Ինչպես Բժշկել Քո Սրտի ՎերքերըՕրինակ

Ինչպես Բժշկել Քո Սրտի Վերքերը

ՕՐ 4 7-ից

Աստված ավելի մեծ է, քան քո տառապանքը

Սիրելի՛ բարեկամ, ներելու թեմային անհնարին է անդրադառնալ, առանց սպիների մասին խոսելու։ Ներելը չի անհետացնում այն ցավը, որը մեզ պատճառել են։ Ներումը չի անհետացնում մեր ստացած վերքերը, բայց այն մեզ թույլ է տալիս բժշկվելու, որից հետո, միևնույնն է, խորը սպիներ են մնում մեր սրտում։

Սակայն նաև քո կյանքի սպիները Տեր Աստծո ձեռքերում կարող են դեպի բարին գործածվող գործիքներ դառնալ։ Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են պատերազմի մասնակիցները ցույց տալիս իրենց սպիները՝ հիշելով ու վերհիշելով իրենց ապրումներն ու սխրանքները։ Նրանց յուրաքանչյուր սպին մի պատմություն է, որը քաջարի պայքարի ու անկոտրում սխրանքների մասին հիշողությունների մի ամբողջություն է ծնում։

Նմանապես և քո սրտի սպիները պետք է խոսեն ներելու հարցում քո կրած հաղթանակների մասին։ Սպիները այլևս չեն ցավում։ Սպիները հիշողություններ են արթնացնում։ Մեր սրտին հասցրած վերքերի սպիները նույնպես հիշողություններ են արթնացնում, որոնք սակայն երբե՛ք չեն թուլացնում ներելու մեր հաստատակամությունը և երբե՛ք ի զորու չեն ատելության սերմեր ցանելու մեզ ցավ պատճառած մարդկանց հանդեպ։

Շատ դեպքերում, եթե չլինեին այդ սպիները, ապա մեզնից շատերն այդպես էլ չէին փնտրի Աստծուն և չէին ճանաչի այս տիեզերքի ամենաբարի, ամենագթառատ, ամենաարդար ու ամենազորեղ Անձին՝ մեր Տեր Աստծուն։ Այնպես, որ մեր սրտի սպիները կարող են նաև գոհության ու շնորհակալության հիշողություններ արթնացնել մեր ներսում։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մենք պետք է կարողանանք թե՛ մեր սրտի վերքերը և թե՛ մեր սրտի սպիները վստահել Տեր Հիսուսին։ Եթե դեմ չես, ապա առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ես նախընտրում եմ Քեզ տալ իմ բոլոր վերքերն ու սպիները հենց հիմա։ Ես հավատում եմ, որ Դու դրանք կօգտագործես զորեղ կերպով Քո անունը փառավորելու համար։ Ես իմ ամբողջ սրտով վստահում եմ Քեզ և հավատում եմ, որ Դու կնորոգես ու կբժշկես ինձ։ Աղոթում ու խնդրում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։

Աստվածաշնչում կարդում ենք այս հիասքանչ խոսքերը. «Բայց Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, Նրա վրա ընկավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (‭‭Եսայիա‬ ‭53․5‬)։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

Ինչպես Բժշկել Քո Սրտի Վերքերը

Մի պարզ հարց եմ ուզում քեզ ուղղել, սակայն այդ հարցին պատասխանելն այդքան էլ հեշտ չէ․ «Ի՞նչ վիճակում է սիրտդ»։ Օրինակ, գուցե մտածում ես, թե անարժեք մեկն ես կամ անկարող ես որևէ լուրջ հաջողության հասնել։ Իսկ գուցե խորը վիրավորվել ես ինչ-որ մեկի խոսքերից կամ վերաբերմունքից։ Եվ ես ուզում եմ հորդորել քեզ, որ Տեր Աստծուն խնդրես, որպեսզի Նա հայտնի քեզ քո այդ ներքին տառապանքի պատճառները։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/