Ինչպե՞ս սովորել համարձակությունՕրինակ
Եղի՛ր համարձակ հստակ լինելու հարցում։
Սիրելի՛ բարեկամ, ե՞րբ ես վերջին անգամ խնդրել Աստծուն այնպիսի մի կարիքի համար, որը շատ սովորական մի բան է եղել, շատ հասարակ ու ակնհայտ, որը նախկինում երբևէ չես էլ մտածել, որ կարող ես Աստծուց խնդրել։
Հրաշքների մասին մեր պատկերացումները մեզ հաճախ ստիպում են մտածել, թե Աստծուն պետք է խնդրել միայն տպավորիչ բաների համար։ Սակայն Աստված Իր Խոսքի միջոցով նպատակ ունի փոխելու մեր պատկերացումները Իրենից միայն հրաշքներ կամ տպավորիչ միջամտություններ խնդրելու վերաբերյալ․
«Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիս 4․6)։
Աղոթել ամեն բաների համար… Աղոթել ցանկացած իրավիճակում և ցանկացած խնդրի համար․․․ Մենք պետք է սովորենք մեզ անհանգստացնող իրավիճակներն ու խնդիրները ներկայացնել Աստծուն։ Եվ այդ անելու մեջ երբե՛ք չպետք է վախենանք շատ հստակ լինելուց՝ մեր ակնկալիքը Աստծուց պարզ ու հասկանալի, ինչպես նաև առանց տողատակերի ներկայացնելուց։
Ահա նման հստակ խնդրանքի մի հրաշալի օրինակ կույր մուրացկան Բարտիմեոսի կողմից.
«Նա իր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։ Կույրը պատասխանեց Նրան. «Ռաբբո՛ւնի, ուզում եմ տեսնել»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու հետևեց Հիսուսին» (Մարկոս 10․50-52)։
Տեր Հիսուսը շատ լավ գիտեր Բարտիմեոսի խնդիրը, սակայն Նա հարցրեց, որպեսզի վերջինիս շարադրի ու հստակ ասի իր ուզածը։ Օրինակ, նման մուրացկանները «Ի՞նչ ես ուզում․․․» հարցին, կարող են պատասխանել, որ բավականաչափ մեծ գումար կուզեին ստանալ կամ մեկ այլ բան իրենց կյանքի ծանր իրավիճակը բարելավելու համար։
Սակայն․․․
- Բարտիմեոսը համարձակվեց խոսել իր խնդրի մասին…
- Նա բաց չթողեց իրեն ընձեռված հնարավորությունը․․․
- Իսկ Տեր Հիսուսը պատասխանեց նրան ունեցած հավատքի համեմատ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես այսօր օրվա ընթացքում հատուկ աղոթք եմ անելու քեզ համար, որպեսզի կարողանաս առողջ մտքով ու սթափ դատողությամբ, ինչպես նաև Աստծո Սուրբ Հոգու ուղղորդմամբ բացահայտել ու հասկանալ, թե իրականում ի՞նչ ես ուզում քո կյանքում։ Ինչպես նաև աղոթելու եմ, որպեսզի քո կարիքները բացահայտելուց ու տեսնելուց հետո քաջություն ունենաս պարզ ու անկեղծ աղոթք ուղղելու Տեր Աստծուն և խնդրելու, որպեսզի Նա հոգա քո այդ կարիքները, անգամ եթե դրանք տպավորիչ հրաշքներ չեն կամ հասարակ բաներ են, որոնց կարիքը, սակայն, դու շատ ես զգում։
Եթե դու հավատում ես Աստվածաշնչի խոսքերին, պատմություններին ու փոխանցած սկզբունքներին․․․ Եթե հավատում ես Քրիստոսին և որոշում ես կայացրել ապրելու Նրա փոխանցած սկզբուքներով, ապա դու Աստծո ընտանիքի մի մասնիկն ես։ Եվ քո երկնային Հայրը մեծ փափագով սպասում է, որպեսզի Իրենից խնդրես, որ միջամտի ու օգնի քեզ քո ցանկացած հոգսի պարագայում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Միայն պատկերացրու, թե ինչե՜ր կարող էիր անել, եթե Տերը Իր պարգևներով զիներ քեզ։ Խորհի՛ր քո ծառայության կամ կյանքի մասին, եթե քո միջոցով գործեին Աստծո Սուրբ Հոգու գերբնական պարգևները։ Աստված Իր Խոսքում մեզ հորդորում է խնդրել Իրեն հոգևոր պարգևների համար և փնտրել Իր երեսը։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/