ՀՈԲ 28
28
Իմաստության խորհուրդը
1«Անշուշտ, արծաթն իր հանքն ունի, և ոսկին՝ տեղ, որտեղ այն զտում են.
2Երկաթը հողից է կորզվում, և քարը հալվում է, պղինձ դառնում։
3 Մարդը վերջ է դնում խավարին և մինչև վերջին ծայրը քննում է. ծածուկ պահված հանքաքարերը, որոնք մթության և խոր խավարի մեջ են։
4Նրանք հանքի մի խոռոչ են բացում ձորի մեջ՝ մարդկանց բնակավայրից հեռու, ճամփորդներից մոռացված. նրանք առանձին են աշխատում, խոռոչի մեջ, պարաններին կառչած։
5Հողը, որից հաց է դուրս գալիս, և որի տակը կրակով տակնուվրա է լինում.
6Նրա քարերից շափյուղա է դուրս գալիս, ու նրա մեջ ոսկու ավազ կա։
7Գիշատիչ թռչունը նրա ճանապարհը չգիտե, և անգղի աչքն այն չի տեսել։
8Վայրի#28.8 Եբր. հպարտ։ գազաններն այն կոխ չեն տվել. առյուծը նրա վրայով չի անցել։
9Նա ապառաժին է ձեռքը գցում, սարերը հիմքից տապալում,
10Ժայռերի մեջ ջրմուղներ է ճեղքում, ու նրա աչքն ամեն թանկագին բան տեսնում է։
11Գետերին արգելում է ծորել ու գաղտնին լույս աշխարհ է հանում։
12Բայց իմաստությունը որտե՞ղ է գտնվում, և ո՞րն է խելքի տեղը։
13Մարդը դրա արժեքը չգիտե. ողջերի աշխարհում այն չի գտնվի։
14Անդունդն ասում է. “Այն իմ մեջ չէ”։ Ծովն էլ ասում է. “Ինձ մոտ չկա”։
15Նրա փոխարեն ամենամաքուր ոսկին չի տրվի, և արծաթը չի վճարվի իբրև նրա գին։
16Այն Ոփիրի ոսկով չի գնահատվի, ոչ էլ պատվական եղնգնաքարով ու շափյուղայով։
17Դրա մոտ ոսկին և բյուրեղն արժեք չունեն, և այն ակնակուռ ոսկե զարդերի հետ չի փոխանակվի։
18Բուստն ու բյուրեղը չեն էլ հիշվի. իմաստության գինը մարգարիտներից առավել է։
19Դրա մոտ Եթովպիայի տպազիոնն արժեք չունի. մաքուր ոսկով այն չի գնահատվի։
20Ուրեմն իմաստությունը որտեղի՞ց է գալիս, և խելքի տեղը ո՞րն է։
21Այն բոլոր ողջերի աչքերից ծածկված է ու երկնքի թռչուններից էլ թաքցված։
22Կորուստն ու մահն ասում են. “Մենք մեր ականջներով միայն դրա համբավն ենք լսել”։
23Դրա ճանապարհն Աստված գիտե. նա է դրա տեղը ճանաչում։
24Որովհետև նա է մինչև երկրի ծայրերը նայում. երկնքի ամբողջ տակը գտնվածները տեսնում է։
25Քամուն կշիռ դնելիս և ջրերը չափով չափելիս,
26Անձրևի համար օրենք սահմանելիս, որոտալից կայծակի համար՝ ճանապարհ,
27Այս ամբողջ ժամանակ նա տեսել ու հաշվել է այն, պատրաստել ու քննել է այն
28Եվ մարդուն ասել է. “Ահա Տիրոջ երկյուղն է իմաստությունը, և չարությունից հեռանալը խելք է”»։
Արդեն Ընտրված.
ՀՈԲ 28: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018