Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսինՕրինակ
Հակաքրիստոսի մերօրյա ծառաները
Մենք շարունակում ենք շարքը, որը կրում է «Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին»անվանումը։ Այս շարքի նախորդ ուղերձներից մեկի մեջ արդեն իսկ անդրադարձել ենք այն թեմային, որ Քրիստոսի ճշմարիտ աշակերտների համար կենսականորեն կարևոր է մերօրյա սուտ օծյալներին ու սուտ մարգարեներին տարբերելու ունակության զարգացումը։ Հակաքրիստոսը գործելու է այն նույն ոճով, որով գործում են իր ծառաները մեր օրերում։ Ովքե՞ր են հակաքրիստոսի մերօրյա ծառաները։ Ի՞նչ տեսքով ու ծառայություններով են նրանք հանդես գալիս։ Ինչպե՞ս է հնարավոր նրանց տարբերել Քրիստոսի ճշմարիտ աշակերտներից։
Սիրելի՛ բարեկամ, անշուշտ, մի փոքր տարօրինակ է հնչում այն միտքը, որ մեր շրջապատում՝ հոգևորականների, հովիվների, քարոզիչների, մարգարեների և եկեղեցում ծառայություն ունեցող այլ մարդկանց շրջանում կարող են լինել սուտ օծյալներ ու սուտ մարգարեներ։ Սակայն որքան էլ այս միտքը տարօրինակ ու օտար թվա մեզ, մենք պետք է լսենք Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին և ընդունենք Տեր Հիսուսի և առաքյալների զգուշացումները։
«Որովհետև կհայտնվեն սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ, որոնք նշաններ ու հրաշքներ ցույց կտան, որպեսզի մոլորեցնեն, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։ Բայց դուք զգո՛ւյշ եղեք. ահա նախապես ձեզ ամեն ինչ ասացի» (Մարկոս 13․22-23):
«Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Ինչպես լսեցիք, Նեռը գալիս է, և արդեն իսկ բազում նեռեր են եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։ Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն» (Ա Հովհաննես 2․18-19):
«Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։ Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու» (Բ Կորնթացիս 11․13-15):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, արդյոք մենք ընդունո՞ւմ ենք Տեր Հիսուսի, Հովհաննես առաքյալի և Պողոս առաքյալի այս զգուշացումները, թե՞ ընդունում ենք բոլոր ծառայողներին՝ առանց քննելու նրանց որակներն ու ուսուցումները։ Իսկ եթե քննում ենք, արդյոք մեր ուշադրությունը նրանց բնավորության, ուսուցումների ու ապրելակերպի՞ վրա է, թե՞ նրանց ոգևորության և հրաշքների ու նշանների վրա։
Քրիստոսի ճշմարիտ ծառաները գործում են Աստծու Արքայության շահի համար։ Սուտ օծյալները գործում են սեփական շահի, դիրքի ու անունի համար։ Քրիստոսի ճշմարիտ ծառաների քարոզության հիմքում Աստծու Խոսքի ճշմարտություններն են։ Սուտ օծյալների քարոզության հիմքում իրենց լսողների ակնկալիքներն են։ Նրանց նպատակը մարդկանց բազմություններ հավաքելն է, այլ ոչ թե սրբության փափագ ունեցող աշակերտներ բարձրացնելը։ Քրիստոսի ճշմարիտ ծառաները հեզ են և խոնարհ, սակայն, միևնույն ժամանակ, իրենց Տիրոջ պես ուժեղ ու համարձակ։ Սուտ օծյալները հպարտ են ու ինքնահավան և, միևնույն ժամանակ, թույլ ու վախկոտ։ Նրանց հիմնական զենքերից մեկը մարդկանց հետևից բամբասելն է ու չարախոսությամբ իրար դեմ տրամադրելը, որպեսզի կարողանան կառավարել նրանց։
Եթե մենք մեր մեջ զարգացնենք հակաքրիստոսի մերօրյա ծառաներին տարբերելու ունակությունը, կկարողանանք տարբերել Քրիստոսի ճշմարիտ ծառաներին ու աջակցել նրանց անշահախնդիր ծառայությանը հանուն Աստծու Արքայության ընդլայնման և մեր օրերում Քրիստոսի առաքելության իրագործման։ Աղոթում եմ, որ Տերը իմաստություն տա բոլորիս և բացի մեր հոգևոր աչքերը աստվածաշնչյան այս անհերքելի ճշմարտությունների հանդեպ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Վերջին ժամանակներում կարևոր տեղ է զբաղեցնում հակաքրիստոսի իշխանության գալը, ով իրեն Աստված է ներկայացնելու և երկրպագություն է ընդունելու խաբված մարդկանցից։ Հակաքրիստոսը ունենալու է ճշմարիտ Քրիստոսի՝ մեր Տիրոջ և Փրկչի որակների ճիշտ հակառակ որակները: Արտաքին դրսևորումներով նրանց տարբերելը չափազանց դժվար է և անգամ՝ անհնարին։ Եթե մենք նայենք հրաշքներին ու նշաններին՝ նրանց ծառայության միջոցով կատարվող գերբնական դրսևորումներին, ապա կմոլորվենք։ Մենք մեր ուշադրությունը պետք է սևեռենք նրանց բնույթին՝ ապրելակերպին, ձգտումներին ու փոխանցած ուսուցումներին։ Քրիստոս եկավ ծառայելու մարդկանց, իսկ հակաքրիստոսը գալու է իշխելու համար։ Մենք պետք է ճանաչե՛նք Քրիստոսի Հոգուն, որպեսզի կարողանանք տարբերել ստություններն ու հավատքի կեղծ դրսևորումները:
More