Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսինՕրինակ

Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին

ՕՐ 1 7-ից

Սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ

Այսօր մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին»անվանումը։ Շատերն են այսօր խոսում վերջին ժամանակների մասին։ Այս թեման կարծես մոդայիկ է և ժամանակ առ ժամանակ վերադառնում է ու գրավում բազմաթիվ մարդկանց ուշադրությունը։ Տեր Հիսուսի զգուշացումները, Աստվածաշնչի այլ հատվածներում փոխանցված նշանները և վերջին ժամանակների մասին Պողոս առաքյալի նկարագրությունները ասես հե՛նց մեր ժամանակների մասին լինեն։

Սիրելի՛ բարեկամ, վերջին ժամանակների նկարագրության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում հակաքրիստոսի իշխանության գալը։ Աստվածաշունչը նրան ներկայացնում է որպես սուտ քրիստոս՝ անօրենության մարդ, որ իրեն Աստված է ներկայացնելու և երկրպագություն է ընդունելու խաբված մարդկանցից։

«Թող ոչ ոք ոչ մի կերպ ձեզ չխաբի, որովհետև Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա, ու չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին, այն հակառակորդը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում. մինչև իսկ նա Աստծու տաճարում կնստի և ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է» (Բ Թեսաղոնիկեցիս 2․3-4):

Վերջին օրերին չափազանց մեծ է լինելու հակաքրիստոսին տարբերելու կարևորությունը։ Նա իրեն որպես Աստված է ներկայացնելու, և շատերն են մոլորվելու ու երկրպագելու են նրան՝ որպես Աստծուն։ Իսկ ինչպե՞ս է հնարավոր տարբերել հակաքրիստոսին։ Մեր առաջիկա յոթ ուղերձները հե՛նց այս թեմայի շուրջ են ծավալվելու։

Այս շարքի մեր առաջին ուղերձի մեջ մենք կատարելու ենք վերը բերված կարևորագույն այս թեմայի ուսումնասիրության առաջին քայլը։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մինչև հակաքրիստոսի գալը բազմաթիվ սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ են գալու։ Նրանք հիմա էլ կան՝ մեր մեջ են և մեր շուրջ։ Եթե մենք կարողանանք տարբերել մեր ժամանակներում և մեր միջավայրում գործող այս սուտ քրիստոսներին, կսովորենք նաև տարբերել նրանց ոճով ու տրամաբանությամբ գործող հակաքրիստոսին ու նրա սուտ մարգարեին, երբ նա իրեն Աստված հռչակի ու երկրպագություն պահանջի մարդկանցից։

«Որովհետև կհայտնվեն սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ, որոնք նշաններ ու հրաշքներ ցույց կտան, որպեսզի մոլորեցնեն, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։ Բայց դուք զգո՛ւյշ եղեք. ահա նախապես ձեզ ամեն ինչ ասացի» (Մարկոս 13․22-23):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը զգուշացնում էր, որ սուտ քրիստոսներն ու սուտ մարգարեները այնքան խորամանկ են լինելու, որ հրաշքներով ու նշաններով մոլորեցնելու են շատ շատերին և, եթե հնարավոր լիներ, նույնիսկ ընտրյալներին։ Ինչպիսի՞ հրաշքների ու նշանների մասին է խոսքը։ Բժշկություններ, ազատագրություններ, մարդկանց հիացնող ու հմայեցնող պահվածք ու գործողություններ․․․ Այս բոլորը հնարավոր է սուտ քրիստոսների ու սուտ մարգարեների համար։

Բժշկություններն ու ազատագրությունները սխալ չեն, սակայն դրանք դեռ չեն խոսում այն մասին, որ տվյալ հովիվը կամ քարոզիչը Աստծուց է։ Տերը սովորեցնում էր նայել նրանց ուսուցման պտուղներին։ Սուտ քրիստոս նշանակում է սուտ օծյալ։ Այսօր շատերն են իրենց օծյալներ հռչակում և մոլորեցնում ու հմայեցնում մարդկանց իրենց գործած նշաններով ու հրաշքներով։

Սուտ օծյալները գեղեցիկ ու արհեստավարժ խոսելակերպ ունեն, սակայն նրանց քարոզության պտուղը մարդկանց կառավարելն է, այլ ոչ թե Քրիստոսի աշակերտ դարձնելը։ Նրանք հմայում են մարդկանց, և մարդիկ ասես սկսում են նրանց պաշտել։ Սուտ օծյալներն իրենց բարձր դասի ծառայողներ են համարում։ Նրանց մեջ իսպառ բացակայում է խոնարհությունն ու հեզությունը, որոնք իրական օծյալներին տարբերելու ամենակարևոր որակներն են։

Եթե մենք սովորենք տարբերել մերօրյա սուտ օծյալներին, կկարողանանք տարբերել հակաքրիստոսին, որը նույնպես սուտ օծյալ է լինելու՝ սուտ քրիստոս։ Եթե մենք այսօր սուտ օծյալներին չկարողանանք տարբերել՝ չտեսնենք նրանց հպարտութունը, ինքնահավանությունը, մյուսներին սեփական շահերի համար օգտագործելու մղումը, սեփական թագավորության ու իշխանության համար մյուսներին տրորելու պատրաստակամությունը և շատ այլ նման որակներ, ապա վաղը չենք կարողանալու տարբերել հակաքրիստոսին, քանի որ ինչպես այսօր ենք հմայված լինելու սուտ քրիստոսների հրաշքներով ու նշաններով, այնպես էլ վաղը հմայվելու ենք հակաքրիստոսի գործունեությամբ ու նշաններով։

Իրական օծյալները նման են իրենց Տիրոջը՝ հեզ ու սրտով խոնարհ։ Սուտ օծյալները նույնպես նման են իրենց տիրոջը՝ անիրավություն սիրող և մարդկանց սեփական շահերի համար օգտագործող։ Աստված լուսավորի մեր աչքերը, որ տարբերակենք մարդկանց հեզությունն ու հպարտությունը, խոնարհությունն ու ամբարտավանությունը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին

Վերջին ժամանակներում կարևոր տեղ է զբաղեցնում հակաքրիստոսի իշխանության գալը, ով իրեն Աստված է ներկայացնելու և երկրպագություն է ընդունելու խաբված մարդկանցից։ Հակաքրիստոսը ունենալու է ճշմարիտ Քրիստոսի՝ մեր Տիրոջ և Փրկչի որակների ճիշտ հակառակ որակները: Արտաքին դրսևորումներով նրանց տարբերելը չափազանց դժվար է և անգամ՝ անհնարին։ Եթե մենք նայենք հրաշքներին ու նշաններին՝ նրանց ծառայության միջոցով կատարվող գերբնական դրսևորումներին, ապա կմոլորվենք։ Մենք մեր ուշադրությունը պետք է սևեռենք նրանց բնույթին՝ ապրելակերպին, ձգտումներին ու փոխանցած ուսուցումներին։ Քրիստոս եկավ ծառայելու մարդկանց, իսկ հակաքրիստոսը գալու է իշխելու համար։ Մենք պետք է ճանաչե՛նք Քրիստոսի Հոգուն, որպեսզի կարողանանք տարբերել ստություններն ու հավատքի կեղծ դրսևորումները:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ Hisus.am