ՀՈԲ 29
29
Հոբի վերջին փաստարկությունները
1Հոբը շարունակեց իր խոսքն ու ասաց.
2«Երանի՜ առաջվա ամիսների և այն օրերի պես լինեի, երբ Աստված ինձ պահում էր.
3Երբ նրա ճրագն իմ գլխի վերևում լույս էր տալիս, խավարում նրա լույսով էի գնում։
4Երբ ես իմ երիտասարդության օրերում էի, և Աստծու մտերմությունն իմ վրանի վրա էր։
5Երբ Ամենակարողը դեռևս ինձ հետ էր, և իմ որդիներն իմ շուրջն էին։
6Երբ իմ ճանապարհը կարագով էր լվացված, և ապառաժը կողքիս ձիթայուղի աղբյուրներ էր բխեցնում։
7Իսկ երբ քաղաքի դուռն էի դուրս գալիս, իմ աթոռը հրապարակում էի դնում.
8Երիտասարդներն ինձ տեսնում էին ու թաքնվում, իսկ ալևորները վեր էին կենում կանգնում.
9Իշխանները խոսելուց դադարում էին և ձեռքները բերաններին էին դնում.
10Ազնվականների ձայնը կտրվում էր, ու նրանց լեզուն քիմքին էր կպչում։
11Որովհետև ինձ լսող ականջն ինձ երանի էր տալիս, և ինձ տեսնող աչքն ինձ հավանում էր։
12Որովհետև ես աղաղակող տնանկին ազատում էի, նաև որբին, որ անօգնական էր։
13Կորածի օրհնությունն ինձ վրա էր գալիս, և որբևայրու սիրտն ուրախացնում էի։
14Արդարությամբ էի զգեստավորված և նրանով զգեստավորվում էի. իրավունքը պատմուճան և խույր էր ինձ համար։
15Ես կույրին աչքեր էի, կաղին՝ ոտքեր։
16Աղքատներին հայր էի. պաշտպանում էի ինձ անծանոթի դատը,
17Փշրում էի անիրավի ժանիքը, նրա ատամների որսը խլում։
18Ասում էի. “Բույնիս կողքին կմեռնեմ և օրերս ավազի չափ կշատացնեմ.
19Արմատներս ջրին կբացվեն, ու ցողն իմ ոստերի վրա կօթևանի.
20Փառքս նոր կմնա ինձ հետ, և աղեղս ձեռքիս կնորոգվի”։
21Ինձ ականջ էին դնում և սպասում. երբ խորհուրդ էի տալիս, լռում էին։
22Իմ խոսելուց հետո չէին կրկնում, և իմ ասածը կաթում էր նրանց վրա։
23Ինձ սպասում էին, ինչպես անձրևին, ու բերանները բաց էին անում գարնան անձրևին սպասողի նման։
24Եթե ես նրանց վրա ծիծաղեի, դժվար թե հավատային. իմ ուրախ երեսը չէին նսեմացնի։
25Նրանց ճանապարհն էի որոշում և իբրև գլխավոր նստում. ապրում էի, ինչպես թագավորը՝ զորքի մեջ, իբրև մեկը, որ սգավորներին է մխիթարում»։
Արդեն Ընտրված.
ՀՈԲ 29: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018