Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքըՕրինակ

Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքը

ՕՐ 3 7-ից

Լսի՛ր, քաջալերի՛ր և ունեցի՛ր սիրո վերաբերմունք

«Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ Նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները» (Եսայի ‭50.4‬)։

Սիրելի՛ բարեկամ, եթե դու որոշել ես ապրել Քրիստոսի աշակերտի կյանքով, ապա Աստծո Հոգին քո ներսում է բնակվում, և Նա Իր խոսքն է դնում քո շուրթերին ամեն անգամ, երբ քեզ մարդկանց հետ Աստծո Խոսքի ու Նրա վկայությունների մասին խոսելու հնարավորություն է ընձեռվում։ Աստվածաշունչն ասում է, որ ճիշտ ժամանակին և պատշաճ կերպով ասված խոսքերը նման են «արծաթե զարդերի մեջ լինող ոսկե խնձորների» (‭‭Առակաց‬ ‭25.11‬)։

Եվ որպեսզի դու ինքդ կարողանաս ընդունել այդ թանկարժեք ու մեծ զորություն պարունակող խոսքերը, որոնցով մյուսներին ես քաջալերելու, ամրացնելու և զորացնելու, նախ դու ինքդ պետք է կարողանաս լսել Սուրբ Հոգու ձայնն ու քաջալերանքը։

Սուրբ Հոգին փափագում է սովորեցնել քեզ, թե ինչպես զանազանես Իր ձայնը, որպեսզի հազարավոր ձայների մեջ կարողանաս ճանաչել Նրա՛ ձայնը, ունակ լինես հետևելու Նրա կամքին, և սովորես Աստծո Խոսքն ընդունել որպես երկնային մանանա ու դրանով կիսվել քո շրջապատի մարդկանց հետ։

Ահա թե ինչու, երբ օրը նոր է բացվում, և դու առավոտյան ժամանակ ես հատկացնում աղոթքին և Աստծո խաղաղ ներկայության մեջ Նրա հետ հաղորդակցությանը՝ կիսվելով Նրա հետ քո կյանքի իրադարձություններով, հույսերով, և գուցե նաև դժվարություններով, ժամանակ հատկացրու նաև, որպեսզի լռես ու լսես Նրա արձագանքը։ Մի պահ կանգ առ և ուշադիր լսիր։ Դու կլսես Հորը, Նրա ձայնը, կզգաս Նրա սիրտը։ Իհարկե, Նա սիրում է քեզ…, բայց Նա քեզ հետ կխոսի նաև քո շրջապատի մարդկանց ու նրանց կարիքների մասին՝ հարևանիդ, տնօրենիդ, սկեսրոջդ կամ աշխատանքային վայրումդ որևէ մեկի մասին և այլն։

  • Աստված քո սրտում սեր կդնի նրանց հանդեպ։
  • Քեզ կարեկցանքով կլցնի նրանց հանդեպ։
  • Քեզ թույլ կտա Իր աչքերով տեսնելու նրանց։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս աշխարհի մարդկանց ուղղված Հայր Աստծո քաջալերանքը քո շուրթերին է։ Նա ցանկանում է քո օգնությամբ բժշկել մարդկանց, քաջալերել նրանց և Իր կյանք տվող խոսքերը իրականացած տեսնել նրանց կյանքերում։ Իսկ դու պատրա՞ստ ես հնազանդորեն ընդունելու Նրա առաջարկած այս առաքելությունը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Սուրբ Գրություն

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս դառնալ Աստծո էության արձագանքը

Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են հմուտ երաժիշտները լարում երաժշտական գործիքները։ Նախ պետք է լսել նրանց ճիշտ նոտան և հետո այդ մեկ նոտայի շնորհիվ գործիքը լարել այնպես, որ բոլոր նոտաներն ունենան ճիշտ հնչողություն։ Սակայն ո՞րն է մե՛ր պարագայում այն չափանիշը, որը ցույց կտա և կուղղորդի մեզ մեր սրտերը ճիշտ հաճախականության դնելու հարցում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/