որ Քո ծրագրերն ինձ համար բարի են, այլ ոչ թե աղետաբեր, և որ Դու Քո շնորհքով ու ողորմություններով ես լցնում իմ կյանքը։ Շնորհակալ եմ, որ ինձ ուժ ես տալիս հաղթահարելու իմ կյանքի դժվարությունները և որ իմ հույսի աղբյուրն ես իմ կյանքի անհույս թվացող իրավիճակներում։ Խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ, որպեսզի սովորեմ վստահել Քեզ ցանկացած իրավիճակում։ Ես գիտեմ, որ Դու սիրում ես ինձ և իմ կյանքի ծանրագույն իրավիճակներն անգամ դեպի բարին ես գործածում, քանի որ ես էլ Քեզ եմ սիրում։ Այո՛, իմ Տե՛ր, Դու բարի Հայր ես ինձ համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 6

Այս Ծրագրի Մասին

Ինչպես Բժշկել Քո Սրտի Վերքերը

Մի պարզ հարց եմ ուզում քեզ ուղղել, սակայն այդ հարցին պատասխանելն այդքան էլ հեշտ չէ․ «Ի՞նչ վիճակում է սիրտդ»։ Օրինակ, գուցե մտածում ես, թե անարժեք մեկն ես կամ անկարող ես որևէ լուրջ հաջողության հասնել։ Իսկ գուցե խորը վիրավորվել ես ինչ-որ մեկի խոսքերից կամ վերաբերմունքից։ Եվ ես ուզում եմ հորդորել քեզ, որ Տեր Աստծուն խնդրես, որպեսզի Նա հայտնի քեզ քո այդ ներքին տառապանքի պատճառները։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/