ՀՈԲ 30

30
1«Բայց հիմա ինձ ծաղրում են տարիքով ինձանից փոքրերը, որոնց հայրերին իմ հոտերի շների հետ էլ չէի ուզենա դնել։
2Ինձ ի՞նչ պետք էր զորությունը նրանց ձեռքերի, որոնց առույգությունը կորել էր։
3Չքավորությունից և քաղցից ցամաքած՝ գիշեր ժամանակ անապատ էին փախչում, ավերակ և ամայի վայրեր.
4Մացառի վրայի մոլոշն էին քաղում և գիհիի արմատը՝ իբրև իրենց հաց։
5Նրանք հասարակությունից դուրս էին արվում, ու նրանց վրա գոռում էին, ինչպես գողերի վրա։
6Սոսկալի ձորերում էին բնակվում, գետնին ու ապառաժների ծերպերում։
7Մացառներում բղավում էին, եղինջների տակ էին հավաքվում։
8Հիմարների որդիներ և աննշան մարդկանց որդիներ լինելով՝ երկրից դուրս էին քշվում։
9Բայց հիմա ես եմ նրանց խաղքը դարձել, նրանց համար ծաղրուծանակի առարկա եղել։
10Ինձանից զզվում են, ինձանից հեռանում և չխնայելով երեսիս են թքում։
11Քանի որ Աստված իմ աղեղի լարը թուլացրել է ու ինձ նեղել, նրանք էլ իմ առաջ սանձը բաց են թողել։
12Աջ կողմից խաժամուժն է կանգնում, ոտքերս հրում, ինձ համար իրենց կործանումի ճանապարհները պատրաստում։
13Նրանք իմ շավիղները քանդում են ու իմ կործանման համար են աշխատում՝ առանց որևէ օգնականի կարիքն ունենալու։
14Գալիս են ասես լայն խրամատով, դղրդոցով գլորվելով են գալիս։
15Արհավիրքներն ինձ վրա են դարձել, քամու պես իմ պատիվն են հալածում. իմ ազատությունն ամպի պես անցել է։
16Հիմա հոգիս իմ ներսում հալվում է. ինձ տրտմության օրերն են պատել։
17Գիշերները ոսկորներս ծակվում, ինձ կրծող ցավերը չեն հանգստանում։
18 Աստված մեծ ուժով բռնեց իմ հագուստները. պատմուճանիս օձիքից պինդ բռնեց ինձ։
19Նա ինձ ցեխն է գցել, և ես հողի ու մոխրի նման եմ դարձել։
20Ես քեզ աղաղակում եմ, բայց դու ինձ չես պատասխանում, կանգնում եմ, բայց դու ինձ ուշադրություն չես դարձնում։
21Դու իմ նկատմամբ անգութ ես դարձել, ձեռքիդ զորությամբ ինձ հետ թշնամություն ես անում։
22Դու ինձ բարձրացրել ես, քամուն հեծնել տվել ու մրրիկով ցնցում ես։
23Ստույգ գիտեմ, որ ինձ մահվան ես տանելու և բոլոր կենդանիների համար սահմանված տունը։
24Արդարև#30.24 Կամ Բայց նա իր ավերմունքի վրա չպիտի ձեռք երկարացնի, եթե կորստյան ժամանակ նրանք աղաչեն։, երբ Աստված իր ձեռքը երկարում է, աղաչանք չկա, և երբ կորստյան է մատնում, նրանց համար՝ աղաղակ։
25Մի՞թե ես օրը դժվարությամբ անցկացնողի համար լաց չեմ եղել. հոգիս աղքատի համար չի՞ նեղվել։
26Մինչ ես բարիքի էի սպասում, չարիք եկավ, լույս էի ակնկալում, խավար եկավ։
27Աղիքներս եռացին ու չհանդարտվեցին. տրտմության օրերը դեմս ելան։
28Սևացած եմ ման գալիս, բայց ոչ արևից. ժողովրդի մեջ կանգնում եմ օգնության համար։
29Շնագայլերին եղբայր եմ դարձել ու ջայլամներին՝ ընկեր։
30Մաշկս ինձ վրա սևացել է և կթափվի, ոսկորներս՝ տաքությունից վառվել։
31Սգի է փոխվել իմ քնարը, ու իմ սրինգը՝ լալկանների ձայնի»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 30: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք