Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքըՕրինակ

Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքը

ՕՐ 5 7-ից

Դու ունես երկնային Մարզիչ

«Օրհնյա՜լ է Տերը, իմ Վեմը, որ ձեռքերս սովորեցնում է կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու» (‭‭Սաղմոս‬ ‭144.1): ‬ ‭

Սիրելի՛ բարեկամ, եթե դու Քրիստոսի աշակերտն ես, ապա, իրականում, դու Տեր Աստծո «ռազմաջոկատում» ես։ Ցանկացած բան, ինչի միջով այս պահին անցնում ես, նպատակ ունի քո մեջ զորավոր մի ռազմիկի ձևավորելու և քեզ հոգևոր հաղթանակի հմտությունները սովորեցնելու։ Նայի՛ր, օրինակ, պրոֆեսիանալ մարզիկներին։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է հագեցած ժամանակացույցով մարզումների երկար մի ընթացքով անցնի, որպեսզի կարողանա հաղթանակներ և արդյունքներ գրանցել։

Այսպիսի ընթացքը բարդ կարող է լինել թե՛ ֆիզիկապես, թե՛ զգացմունքային առումով և թե՛ հոգեբանորեն։ Քեզ կարող է թվալ, որ քո էության ամեն մի մասնիկը ճնշման տակ է։ Կարող է թվալ, որ մի քիչ էլ և դու այլևս չես դիմանա ու կպայթես։ Բայց դա տեղի չի ունենում քո հանդեպ Աստծո շնորհի և ողորմության դրսևորման շնորհիվ։

Այո՛, մենք «… նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք»

(‭‭Բ Կորնթացիներին‬ ‭4.8-9‬):

Քո Հայրը քեզ պատրաստում է հաղթանակներով լեցուն ապագայիդ համար։ Նա գիտի, թե ինչի ես ունակ ու թե ինչ ծանրաբեռնվածության կարող ես դիմանալ։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հայացքդ կենտրոնացրու Տեր Աստծո վրա և շարունակիր առաջ ընթանալ։ Մի՛ տկարացիր ու մի՛ հանձնվիր։ Աստված քո կողքին է ինչպես մի հրաշալի երկնային Մարզիչ։ Նա ասում է քեզ. «Զավա՛կս, դու սրա միջով էլ կանցնես։ Ես քո կողքին եմ, որպեսզի օգնեմ քեզ»։

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Երկնային Հա՛յր, շնորհակալ եմ, որ Քեզ հայտնի է իմ ունակությունների չափը և որ ուժից վեր ծանրություն թույլ չես տալիս, որ գա իմ կյանք։ Շնորհակալ եմ, որ այն ամենը, ինչի միջով անցնում եմ, ունի հստակ նպատակ՝ Դու մարզում ես իմ ձեռքերը հոգևոր պատերազմներ ու պայքարներ մղելու համար։ Ես վստահում եմ Քեզ և համբերելու եմ մինչև վերջ։ Որքան էլ դժվար լինի իմ իրավիճակը, ես ջանքս չեմ թուլացնելու և շարժվելու եմ ըստ Քո ուղղորդումների։ Ես հավատում եմ, որ տեսնելու եմ Քո շնորհիվ իմ կյանք այցելած հոգևոր հաղթանակների ընթացքը։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքը

Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են հմուտ երաժիշտները լարում երաժշտական գործիքները։ Նախ պետք է լսել նրանց ճիշտ նոտան և հետո այդ մեկ նոտայի շնորհիվ գործիքը լարել այնպես, որ բոլոր նոտաներն ունենան ճիշտ հնչողություն։ Սակայն ո՞րն է մե՛ր պարագայում այն չափանիշը, որը ցույց կտա և կուղղորդի մեզ մեր սրտերը ճիշտ հաճախականության դնելու հարցում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/