Ինչպե՞ս ներել սովորելՕրինակ
Ներման քո մոտեցումը Երկինքը կիջեցնի երկրի վրա
Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք ավարտում ենք ներման թեմային նվիրված մեր շարքը։ Աստվածաշնչում գրված է, որ կյանքն ու մահը լեզվի ձեռքին են, և դա ճշմարիտ է։ Անձամբ ես հավատում եմ նաև, որ ոչ միայն մեր խոսքերը, այլև մեր վերաբերմունքը կարող է կյանք կամ մահ բերել մեզ կամ մեր մերձավորներին:
Մարդը կարող է վնասել հայացքով, սպանել խոսքով, խոցել դառնության վերաբերմունքով, ցավ պատճառել չներելով և այլն: Սակայն հակառակը նույնպես ճշմարիտ է դրական վերաբերմունքի առումով։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու պետք է վստահ լինես ու համոզված, որ Աստծուն ես պատկանում և Նրա դեսպանն ես այս երկրի վրա։
Դու գնվել ես Քրիստոսի թանկ արյամբ, ինչպես կարդում ենք Ա Պետրոս 1․18-19 հատվածում. «․․․իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ գառան»։
Եթե դու Տեր Հիսուսի Քրիստոսի աշակերտն ես, ապա Նրանից կարող ես սովորել սիրող հայացքով բարձրացնել ընկածին, ներման խոսքով վերադարձնել ժպիտը քո մտերիմի կամ ծանոթի դեմքին, և անգամ լռությամբ բժշկել լարված իրավիճակը, քանի որ դու քո Ուսուցչի նման խաղաղարար ես:
Դու այս Երկրի վրա ես, որպեսզի սիրես Նրա պես, ներես Նրա պես, վարվես Նրա պես, սակայն ոչ քո ուժով կամ զորությամբ, ինչպես որ Սուրբ գրքում է ասվում, այլ Նրա Հոգով, որ բնակվում է քո մեջ… (տե՛ս Զաքարիա 4․6 խոսքը)։
Որպես Քրիստոսի հավատարիմ աշակերտ դու պետք է դառնաս Նրա Արքայության դեսպանը և Նրա ազդեցության անուշ բույրը տարածես ամենուր, ուր որ գնաս: Դու կարող ես քո վերաբերմունքով, քո խոսքերով ու վարքագծով այսօր և ամեն օր Երկինքն իջեցնել երկրի վրա։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Երբ մարդիկ միաբան չեն, նրանք չեն կարող իրենց ուժը, միջոցներն ու նպատակները համատեղել և ուղղել ծագած խնդիրների լուծման ուղղությամբ։ Սա ճշմարիտ է թե՛ երկրի, թե հասարակության, թե՛ եկեղեցու և թե՛ ընտանիքների առումով։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/