Ինչպե՞ս ներել սովորելՕրինակ
Ի՞նչ անել, երբ այլևս չես կարող վստահել․․․
Սիրելի՛ բարեկամ, այսօր միասին փորձելու ենք հասկանալ, թե ինչ կարող ես անել, երբ հարաբերությունների հարցում բախվում ես բարդագույն խնդիրների։ Խոսքը տարաձայնություններ ունենալու մասին չէ։ Դու կարող ես դիմացինի հետ անհամաձայնություն ունենալ որևէ հարցի շուրջ՝ միևնույն ժամանակ նրա հետ պահելով դրական ու ջերմ հարաբերություններ։
Որպեսզի մեր տարաձայնությունները չհանգեցնեն հարաբերությունների հարցում լարվածության և չունենան կոտրված ու խզված հարաբերության հետևանքներ, կենսական կարևորություն ունի միմյանց հանդեպ խաթարված վստահության վերականգնումը։ Իսկ միմյանց հանդեպ վստահության վերականգնման միակ ուղին սկսվում է իրար ներելու առաջին քայլից։ Առանց դրա կոտրված հարաբերությունները չեն կարող նորոգվել։ Ահա թե ինչ կարող ես անել…
- Քո խնդիրը աղոթքի մեջ ներկայացրու Տիրոջը։ Անկեղծորեն պատմի՛ր Նրան քո սրտի վերքերի մասին և խնդրի՛ր Տիրոջն օգնել քեզ, որպեսզի կարողանաս սրտանց ներել։
- Հետո Տեր Աստծո ներկայության մեջ ներելու որոշում կայացրու, որովհետեւ Տերը մեզ սովորեցնում է աղոթել այսպես. «Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին» (Մատթեոս 6․12)։
- Եվ վերջում, Տիրոջ առաջ հայտարարիր, որ դու ներել ես քեզ վերքեր հասցրած մարդկանց։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեր ամենօրյա ուղերձների ունկնդիրներից մեկն ինձ հարց էր գրել, թե արդյոք մենք պետք է ներենք նաև այն ժամանակ, երբ մեզ վիրավորած մարդը ներողություն չի խնդրում մեզնից։ Երբեմն ներող կողմը կարող է այսպես մտածել. «Ես սպասում եմ, որ նա գա ու ինձնից ներողություն խնդրի, և հետո միայն ես կներեմ նրան»։ Ներելը մեր սրտի վիճակն է, որն իր մեջ հարաբերությունների բժշկության ու անցյալի ծանրությունից ազատվելու պատրաստակամություն ունի։
Մենք պետք է զգույշ լինենք, որ կուրորեն չվստահենք չփոխված մարդկանց, որոնք նախկինում վնասել են մեզ։ Սակայն ներումը վստահության վերականգնման առաջին քայլն է։ Օրինակ, եթե մեկը քո գաղտնիքը հայտնել է մյուսներին, ներելը չի կարող նշանակել, որ դու նախկինի պես կիսվում ես նրա հետ քո կյանքի գաղտնիքներով, այլ որ նրա հասցրած վերքերի համար այլևս նրան չես դատապարտում։
Հնարավո՞ր է արդյոք ներել առանց ներողություն խնդրելու։ Այո՛։ Նման ներումը հարաբերությունների վերականգնման պատրաստականությունն է և այդ պատրաստակամության մասին ազդակները քեզ վիրավորած անձին փոխանցելը։
Մի՛ զրկիր քեզ այն խաղաղությունից, որը ներումը կարող է բերել քո կյանք։ Դու ծնվել ես ազատ լինելու և այն կյանքը վայելելու համար, որը Տերն է պատրաստել քեզ համար։ Թույլ մի՛ տուր, որ չներելը գողանա քո խաղաղությունը, ուրախությունն ու արդարությունը։ Ներելու որոշում կայացրո՛ւ, և թող Տեր Հիսուսը զորացնի քեզ այդ որոշումը կյանքի կոչելու հարցում։ Ես համոզված եմ, որ Տերը կանի դա, եթե հարատևորեն խնդրես Նրանից ներելու հարցում Իր շնորհի օգնությունը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Երբ մարդիկ միաբան չեն, նրանք չեն կարող իրենց ուժը, միջոցներն ու նպատակները համատեղել և ուղղել ծագած խնդիրների լուծման ուղղությամբ։ Սա ճշմարիտ է թե՛ երկրի, թե հասարակության, թե՛ եկեղեցու և թե՛ ընտանիքների առումով։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/