Ինչպե՞ս սովորել համարձակությունՕրինակ

Ինչպե՞ս սովորել համարձակություն

ՕՐ 2 7-ից

Եղի՛ր համարձակ փոքր բաների մեջ։

Սիրելի՛ բարեկամ, երեկ անդրադարձանք այն խնդրին, թե ինչպես կարող ենք համարձակություն ձեռք բերել Տիրոջից խնդրելու և հավատքի կյանք ապրելու հարցում։ Իրականում, Աստված գիտի մեր թերություններն ու տկարությունները և մեզնից չի ակնկալում, որ մեկ օրում կամ մեկ աղոթքից հետո դառնալու ենք այս աշխարհի ամենաքաջ ու անվախ հավատացյալները։ Նա մեզ աճեցնում է հավատքի կյանքում։ Նա հմուտ ուսուցչի նման համբերատար կերպով պատրաստում է մեզ։ Նա չի թողնում, որ մեր ուժից վեր ծանրություններ վերցնենք։ Եվ սովորեցնում է նաև փոքր բաների մեջ հավատարմություն զարգացնելը։

«Հիսուսը նրանց ասաց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս սարին ասեք՝ «Այստեղից այնտե՛ղ փոխադրվիր», այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի» (Մատթեոս 17․20)։

Այս աստվածաշնչյան հատվածը մեզ սովորեցնում է, որ Աստծո համար այնքան մեծ կարևորություն չի ներկայացնում մեր հավատքի չափը, որքան դրա պարունակությունը։ Մանանեխի սերմը փոքր է, սակայն անգամ այդքան փոքր սերմը իր մեջ հսկա ծառ դառնալու ներուժ է կրում։

«Այն նման է մանանեխի հատիկի, որ երբ հողի մեջ է սերմանվում, աշխարհի վրա եղած բոլոր սերմերից էլ փոքր է։ Բայց երբ սերմանվում է, բուսնում է, բոլոր թփերից ավելի մեծ է լինում և այնքան մեծ ճյուղեր է արձակում, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարողանում են բույն դնել» (‭‭Մարկոս‬ ‭4․31-32‬‭)։

Իսկ այս հատվածից կարող ենք հասկանալ, որ քո հավատքը կարող է օգտակար լինել նաև այն մարդկանց, ովքեր պարզապես անցորդներ են քո կյանքում։ Նրանք կարող են արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանվելու համար համապատասխան զով ստվեր գտնել քո հավատքի կյանքի ճյուղերի տակ։

Այսպիսով, ինչպե՞ս է սկսվում քո հավատքի ճամփորդությունը։ Այո՛, այն սկսվում է փոքր բաներից։ Հավատքի կյանքը քաջության կյանք է։ Սակայն քո քաջության որոշումներն ու քայլերը դու կարող ես սկսել նախ փոքր բաներից։ Քչի մեջ հավատարիմ լինելը ճանապարհ է բացում ավելի զորավոր բաների համար։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված սպասում է քո հավատքի քայլերին։ Տերը ուզում է մարզել քեզ հավատքի կյանքում քաջ ու անվախ ընթացքի մեջ։ Որո՞նք են քո այն որոշումները, որոնք այսօր կարող են ուրախացնել Տեր Աստծո սիրտը։ Որո՞նք են քո այն պարզ ու հստակ քայլերը, որոնք արդեն բավական ժամանակ Աստված սպասում է, որ անես։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրս մեր սրտում գիտի այն հնարավորությունները, որոնք Աստված բերում է մեր հավատքի ճանապարհին։ Թույլ կտա՞ս Աստված ուսուցանի ու կրթի քեզ հավատքի կյանքում համարձակ որոշումներ կայացնելու մեջ․․․

Առաջարկում եմ միասին աղոթել ու խնդրել մեր Տեր Աստծուց, որպեսզի Նա օգնի մեզ զանազանելու Իր ընձեռած հնարավորությունները ու լինելու պտղաբեր մեր և մյուսների կյանքում։

Ե՛կ աղոթենք միասին․ «Իմ երկնային Հա՛յր, շնորհակալ եմ այն հավատքի համար, որ դրել ես մեր մեջ։ Շնորհակալ եմ, որ այդ հավատքի շնորհիվ ես կյանք ունեմ և Քո զավակն եմ համարվում։ Շնորհակալ եմ, որ հե՛նց հավատքի շնորհիվ է, որ կարող եմ համարձակորեն մոտենալ Քեզ և Քո շնորհի գահին։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որ կարողանամ քայլ առ քայլ աճել Քո կամքը ճանաչելու և Քո կամքին հնազանդվելու գործում։ Ես ուզում եմ դառնալ այնպիսի անձնավորություն, որը Դու ես ուզում, որ լինեմ․․․, ապրել այնպիսի կյանքով, որը կուրախացնի Քո սիրտը։ Ես Քոնն եմ, իմ Տե՛ր, և իմ կյանքն ամբողջությամբ Քեզ է պատկանում։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս սովորել համարձակություն

Միայն պատկերացրու, թե ինչե՜ր կարող էիր անել, եթե Տերը Իր պարգևներով զիներ քեզ։ Խորհի՛ր քո ծառայության կամ կյանքի մասին, եթե քո միջոցով գործեին Աստծո Սուրբ Հոգու գերբնական պարգևները։ Աստված Իր Խոսքում մեզ հորդորում է խնդրել Իրեն հոգևոր պարգևների համար և փնտրել Իր երեսը։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/