Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքըՕրինակ
Քո իրավիճակը հանձնի՛ր Աստծո ձեռքերի մեջ
«Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա՛ գցեք, որովհետև Նա ձեզ հոգ է տանում» (Ա Պետրոս 5.7 ):
Սիրելի՛ բարեկամ, գուցե անցնում ես կյանքի դժվարին ժամանակահատվածո՞վ։ Գուցե անգամ հուսահատված ես կամ ուժասպառ ու անհանգի՞ստ։ Եթե ապրածդ ամեն մի օրն անվերջանալի պայքար է քեզ թվում, ապա այսօր ուզում եմ քեզ քաջալերե՛լ՝ եթե քո այդ պայքարի ընթացքն անցնես Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասին, ապա քո կյանքի նման պայքարներից օրհնաբեր հաղթանակներ են ծնվելու։
Ծանր ժամանակներում մենք հնարավորություն ենք ստանում Աստծուն նորովի տեսնելու և ճանաչելու։ Այս ամենի մեջ ամենակարևոր պայմանն Աստծո հետ քո մտերմությունն ավելի խորացնելն է։ Ջա՛նք արա, որպեսզի ավելի լավ ճանաչես Նրան, ավելի խորը և նորովի։
Մի բան է մտքով հասկանալ, որ Աստված քո պաշտպանն է, և բոլորովին այլ բան, երբ քո կյանքում իրապես տեսնում ես դա գործնական դրսևորումների մեջ։ Այդ ժամանակ մենք հասկանում ենք, որ Աստված զորություն ունի գերբնական կերպով միջամտելու և փոխակերպելու մեր կյանքերը։
Ես առաջարկում եմ քեզ առանձնանալ Տեր Աստծո հետ և քո կյանքի իրավիճակներն աղոթքով հանձնել Նրան՝ քո հոգսերը հավատքով իջեցնել ուսերիցդ և թողնել դրանք Նրա ոտքերի մոտ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, սրբի՛ր արցունքներդ, հայացքդ բարձրացրո՛ւ դեպի Տերը, որովհետև թեև քո կայնքի այսօրվա ընթացքը կարող է իրապես բարդ ու անլուծելի թվալ, սակայն մի բանում կարող ես համոզված լինել՝ այն քեզ ավելի ու ավելի է մոտեցնելու Աստծուն։ Եվ եթե դու սիրում ես Աստծուն ու հնազանդ ես Նրա Խոսքին անգամ քո դժվարությունների մեջ ու կյանքի ծանր ճնշումների պարագայում, ապա վստահաբար կարող եմ ասել, որ քո երկնային բարի Հայրը հոգ կտանի քեզ համար և գերբնական կերպով լուծում կտա քեզ անհանգստացնող հարցերին։
Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Իմ Աստվա՛ծ, այս պահից սկսած իմ ողջ հոգսն ու բոլոր անհանգստությունները հանձնում եմ Քեզ։ Ես վստահում եմ Քեզ և Քեզնից իմաստություն եմ խնդրում ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Ինչպես նաև խնդրում եմ համբերություն, որպեսզի սպասեմ քո գերբնական միջամտություններին, իսկ մինչ այդ ամենն իրականացած տեսնելը մնամ Քեզ ու Քո Խոսքի սկզբունքներին հավատարիմ։ Ես սիրում եմ Քեզ, իմ Տե՛ր, և շնորհակալ եմ, որ ինձ հետ պատահած այս ամենը Դու դեպի բարին ես օգտագործելու և, այդ ամենի արդյունքում, ինձ ավելի ես մոտեցնելու Քեզ։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամեն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են հմուտ երաժիշտները լարում երաժշտական գործիքները։ Նախ պետք է լսել նրանց ճիշտ նոտան և հետո այդ մեկ նոտայի շնորհիվ գործիքը լարել այնպես, որ բոլոր նոտաներն ունենան ճիշտ հնչողություն։ Սակայն ո՞րն է մե՛ր պարագայում այն չափանիշը, որը ցույց կտա և կուղղորդի մեզ մեր սրտերը ճիշտ հաճախականության դնելու հարցում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/