Հռոմեացիներին 12:3-12

Հռոմեացիներին 12:3-12 ՆՎԱԱ

Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։ Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազում անդամներ ունենք, և այդ բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։ Միայն թե զանազան պարգևներ ունենք ըստ այն շնորհի, որ մեզ տրված է. եթե դա մարգարեության շնորհն է, թող հավատի չափով գործածի, եթե ծառայության, թող ծառայության մեջ լինի, եթե մեկը ուսուցանող է, թող ուսուցանելու մեջ լինի, թե հորդորող է, հորդորանքի մեջ, թե բաշխող է, թող զվարթությամբ կատարի, թե վերակացու է կարգված, ջանասիրությամբ, թե ողորմած է, ուրախությամբ, թող սերը առանց կեղծիքի լինի. չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք։ Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։ Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք։ Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։