Հռոմեացիներին 5:1-21

Հռոմեացիներին 5:1-21 ՆՎԱԱ

Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը որոշված ժամանակին մեռավ ամբարիշտների համար։ Քանի որ հազիվ թե մեկը արդարի համար մեռնի, բայց բարի մարդու համար գուցե մեկը համարձակվի մեռնել։ Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Հապա որքա՜ն առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից փրկված կլինենք։ Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք։ Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին։ Որովհետև մինչև օրենքը աշխարհում մեղքը կար, բայց այն մեղք չի համարվում, քանի դեռ օրենք չկա։ Բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա. Ադամի, որ օրինակն է նրա, որ գալու էր։ Սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքա՜ն առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով։ Դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։ Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն, ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այնպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս։ Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ Բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը. բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղ շնորհն առավել շատացավ, որպեսզի ինչպես որ մեղքը մահվան միջոցով թագավորեց, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհը արդարությամբ թագավորի հավիտենական կյանքի համար։

Հռոմեացիներին 5:1-21 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր