Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսինՕրինակ
Ճանաչե՛նք Քրիստոսի Հոգուն
Մենք ավարտում ենք «Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին»անվանումը կրող շարքը։ Այս շարքի վերջին ուղերձի մեջ անդրադառնալու ենք Քրիստոսի Հոգու թեմային։ Մենք պետք է ճանաչե՛նք Քրիստոսի Հոգուն, որպեսզի կարողանանք տարբերել ստություններն ու հավատքի կեղծ դրսևորումները, որոնք հակաքրիստոսին և սուտ օծյալներին, սուտ մարգարեներին ու սուտ ուսուցիչներին բնորոշ հատկանիշներն են։
Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը հստակ ու միանշանակ սովորեցնում է, որ իրական ու կեղծ հավատացյալներին, իրական ու սուտ օծյալներին, իրական ու մոլորեցնող ուսուցիչներին և իրական ու սուտ մարգարեներին կարելի է տարբերել Քրիստոսի Հոգու շնորհիվ։
«Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Նրան չի պատկանում» (Հռոմեացիս 8․9):
Եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Աստծուն չի պատկանում։ Ահա և սուտը ճշմարտությունից, կեղծիքը իրականից տարբերելու բանալին։ Հիշենք Տեր Հիսուսի զգուշացումը, որ նշաններով ու հրաշքներով մենք չենք կարող տարբերել իրական ու կեղծ օծյալներին, ճշմարիտ ու մոլորեցնող քարոզիչներին։ Եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Աստծուն չի պատկանում։ Մարդու կյանքում միայն Աստծու Սուրբ Հոգու ներկայության փաստն է որոշում Նրա՝ Աստծուն պատկանելը կամ գառան մորթի հագած գայլ լինելը։ Եվ այդ ներկայության ապացույցը հրաշքներն ու նշանները չեն։
Շատերն են պնդում, որ եթե Հոգին իրենց մեջ չլիներ, այսպիսի նշաններ չէին ուղեկցի իրենց ծառայությանը։ Տեր Հիսուսը ճիշտ հակառակն էր սովորեցնում։ Նշանները, հրաշքներն ու բժշկությունները դեռ չեն խոսում մարդու ներսում Աստծու Սուրբ Հոգու ներբնակության մասին։ Իսկ ի՞նչն է այդ դեպքում Քրիստոսի Հոգու ներկայության ապացույցը։
«Նրանք աշխարհից են, դրա համար աշխարհիկ բաներից են խոսում, և աշխարհը նրանց լսում է։ Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, ով Աստծուց չէ, չի լսում մեզ. սրանից ենք ճանաչում ճշմարտության Հոգին և խաբեության հոգին» (Ա Հովհաննես 4․5-6):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մարդու մեջ Քրիստոսի Հոգու ներբնակության ապացույցը Աստծու կամքին հնազանդվելու և սրբության կյանքով ապրելու փափագն է։ Չկա՞ Աստծու կամքին հնազանդվելու փափագ, չկա՛ Քրիստոսի Հոգու ներբնակությունը։ Չկա՞ սրբության կյանքի փափագ, ուրեմն մարդը դեռ կարիք ունի ապաշխարության, որպեսզի Նրա մեջ բնակվի Աստծու կողմից խոստացված Սուրբ Հոգին։
Սուտ օծյալների քարոզության թեման մեղքի դեմ պայքարը չէ, այլ աշխարհիկ հաջողությունն ու այս կյանքում բարգավաճման հասնելու ուղիները։ Քրիստոսի Հոգին մարդուն մղում է Աստծու կամքին հնազանդության՝ սովորեցնում, խրատում, հանդիմանում, զորացնում, մխիթարում և բարձրացնում ընկած տեղից։ Իսկ խաբեության հոգին ուսուցանում է աշխարհիկը, աշխարհասիրությունը և աշխարհի սկզբունքներով հաջողության հասնելու ճանապարհները։
«Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։ Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (Ա Հովհաննես 2․15-17):
Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին։ Ճանաչե՛նք Քրիստոսի Հոգուն, որ տարբերենք խաբեության հոգուն։ Ճանաչե՛նք Քրիստոսի ճշմարիտ աշակերտներին, որ տարբերենք արդարության կերպարանք հագած չարի ծառաներին։ Ճանաչե՛նք Աստծու ճշմարիտ Խոսքը, որ տարբերենք մոլորության քարոզները։ Մեր կյանքի ամեն իրավիճակում ճանաչե՛նք Աստծու կամքը, որ կարողանանք տարբերել չարի ուղարկած ստության մտքերը։ Կեղծիքը հնարավոր կլինի բացահայտել, եթե դու լավ ծանոթ լինես ճշմարիտ ու իրական բնօրինակին․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Վերջին ժամանակներում կարևոր տեղ է զբաղեցնում հակաքրիստոսի իշխանության գալը, ով իրեն Աստված է ներկայացնելու և երկրպագություն է ընդունելու խաբված մարդկանցից։ Հակաքրիստոսը ունենալու է ճշմարիտ Քրիստոսի՝ մեր Տիրոջ և Փրկչի որակների ճիշտ հակառակ որակները: Արտաքին դրսևորումներով նրանց տարբերելը չափազանց դժվար է և անգամ՝ անհնարին։ Եթե մենք նայենք հրաշքներին ու նշաններին՝ նրանց ծառայության միջոցով կատարվող գերբնական դրսևորումներին, ապա կմոլորվենք։ Մենք մեր ուշադրությունը պետք է սևեռենք նրանց բնույթին՝ ապրելակերպին, ձգտումներին ու փոխանցած ուսուցումներին։ Քրիստոս եկավ ծառայելու մարդկանց, իսկ հակաքրիստոսը գալու է իշխելու համար։ Մենք պետք է ճանաչե՛նք Քրիստոսի Հոգուն, որպեսզի կարողանանք տարբերել ստություններն ու հավատքի կեղծ դրսևորումները:
More