Ինչպե՞ս սովորել համարձակությունՕրինակ

Ինչպե՞ս սովորել համարձակություն

ՕՐ 4 7-ից

Եղի՛ր համարձակ քո կյանքում ներդրում ունենալու հարցում։

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ քաջալերել, որպեսզի ներդրում ունենաս քո սեփական կյանքում։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Արդյոք սա մեզ չի՞ տանի դեպի եսակենտրոնություն և ինքնասիրահարվածություն։ Ինչպե՞ս կարող ենք ստուգել ու քննել մեր կյանքում աճի և հաջողվածության հասնելու մեր շարժառիթների ճիշտ կամ սխալ լինելը։ Սրանք կարևոր հարցեր են, որոնց կփորձեմ պատասխանել այս ուղերձի շրջանակներում։

Ինչո՞ւ է կարևոր, որ առաջին հերթին ներդրվես քո սեփական աճի ու կայացման հարցում։ Եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին, ապա պետք է նաև հավատաս մեր Տիրոջ հետևյալ խոսքերին․ «․․․որովհետև Մարդու Որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու» (Ղուկաս 19․10)։

Եվ եթե Տեր Հիսուսի առաքելությունը կորսվածներին որոնելն է և նրանց փրկելը, ապա Նրա աշակերտների առաքելությունը՝ իմ և քո կյանքի նպատակը, պետք է լինի նույնը։ Տեր Հիսուսը Իր յուրաքանչյուր աշակերտի հանձնարարություն է տվել և խոստացել է ամեն օր մեզ հետ լինել, եթե մենք հավատանք Նրա խոսքերին ու ընդունենք Նրա հանձնարարությունը։

«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20):

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսպիսով, եթե ես և դու մաս ենք կազմում Քրիստոսի Մարմնի՝ Նրա տիեզերական Եկեղեցու, ապա պետք է այս երկրի վրա շարունակենք այն գործը, որը Նա անում էր երկրի վրա մարմնով եղած ժամանակ։ Եթե ես և դու մեր կյանքը նվիրել է ենք հանուն Քրիստոսի և Նրա Արքայության գործի ապրելուն, ապա պետք է աճենք, կրթվենք և ճիշտ ու աստվածահաճո կյանքի օրինակ դառնանք մեր շրջապատի մարդկանց համար։

Եվ ասվածը միայն հոգևոր կյանքին չի վերաբերում։ Ցավոք, մեր շրջապատում այնքա՜ն շատ են օրինակները, երբ մարդը կարծես ամեն ինչում հոգևոր ճիշտ ընթացքի մեջ է, սակայն ընտանիքում, աշխատանքի մեջ, ֆինանսների հանդեպ իր վերաբերմունքի մեջ կամ մեկ այլ ոլորտում ձախողվում է և իր սխալ վերաբերմունքով գայթակղություն լինում շրջապատի մարդկանց համար։

Աստված Իր զավակներին պարգևներ ու տաղանդներ է շնորհել։ Եվ որպես Աստծո զավակներ մեզ տրված բոլոր պարգևները պատկանում են Տիրոջը։ Դրանք մյուսներին ծառայելու համար են և, հիմնականում, դրսևորվում են եկեղեցու պատերից դուրս, երբ աշխատավայրում պետք է կարգապահության ու նվիրվածության օրինակ լինենք մյուսների համար․․․ Երբ գործարար աշխարհում պետք է հնազանդվենք երկրի օրենքներին և Աստվածաշնչի պահանջին համահունչ վճարենք բոլոր հարկերն ու մաքսերը՝ դրանով ի ցույց դնելով մեր արծաթասիրությունից ազատ վարքագիծը․․․ Երբ ընտանիքում պետք է լինենք ճիշտ մեզ Աստծուց տրված իշխանության ու պատասխանատվության դիրքում, չչարաշահելով այն և բոլորի հետ վարվելով սիրով ու գթասրտությամբ, ինչպես մեր երկնային Հայրը կվարվեր․․․

Եվ երբ մենք այս և նմանատիպ այլ քիչ բաների մեջ կայանում ենք ու դառնում հավատարիմ, քանի որ ներդրում ենք անում մեր կյանքի մեջ և ժամանակ ու միջոցներ տրամադրում որպես անհատներ ու մասնագետներ մեր աճի ու կայացման համար, ապա Աստված էլ սկսում է մեզ նոր ու ավելի զորավոր պարգևներ վստահել։ Նա Իրեն ծառայելու ավելի լայն հնարավորություններ է բացում մեր առջև և զորացնում մեզ մարդկանց կյանքերի վրա ավելի մեծ ազդեցություն թողնելու համար։

Դու պե՛տք ես Աստծուն։ Նա սիրում է քեզ անկախ քո կարգավիճակից ու հոգեվիճակից։ Սակայն Նրա Արքայության համար դու շատ ավելի օգտակար կլինես, եթե հասարակության մեջ դառնաս կայացած մարդ։ Կայացած՝ ոչ թե այս աշխարհի, այլ Աստծո Խոսքի սկզբունքներից բխող չափանիշներով։ Քո կյանքի մեջ ներդրում արա՛ հանուն ավելի արդյունավետ մշակ դառնալու․․․, հանուն նրա, որ մարդկանց համար Քրիստոսի իրական աշակերտի օրինակ դառնաս քո ընտանիքում, քո աշխատավայրում, քո շրջապատում, քո եկեղեցում և ամենուր։

Եվ երբե՛ք չհանձնվես։ Երբե՛ք չվախենաս սխալվելուց։ Աստված չի՛ բարկանում մեր սխալների վրա։ Աստված բարկանում է Իր Խոսքին հակառակվելու և գիտակցաբար չհնազանդվելու պարագայում։ Աստված գիտի, որ սովորելու ու կայանալու ընթացքը միշտ սխալներով ու ձախողումներով է անցնում։ Նա քո կողքին է։ Նա քեզ համար մեծ տեսիլք ու երազանք ունի։ Աղոթի՛ր։ Աղոթի՛ր ու խնդրի՛ր, որ Աստված Իր կամքը հայտնի քեզ։ Եվ երբե՛ք չվախենաս քո կյանքի մեջ ներդրում ունենալուց։ Եղի՛ր համարձակ։ Մնա՛ խոնարհ։ Ունեցի՛ր աճի ճիշտ շարժառիթներ և առաջ ընթացի՛ր։

Սեփական կյանքի ու հոգևոր կայացման գործում ներդրվող մարդը շատ ավելի արդյունավետ կերպով է հետագայում ներդրվում մյուսների կյանքը փոխակերպելու և նրանց կյանքում բարիք ու օրհնություն լինելու առաքելության մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս սովորել համարձակություն

Միայն պատկերացրու, թե ինչե՜ր կարող էիր անել, եթե Տերը Իր պարգևներով զիներ քեզ։ Խորհի՛ր քո ծառայության կամ կյանքի մասին, եթե քո միջոցով գործեին Աստծո Սուրբ Հոգու գերբնական պարգևները։ Աստված Իր Խոսքում մեզ հորդորում է խնդրել Իրեն հոգևոր պարգևների համար և փնտրել Իր երեսը։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/