Ծրագրի մասին

Կավե անոթը Բրուտի ձեռքերումՕրինակ

Կավե անոթը Բրուտի ձեռքերում

ՕՐ 2 7-ից

Իսկ դու վստահո՞ւմ ես Վարպետի հմտությանը

Կավե անոթի պատրաստման համար բրուտը նախ ուշիուշով ընտրում է կավը։ Ամեն կավ չէ, որ հարմար է կավագործության համար։ Վարպետ կավագործը ոչ միայն ընտրում է համապատասխան կավը, այլ տեղափոխում է այն իր արվեստանոց, որտեղ էլ, վարպետի հմուտ աշխատանքի շնորհիվ, այն դառնալու է արվեստի մի գեղեցիկ գլուխգործոց։ Բրուտը երբե՛ք չի աշխատում կավի հետ այն վայրում, որտեղ գտնում է կավը։ Բրուտը միշտ այն տանում է իր հետ աշխատավայր։

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ կավը նույնպես նախապատրաստվում է՝ նախքան ճախարակի վրա բրուտի ձեռքերի մեջ հայտնվելը։ Կավը սկզբում շատ չոր է լինում և բազմաթիվ կոշտերով լի, որոնք հետագայում խանգարելու են ճախարակի վրա գեղեցիկ կավե ամանի վերջնական տեսքի ձևավորմանը։

Սակայն, որպեսզի կավի հետ հնարավոր լինի աշխատել, ոչ միայն պետք է դրանում առկա կոշտերը հեռացնել, այլև դրա վրա ջուր ավելացնել, հունցել ու ճզմել այնքան, մինչև ստացվի միատարր առաձգական մի զանգված։ Այդ ժամանակ երևում են նաև մանր գնդիկներն ու ջրի հետ չլուծված տարրերը, որոնք նույնպես հեռացման կարիք ունեն, որպեսզի կավե ամանի վերջնական տեսքի ձևավորման առումով բրուտի մտահղացմանը ոչինչ չխանգարի։

Անշուշտ, այս ամենը կավագործության մասին չէ միայն, և վերը բերված նկարագրությունը բազմաթիվ հոգևոր դասեր ու ճշմարտություններ ունի իր մեջ։ Պատահական չէր, որ Աստված Երեմիային ուղարկեց բրուտի տուն, որպեսզի այդ ճշմարտությունները ցույց տա նրան, որ նա էլ իր հերթին կարողանա դրանք փոխանցել մյուսներին՝ այդ թվում նաև ինձ և քեզ։

«Այն խոսքը, որ Տիրոջ կողմից հասավ Երեմիային՝ ասելով. «Վե՛ր կաց, իջի՛ր բրուտի տունը, և այնտեղ Ես քեզ լսել կտամ Իմ խոսքերը» (Երեմիա 18.1-2)։

Այս բոլոր նախապատրաստություններից հետո վարպետը վերցնում է կավե գունդը, այն դնում դուրգի կամ ճախարակի վրա և սկսում պտտել այն։ Հմուտ վարպետը քաջատեղյակ է, որ տարբեր տեսակի անոթներ պատրաստելու համար տարբեր արագություն է անհրաժեշտ տալ ճախարակին։ Բրուտն է որոշում դրա պտտման արագությունը։ Բրուտն է որոշում նաև անոթի ձևը, չափն ու արտաքին տեսքը։

«Եվ սակայն, ո՛վ Տեր, Դու ես մեր Հայրը. մենք կավն ենք, Դու՝ մեր բրուտը, մենք բոլորս Քո ձեռքի գործն ենք» (Եսայիա 64.8)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչն է ասում, որ մենք կավ ենք Տեր Աստծու՝ հմուտ Վարպետի ձեռքերում։ Նա ընտրում է մեզ, նախապատրաստական աշխատանք տանում, հեռացնում մեր միջից բոլոր խանգարող կոշտուկները՝ մեր կապվածություններն ու չար բնավորությունները, ներդաշնակություն պարգևում մեր էությանը, վերցնում Իր ձեռքերի մեջ և դնում ճախարակի վրա։

Գուցե դու էլ այսօր անցնում ես այնպիսի մի ընթացքով, որը գլխապտույտ առաջացնելու չափ ցավոտ է, սակայն քեզ մոտեցնում է Տեր Աստծու պատկերացրած անձնավորությունը դառնալու օրհնյալ իրողությանը։

Երբ մենք խոստովանում ենք մեր անկատարությունը և մեր կյանքերը հանձնում ենք Տեր Հիսուսի տնօրինմանը, դրանով ասում ենք, որ կարիք ունենք, որ Տերն օգնի մեզ ու փոխակերպի մեր էությունը։ Հենց այդ նո՛ւյն պահին Նա սկսում է նախապատրաստական աշխատանքները և մի օր վերցնում մեզ Իր սուրբ ձեռքերի մեջ, որպեսզի մեզ հաղորդի հենց ա՛յն տեսքն ու էությունը, որը Նա ունեցել էր Իր մտքում մեզ արարելիս։

Երբ մենք խոստովանում ենք մեր կավ լինելը և վստահում Տիրոջը, ապա Մեծ Վարպետն Իր անսահման իմաստությամբ սկսում է Իր կողմից արարված զավակի մեջ կերտել Իր պատկերացրած էությունը։

Իսկ դու քո կյանքը վստահե՞լ ես ամենաիմաստուն և ամենահմուտ Վարպետին․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Կավե անոթը Բրուտի ձեռքերում

Մենք նման ենք կավի, իսկ Աստված Բրուտն է։ Նա ոչ միայն արարել է մեզ, այլև ուզում է մեզնից կերտել Իր փառքի անոթները։ Երբ մենք մեր կյանքերը հանձնում ենք Տեր Հիսուսի տնօրինմանը և վստահում, Տերն օգնում ու փոխակերխում է մեր ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում