Խոստումներ Եւ Օրհնություններ Քեզ ՀամարՕրինակ
Թո՛ղ Աստված քեզ Իր խաղաղության գործիքը դարձնի
Սիրելի՛ բարեկամ, մենք, մեր երկիրը և ողջ աշխարհն այսօր անցնում են անհանգիստ ու փոթորկալի ժամանակաշրջանով։ Եվ այսօր ուզում եմ հորդորել քեզ, որ դեպի Աստված բարձրացրնես քո աղոթքներն ու զորացնես քո հավատը Նրա Խոսքի ճշմարտությունների նկատմամբ։ Ահա մի գեղեցիկ աղոթք, որը Ֆրանցիսկոս Ասիզեցու աղոթքն է առ Աստված։ Ամեն ջանք արել եմ, որ իմ թարգմանությունը չկորցնի նրա խոսքերի ու սրտի անկեղծության ողջ հմայքն ու հոգևոր դաս փոխանցելու իմաստությունը․
«Օ՜, Տեր իմ,
Ինձ խաղաղության գործիքդ դարձրու:
Ատելության տեղ՝ թող որ սեր ցանեմ,
Վիրավորանքի փոխարեն՝ ներում,
Կասկածի վայրում՝ թող ցանեմ հավատք,
Վհատված հոգում՝ հույսի խնդություն,
Խավար կյանքերում Քո լույսը ցանեմ,
Վշտացած սրտում՝ սուրբ ուրախություն:
Օ՜, հզոր Աստված, շնորհիր ծառայիդ
Որ ես չձգտեմ երբե՛ք ու երբե՛ք
Լինել սփոփված, այլ սփոփեմ մարդկանց,
Հասկանալու տեղ՝ լինել հասկացված
Եվ ոչ թե սպասեմ, որ լինեմ սիրված,
Այլ սիրեմ նրանց...
Քանզի տալու մեջ մենք ստանում ենք միշտ,
Ներելու դեպքում՝ ներում ենք գտնում,
Եվ մեռնելու մեջ ծնվում ենք կրկին
Հավիտենական նոր կյանքի համար:
Ամեն»։
Այո՛, այսօր մենք ոչ միայն պետք է կարողանանք ընդունել մեր Տեր Աստծո խաղաղությունը, այլև Նրա խաղաղության գործիքը պետք է դառնանք մեզ շրջապատող աշխարհում։ Մենք այնքա՜ն հասանելի պետք է լինենք Տեր Աստծո համար և այնքա՜ն հնազանդ Նրա ձեռքերում, որ մեր Տերը վերցնի մեզ ու կարողանա մեզ օգտագործել մեր շրջապատի մարդկանց կյանքում Իր խաղաղությունը բերելու հարցում։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, թո՛ղ քո հավատն ու հնազանդությունը Աստծո Խոսքի հանեպ, քո խոնարհությունն ու հեզությունը մարդկանց հետ հարաբերություններում հիմք դառնան քո հանդեպ Տեր Աստծո առանձնահատուկ բարեհաճության, և Նա քեզ Իր խաղաղության գործիքը դարձնի։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/