Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքըՕրինակ
Լսի՛ր, քաջալերի՛ր և ունեցի՛ր սիրո վերաբերմունք
«Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ Նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները» (Եսայի 50.4)։
Սիրելի՛ բարեկամ, եթե դու որոշել ես ապրել Քրիստոսի աշակերտի կյանքով, ապա Աստծո Հոգին քո ներսում է բնակվում, և Նա Իր խոսքն է դնում քո շուրթերին ամեն անգամ, երբ քեզ մարդկանց հետ Աստծո Խոսքի ու Նրա վկայությունների մասին խոսելու հնարավորություն է ընձեռվում։ Աստվածաշունչն ասում է, որ ճիշտ ժամանակին և պատշաճ կերպով ասված խոսքերը նման են «արծաթե զարդերի մեջ լինող ոսկե խնձորների» (Առակաց 25.11)։
Եվ որպեսզի դու ինքդ կարողանաս ընդունել այդ թանկարժեք ու մեծ զորություն պարունակող խոսքերը, որոնցով մյուսներին ես քաջալերելու, ամրացնելու և զորացնելու, նախ դու ինքդ պետք է կարողանաս լսել Սուրբ Հոգու ձայնն ու քաջալերանքը։
Սուրբ Հոգին փափագում է սովորեցնել քեզ, թե ինչպես զանազանես Իր ձայնը, որպեսզի հազարավոր ձայների մեջ կարողանաս ճանաչել Նրա՛ ձայնը, ունակ լինես հետևելու Նրա կամքին, և սովորես Աստծո Խոսքն ընդունել որպես երկնային մանանա ու դրանով կիսվել քո շրջապատի մարդկանց հետ։
Ահա թե ինչու, երբ օրը նոր է բացվում, և դու առավոտյան ժամանակ ես հատկացնում աղոթքին և Աստծո խաղաղ ներկայության մեջ Նրա հետ հաղորդակցությանը՝ կիսվելով Նրա հետ քո կյանքի իրադարձություններով, հույսերով, և գուցե նաև դժվարություններով, ժամանակ հատկացրու նաև, որպեսզի լռես ու լսես Նրա արձագանքը։ Մի պահ կանգ առ և ուշադիր լսիր։ Դու կլսես Հորը, Նրա ձայնը, կզգաս Նրա սիրտը։ Իհարկե, Նա սիրում է քեզ…, բայց Նա քեզ հետ կխոսի նաև քո շրջապատի մարդկանց ու նրանց կարիքների մասին՝ հարևանիդ, տնօրենիդ, սկեսրոջդ կամ աշխատանքային վայրումդ որևէ մեկի մասին և այլն։
- Աստված քո սրտում սեր կդնի նրանց հանդեպ։
- Քեզ կարեկցանքով կլցնի նրանց հանդեպ։
- Քեզ թույլ կտա Իր աչքերով տեսնելու նրանց։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս աշխարհի մարդկանց ուղղված Հայր Աստծո քաջալերանքը քո շուրթերին է։ Նա ցանկանում է քո օգնությամբ բժշկել մարդկանց, քաջալերել նրանց և Իր կյանք տվող խոսքերը իրականացած տեսնել նրանց կյանքերում։ Իսկ դու պատրա՞ստ ես հնազանդորեն ընդունելու Նրա առաջարկած այս առաքելությունը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են հմուտ երաժիշտները լարում երաժշտական գործիքները։ Նախ պետք է լսել նրանց ճիշտ նոտան և հետո այդ մեկ նոտայի շնորհիվ գործիքը լարել այնպես, որ բոլոր նոտաներն ունենան ճիշտ հնչողություն։ Սակայն ո՞րն է մե՛ր պարագայում այն չափանիշը, որը ցույց կտա և կուղղորդի մեզ մեր սրտերը ճիշտ հաճախականության դնելու հարցում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/