Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսինՕրինակ

Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին

ՕՐ 5 7-ից

Ճանաչե՛նք Քրիստոսի իշխանությունը

Մենք շարունակում ենք շարքը, որը կրում է «Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին»անվանումը։ Այս ուղերձի մեջ անդրադառնալու ենք Տեր Հիսուսի իշխանության թեմային։ Այս թեման բանալի է, որի շնորհիվ կարողանալու ենք տարբերել մոլորեցնողներին, գառան մորթի հագած գայլերին և արդարության կերպարանքով ներկայացող չարի ծառաներին։

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսի իշխանությունը հոգևոր էր, այլ ոչ թե քաղաքական։ Նա չէր եկել այս աշխարհի քաղաքական կյանքը նորոգելու։ Եվ ո՛չ էլ նպատակ էր հետապնդում ազատագրելու հռոմեական լծի տակ կքված հրեաներին և նոր ու անկախ թագավորություն հիմնելու։ Անշուշտ, հրեաների ակնկալիքները խոստացված Մեսիայից հե՛նց այս քաղաքական խնդիրների լուծման տիրույթում էին։ Սակայն Տերը հստակ էր Իր առաքելության հարցում։

«․․․որովհետև Մարդու Որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու» (Ղուկաս 19.10):

Տերը եկել էր ծառայելու մարդկանց և ազատագրելու նրանց մեղքի կապանքներից։ Քրիստոսի ճշմարիտ աշակերտների ու Նրա հավատարիմ ծառաների նպատակը պետք է լինի նույնը՝ փնտրել և փրկել կորածներին։ Մեր իշխանությունը հոգևոր իշխանություն է։ Մեր պատերազմը հոգևոր պատերազմ է։ Մեր ծառայության արդյունքը պետք է լինի հոգևոր ազատագրությունն ու սրբության կյանքը։ Մեր հանձնարարությունը աշակերտներ բարձրացնելն է, որոնք այս նույն արժեքներով են ապրում և այս նույն նպատակներն են հետապնդում։

Մոլորեցնողներն ու սուտ օծյալները ճիշտ հակառակին են ձգտում։ Նրանց համար կարևորը իրենց հետևորդների քանակն է, այլ ոչ թե սրբության կյանքի փափագ ունեցող աշակերտներ բարձրացնելը։ Նրանք իրենց թագավորությունն են կառուցում, այլ ոչ թե Աստծու Արքայության համար են գործում։ Նրանց երազանքներն այս երկրային կյանքի համար են, այլ ոչ թե՝ երկնային գանձերի։ Նրանք մարդկանց ծառայեցնում են սեփական նպատակներին հասնելու համար, իսկ երբ այլևս այդ մարդկանց կարիքը չունեն, հեռացնում են իրենց կյանքից։

«Հիսուսը նրանց Իր մոտ կանչեց ու ասաց. «Գիտեք, որ հեթանոսների մեջ ովքեր իշխան են համարվում, տիրում են նրանց, և նրանց մեծամեծները իշխում են նրանց վրա։ Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ուզում է մեծ լինել, պետք է ձեր սպասավորը լինի։ Եվ ձեզանից ով ուզում է առաջինը լինել, բոլորի ծառան պետք է լինի։ Որովհետև Մարդու Որդին նույնպես չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար իր կյանքը որպես փրկագին տա» (Մարկոս 10.42-45):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը եկավ ծառայելու մարդկանց, իսկ հակաքրիստոսը և մերօրյա սուտ օծյալները մարդկանց ծառայեցնելու են իրենց նպատակներին։ Տեր Հիսուսն Իր իշխանությունը կիրառում էր մարդկանց Աստծուն մոտեցնելու և Աստծու կամքը նրանց սովորեցնելու համար։ Իսկ սուտ օծյալները մարդկանց կապում են իրենց անձերին և սովորեցնում մարդկանց՝ իրենց սեփական կամքը նրանց համար դարձնելով առաջնային և ամենակարևոր գործոնը։

«Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե Իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա Իմ հետևորդները կպայքարեին, որ Ես հրեաների ձեռքը չմատնվեի. ուստի և Իմ թագավորությունն այստեղից չէ» (Հովհաննես 18.36):

Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին և սուտ օծյալներին։ Իրական քրիստոնյաների թագավորությունը այս աշխարհից չէ։ Նրանց իշխանությունը երկնային է և հոգևոր։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին

Վերջին ժամանակներում կարևոր տեղ է զբաղեցնում հակաքրիստոսի իշխանության գալը, ով իրեն Աստված է ներկայացնելու և երկրպագություն է ընդունելու խաբված մարդկանցից։ Հակաքրիստոսը ունենալու է ճշմարիտ Քրիստոսի՝ մեր Տիրոջ և Փրկչի որակների ճիշտ հակառակ որակները: Արտաքին դրսևորումներով նրանց տարբերելը չափազանց դժվար է և անգամ՝ անհնարին։ Եթե մենք նայենք հրաշքներին ու նշաններին՝ նրանց ծառայության միջոցով կատարվող գերբնական դրսևորումներին, ապա կմոլորվենք։ Մենք մեր ուշադրությունը պետք է սևեռենք նրանց բնույթին՝ ապրելակերպին, ձգտումներին ու փոխանցած ուսուցումներին։ Քրիստոս եկավ ծառայելու մարդկանց, իսկ հակաքրիստոսը գալու է իշխելու համար։ Մենք պետք է ճանաչե՛նք Քրիստոսի Հոգուն, որպեսզի կարողանանք տարբերել ստություններն ու հավատքի կեղծ դրսևորումները:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ Hisus.am