Կավե անոթը Բրուտի ձեռքերումՕրինակ

Կավե անոթը Բրուտի ձեռքերում

ՕՐ 5 7-ից

Երբ Աստծուն Տեր ես կոչում․․․

Կավե անոթը չի կարող որոշել, թե ինչպիսի ձև ինքը պետք է ունենա և ինչ տեսք պետք է տա իրեն բրուտը։ Չափազանց կարևոր է, որ մենք հասկանանք, որ Աստված մեզնից յուրաքանչյուրի համար Իր ծրագիրն ունի։ Եվ Նա չի հարմարվելու մեր քմահաճույքներին ու նախընտրություններին։ Երբեմն մենք փորձում ենք հակառակվել Աստծու կամքին ու մեր կյանքերի համար Նրա նախանշած ընթացքին։ Այդ ամենի արդյունքում էլ հայտնվում ենք մի վայրում, որտեղ կոտրված ենք, փշրված, իսկ մեր սրտում ասես մի աննկարագրելի դատարկություն լինի։

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչում կարդում ենք, որ Աստծու կամքը բարի է, հաճելի և կատարյալ (տե՛ս Հռոմեացիս 12.2 խոսք):

Սակայն մարդը փորձում է ինքն իր մարդկային հաշվարկներով, իմաստությամբ ու ցանկություններով կարգավորել իր կյանքը։ Այդպիսին կարող են լինել անձնական կյանքին վերաբերող որոշումները, երբ գիտես, որ Աստծու կամքին հակառակ է, բայց շատ ես ուզում, որ ստացվի քո պատկերացումը։ Կարող է լինել աշխատանքային ու ֆինանսական հարց, որի կարգավորումը փորձում ես իրականացնել Աստծու սկզբունքներին հակառակ և օգուտ կամ շահ ստանալ։ Կարող է նաև լինել մարդու կյանքի ցանկացած այլ ոլորտի խնդիր, որը մենք փորձում ենք ինքներս լուծել մեր պատկերացումներով, որոնք հակառակ են Աստծու կամքին ու Աստծու Խոսքի սկզբունքներին։

Սակայն, ինչպես բրուտը գիտի, թե ո՛րն է լավագույնը իր ձեռքերի շնորհիվ կերտվող կավե ամանի պարագայում, այնպես էլ Աստված գիտի մեր կյանքի լավագույն ուղին։ Նա սիրում է մեզ հայրական հոգատարությամբ ու անսահման սիրով։ Ուղղակի մենք պետք է հնազանդվենք ու հանձնվենք Նրա հմուտ ձեռքերի մեջ և սպասենք ու վստահենք Նրա անսահման իմաստությանը։

«․․․նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին» (Երեմիա 18.4)։

Մեր կյանքի դժվարին իրավիճակներում է, որ Աստված զորավոր գործեր է անում մեր ներսում Իր ուզած անձնավորությունը կերտելու համար։ Եթե քո կյանքի որևէ ոլորտում շեղվել ես Աստծու կամքից և գնում ես քո ցանկությունների ու պատկերացումների հետևից, ապա ապաշխարի՛ր որքան հնարավոր է շուտ, խոստովանի՛ր քո անհնազանդությունը և վերադարձի՛ր հմուտ Վարպետի ձեռքերի մեջ։ Նա կարո՛ղ է վերականգնել քեզ և քեզնից մի հրաշալի փառքի անոթ կերտել Իր Արքայության համար։

Աստված Երեմիային բրուտի տուն ուղարկեց, որպեսզի նա մարդկանց փոխանցի Աստծու կամքին հանձնվելու կարևորությունը։ Մարդիկ հաճախ Տեր Աստծուց օգնություն են խնդրում, սակայն չեն կամենում հնազանդվել Աստծու կամքին։ Անհնազանդ կավը չի՛ կարող դիմանալ բրուտի ճախարակի պտույտներին։ Այն անընդհատ փլուզվելու է և, ի վերջո, մի կողմ է նետվելու։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ սովորենք Տեր Աստծու բարի, հաճելի և կատարյալ կամքը մեր ցանկություններից ու պատկերացումներից վեր դասելը։ Ե՛կ սովորենք Նրան վստահելն ու Նրա ձեռքերի մեջ հնազանդ կյանքով ապրելը։ Սա մի հրաշալի օրհնություն ու թարմություն է բերելու քո կյանքի մեջ, որից այդքա՜ն հոգնել ես։ Սակայն այն նաև քեզնից խոնարհություն, հեզություն, համարձակություն, ջանք և Աստծու ծրագրերին վստահելու հավատք է պահանջելու։

Աղոթում եմ քեզ համար, որ այսօր և այսուհետ չմերժես Սուրբ Հոգու քաղցր մղումները, որոնք Նա պարբերաբար ուղարկում է քո սրտի մեջ։ Ե՛կ վստահենք Աստծուն։ Ե՛կ թույլ տանք, որ Նա կերտի մեզ նորովի՝ Իր կամքի համաձայն։ Կարևորը կավե անոթի տեսքը չէ։ Կարևորն այն է, որ այդ անոթը Տեր Աստծու ձեռքերում ձևավորվի և ծառայի այն նպատակին, որի համար արարվել է։ Սա՛ է իրական երջանկությունը, և սա՛ է Աստված ուզում անել քո կյանքում․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Կավե անոթը Բրուտի ձեռքերում

Մենք նման ենք կավի, իսկ Աստված Բրուտն է։ Նա ոչ միայն արարել է մեզ, այլև ուզում է մեզնից կերտել Իր փառքի անոթները։ Երբ մենք մեր կյանքերը հանձնում ենք Տեր Հիսուսի տնօրինմանը և վստահում, Տերն օգնում ու փոխակերխում է մեր էությունը։ Ինչպես կավն է բրուտի ձեռքերի մեջ, այնպես ես և դու՝ Աստծու ձեռքերում։ Առանց կրակների միջով թրծվելու, մեր սիրտը երբե՛ք չի ամրանա։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/