«Անշուշտ, արծաթն իր հանքն ունի, և ոսկին՝ տեղ, որտեղ այն զտում են.
Երկաթը հողից է կորզվում, և քարը հալվում է, պղինձ դառնում։
Մարդը վերջ է դնում խավարին և մինչև վերջին ծայրը քննում է. ծածուկ պահված հանքաքարերը, որոնք մթության և խոր խավարի մեջ են։
Նրանք հանքի մի խոռոչ են բացում ձորի մեջ՝ մարդկանց բնակավայրից հեռու, ճամփորդներից մոռացված. նրանք առանձին են աշխատում, խոռոչի մեջ, պարաններին կառչած։
Հողը, որից հաց է դուրս գալիս, և որի տակը կրակով տակնուվրա է լինում.
Նրա քարերից շափյուղա է դուրս գալիս, ու նրա մեջ ոսկու ավազ կա։
Գիշատիչ թռչունը նրա ճանապարհը չգիտե, և անգղի աչքն այն չի տեսել։
Վայրի գազաններն այն կոխ չեն տվել. առյուծը նրա վրայով չի անցել։
Նա ապառաժին է ձեռքը գցում, սարերը հիմքից տապալում,
Ժայռերի մեջ ջրմուղներ է ճեղքում, ու նրա աչքն ամեն թանկագին բան տեսնում է։
Գետերին արգելում է ծորել ու գաղտնին լույս աշխարհ է հանում։
Բայց իմաստությունը որտե՞ղ է գտնվում, և ո՞րն է խելքի տեղը։
Մարդը դրա արժեքը չգիտե. ողջերի աշխարհում այն չի գտնվի։
Անդունդն ասում է. “Այն իմ մեջ չէ”։ Ծովն էլ ասում է. “Ինձ մոտ չկա”։
Նրա փոխարեն ամենամաքուր ոսկին չի տրվի, և արծաթը չի վճարվի իբրև նրա գին։
Այն Ոփիրի ոսկով չի գնահատվի, ոչ էլ պատվական եղնգնաքարով ու շափյուղայով։
Դրա մոտ ոսկին և բյուրեղն արժեք չունեն, և այն ակնակուռ ոսկե զարդերի հետ չի փոխանակվի։
Բուստն ու բյուրեղը չեն էլ հիշվի. իմաստության գինը մարգարիտներից առավել է։
Դրա մոտ Եթովպիայի տպազիոնն արժեք չունի. մաքուր ոսկով այն չի գնահատվի։
Ուրեմն իմաստությունը որտեղի՞ց է գալիս, և խելքի տեղը ո՞րն է։
Այն բոլոր ողջերի աչքերից ծածկված է ու երկնքի թռչուններից էլ թաքցված։
Կորուստն ու մահն ասում են. “Մենք մեր ականջներով միայն դրա համբավն ենք լսել”։
Դրա ճանապարհն Աստված գիտե. նա է դրա տեղը ճանաչում։
Որովհետև նա է մինչև երկրի ծայրերը նայում. երկնքի ամբողջ տակը գտնվածները տեսնում է։
Քամուն կշիռ դնելիս և ջրերը չափով չափելիս,
Անձրևի համար օրենք սահմանելիս, որոտալից կայծակի համար՝ ճանապարհ,
Այս ամբողջ ժամանակ նա տեսել ու հաշվել է այն, պատրաստել ու քննել է այն
Եվ մարդուն ասել է. “Ահա Տիրոջ երկյուղն է իմաստությունը, և չարությունից հեռանալը խելք է”»։