Խոստումներ Եւ Օրհնություններ Քեզ ՀամարՕրինակ
Աստված համաձայն Իր հարստության կհոգա քո կարիքները
Սիրելի՛ բարեկամ, որոշ մոլորեցնողներ փորձում են հոգևոր կյանքը ներկայացնել որպես մի կյանք, որը լուծում է քո բոլոր մարմնավոր խնդիրները և այս երկրային կյանքում անհավատներից ավելի լավ ապրելու հնարավորության ընձեռում Քրիստոսի հավատարիմ հետևորդներին։ Իրականում Տեր Հիսուսը ճիշտ հակառակն էր սովորեցնում։ Նա հավատքի կյանքը կոչում էր «Նեղ ճանապարհ», իսկ Իր հետևորդներին զգուշացնում էր, որ աշխարհի մեջ նեղություն են ունենալու և հալածանք են կրելու (տե՛ս Մատթեոս 7.13-14 և Հովհաննես 16.33 հատվածները):
Սակայն Քրիստոսի իրական հետևորդները արտաքին նեղությունների հետ մեկտեղ ընդունելու են Տեր Հիսուսի աննկարագրելի խաղաղությունը, Սուրբ Հոգու անմիջական առաջնորդությունն ու հաղորդությունը և լինելու են Հայր Աստծո անմիջական հոգատարության ներքո։
«Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով» (Փիլիպպեցիներին 4․19):
Ես բավականին բարձր վարձատրվող աշխատանք եմ ունեցել նախքան հովվական ծառայության անցնելը։ Եվ առանց որևէ չափազանցության կարող եմ ասել, որ հովվական ծառայության անցնելուց հետո մեր ընտանիքի եկամուտը կրճատվեց մոտ տասն անգամ։ Դա բավականին ծանր հարված էր մեր ընտանեկան բյուջեին, հատկապես, եթե հաշվի առնենք այն ժամանակ դեռ երեք մանկահասակ երեխաների առկայությունը, որոնք վաղ դպրոցական և մանկապարտեզի տարիքի էին։
Սակայն մենք հստակ մղում ունեինք ծառայելու Աստծուն և մեր ծառայության արդյունքում Տեր Հիսուս Քրիստոսի փրկության Բարի Լուրը հասցնելու մեր ազդեցության շրջանակում լինող մարդկանց։ Իրականում, ոչ մի տրամաբանական բացատրություն չկար մեր որոշմանը։ Սակայն մեր հույսն Աստծո հոգածությունն էր։ Եվ հիմա՝ տարիներ անց, կարող եմ վստահեցնել, որ մենք երբե՛ք կարիքի մեջ չենք մնացել։ Աստված այնպիսի աշխատանք էր ինձ պարգևում, որը չէր խանգարում իմ ծառայություններին։ Նա գերբնական կերպով հոգացել է ոչ միայն իմ ընտանիքի կարիքները, որն այդ տարիներին ավելացավ ևս մեկ հրաշալի անդամով՝ ծնվեց մեր չորրորդ զավակը, այլև մեզ ապահովեց այնքան, որ մենք կարողանում էինք նաև օգնել կարիքի մեջ լինողներին։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, ես իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ ինչպես իմ կյանքում հավատքի ու զոհաբերության քայլը իր պտուղները տվեց մեր կյանքի ու ծառայության մեջ, այնպես էլ քո կյանքում հանուն Աստծո ապրելու քո որոշումը ներքին խաղաղություն և Աստծո հոգածության աննկարագրելի վստահություն կարող է բերել քո և քո ընտանիքի կյանքի մեջ։
Իմ սիրտն ուրախությամբ է լցվում, երբ ես վկայում եմ ի լուր աշխարհի, որ Աստված այս բոլոր տարիներին հոգում է մեր ընտանիքի բոլոր կարիքները և գերբնական կերպով օրհնում այն եկեղեցին, որտեղ մենք ծառայում ենք։
Իմ հոգուն շատ հարազատ են Դավիթ թագավորի այս խոսքերը. «Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու»(Սաղմոս 23․1):
Դավիթն այս տողերը գրելու ժամանակ նույնպես անցնում էր կյանքի ծայրահեղ դժվարին ու վտանգավոր փուլով, երբ Սավուղը հետապնդում էր նրան և թագավորի իր բոլոր լծակները գործի էր դրել, որպեսզի սպանի Դավթին։ Սակայն Դավիթը գիտեր, որ Տերը իր Հովիվն է և ցանկացած իրավիճակում հոգ է տանելու իր համար ու որ ինքը ոչ մի բանի կարիք չի ունենալու։
Իսկ ինչպիսի՞ դժվարություններով ես դո՛ւ անցնում։ Ինչպիսի՞ նեղությունների ու վտանգների ես բախվել քո կյանքում։ Եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին և որոշել ես ճանաչել ու հնազանդվել Աստծո կամքին, ապա հիշի՛ր, որ Աստված միշտ հոգ է տանում Իր զավակների համար։ Նա քեզ երբեք չի անտեսի ու չի թողնի առանց հոգածության։ Նա քեզ իմաստություն կտա, որ աշխատես ու հոգաս քո ընտանիքի կարիքները։ Նա գերբնական կերպով կմիջամտի ու կլուծի քո և քո ընտանիքի խնդիրները։ Նա քեզ կզորացնի նեղ ճանապարհի դժվարությունները հավատքով անցնելու համար և կհոգա քո բոլոր կարիքները իր ունեցած հարստության չափով և Տեր Հիսուս Քրիստոսի փառքով։
Ես հավատում եմ այս խոսքերի իրական լինելուն։ Ես դա տեսել եմ իմ կյանքում և աղոթում եմ, որպեսզի դու էլ հավատաս, որ եթե Տերը քո կյանքի Հովիվն է, ապա դու ոչնչի կարիք չես ունենա։ Դու Նրա սիրելի գառնուկն ես, որ երբ հայտնվում ես վտանգավոր վայրում, Նա թողնում է իննսունիննին և դուրս գալիս քեզ որոնելու և փրկելու։ Նա քեզ քո անունով է ճանաչում և երբեք քեզ չի լքի։ Միայն դարձիր քո ողջ սրտով, հոգով ու կարողությամբ Աստծուն սիրող ու Նրան վստահող մեկը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/